Կրծքով կերակրելու սենյակ

Ինչպես ազատվել ավելորդ քաշից, երբ կերակրում ես:


Դուք մենակ չեք այս հարցի պատասխանը որոնելու գործում: Ծննդաբերելուց հետո շատ կանայք ցանկանում են վերադառնալ նախքան հղիությունը ունեցած իրենց քաշին և մարմնին: Հիշեք, որ ձեր հղիության քաշը մեկ օրում չեք հավաքել և, բնականաբար, չեք կարող այն մեկ օրում կորցնել: Իրականում դուք քաշ եք հավաքել, որ ձեր երեխային կերակրելու համար բավարար պաշար ունենաք:

Կրծքով կերակրող մայրերը ավելի շատ են քաշ կորցնում ծննդաբերելուց երեքից վեց ամիս հետո, քան արհեստականով կերակրողները, որոնք կարող են նույնիսկ ավելի քիչ կալորիականությամբ սնունդ ընդունել: Մեկ այլ ուսումնասիրություն, որը հետազոտել էր մայրերին ծննդաբերելուց մեկ ամիս անց, ցույց է տալիս, որ ամբողջությամբ կամ մասնակի կրծքով կերակրող մայրերի գոտկատեղը ավելի նիհար է, և նրանք ավելի քիչ քաշ ունեն, քան այն մայրերը, որոնց երեխաները միայն արհեստականով են սնվում:

Առավել անվտանգ է սկսել նպատակադրված քաշ կորցնել ծննդաբերելուց գոնե երկու ամիս հետո, քանի որ ձեր մարմինը վերականգնվելու և կաթի առաջարկ ձևավորելու կարիք ունի: Շատ մայրեր առաջին ամիսներին քաշ են կորցնում նորմալ սննդակարգ պահելով և ուտելով, երբ իրոք սոված են: Եթե դուք դադարել եք քաշ կորցնել կամ հավաքում եք քաշ ծննդաբերությունից մի քանի ամիս անց, խորհրդակցեք ձեր բժշկի հետ, թե ինչպես կարող եք ֆիզիկապես ավելի ակտիվ լինել և իջեցնել օրական կալորիաների թիվը 100-ով: Ամեն օր երեխայի հետ սայլակով կամ սլինգով կես ժամ քայլելը  կօգնի ձեզ ազատվել քաշից և մաքուր օդ շնչել:

Շաբաթական կես կիլոգրամ քաշ կորցնելը՝ օրական ստանալով 1500-ից 1800 կալորիա, կբարձրացնի ձեր ինքնազգացումը և կապահովի բավարար էներգիա երեխայի մասին հոգ տանելու համար: Ձեր կաթի բաղադրությունը իրականում այնքան էլ կապ չունի ձեր սննդակարգի հետ: Նույնիսկ սովի ժամանակ մայրերը կարող են ունենալ կաթ, որը սննդային իմաստով իդեալական է իրենց երեխաների համար: Ամեն դեպքում, ձեր առողջությունը կարող է տուժել, եթե ձեր պաշարները շատ են օգտագործվում կաթ արտադրելու համար: Երեխայի խնամքը շատ էնէրգիա է պահանջում, այնպես որ համոզվեք, որ ուտում եք, երբ սոված եք, և խմում եք, երբ ծարավ եք:

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են սկսել ազատվել ավելորդ քաշից պետք է խորհրդակցեն իրենց բժշկի հետ բացառելո համար ցանկացած առողջական խնդիր, որի դեպքում հակացուցված է դիետա պահելը կամ մարզվելը:

Աղբյուրը՝ La Leche League International

Թարգմանված է՝ https://www.llli.org/faq/diet.htmll

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

<a href=”https://www.freepik.com/free-photo/fork-centimeter-tape-slimming-concept_10450694.htm#page=2&query=lose%20xeight&position=37&from_view=search&track=ais”>Image by pereslavtseva</a> on Freepik