Քնկոտ երեխա


p_101525678

Նախաբան

Կերակրել ըստ պահանջի, այո, “բայց” … 

Այս խորհուրդը շատ ճիշտ է երեխաների մեծամասնության համար: Սակայն եթե բոլոր մայրերը հետևեն այս խորհրդին տառ առ տառ, նրանք խելոք կսպասեն, որ երեխան ինքը պահանջի կերակրումը: Ցավոք սրտի կան երեխաներ որոնք պահանջկոտ չեն, շատ են քնում կամ շատ շուտ սկսում են քնել ամբողջ գիշերվա ընթացքում առանց արթնանալու: Ինչքան քիչ ուտի երեխան, այնքան քիչ քաշ նա կհավաքի և կսկսի խնաել իր ուժերը` ավելի շատ քնել, քիչ լացել Սա կարող է խիստ անդրադառնալ նրա քաշի վրա: 

Ինչպես նշում է Լա Լեչ Լիգը “մայրը, որի երեխան ուտում է ըստ պահանջի, կունենա բավականաչափ կաթ իր երեխայի համար… բայց այն պայմանով, որ երեխայի պահանջը լինի բավարար, զգացվի մայրիկի կողմից, որ երեխան կուրծքը ճիշտ բռնի և կարողանա ավարտել իր ուտելը

Այսպիսով մայրիկները պետք է զգոն լինեն երեխայի քնի նկատմամբ:  


Փոքրիկը, ով նորածնային շրջանում (ծնունդից մինչև 6 շաբաթական) հաճախակի ու երկարատև քնում է, թվում է ծնողներին լավ, հանգիստ, բավարարված և հարմար երեխա: Այսպիսի փոքրիկը երկար քնում, քիչ լացում և մշտապես բավարարված ու գոհ է լինում: Հանգիստ երեխան կարող է ուժեղ և լիովին առողջ փոքրիկ լինել, և հիանալի կուրծք ուտել, սակայն շատ հաճախ Լա Լեչե Լիգայի (ԼԼԼ) առաջատարները և լակտացիայի հարցերով խորհրդատուները բախվում են երեխայի առողջության, երբեմն էլ կյանքի համար վտանգավոր երևույթի: Հանգիստ երեխան կարող է նաև քիչ և թույլ քաշել կաթը և այդ պատճառով աճի և զարգացման համար բավարար քանակով կաթ չստանալ: Սննդի և հեղուկի պակասի պատճառով երեխան կարող է ավելի լավ, հանգիստ ու բավարարված դառնալ: Իրականում երեխան պարզապես թուլանում է՝ ավելի քիչ ուտում և հետևաբար ավելի շատ քնում: Այս ամենին գումարած, թերսնուցման պատճառով, փոքրիկի մոտ կարող է դեղնություն կամ հիպոգլիկեմիա զարգանալ, ինչն էլ հանգեցնում է ավելի մեծ քնկոտության: Հազվադեպ կամ ոչ արդյունավետ կերակրումների հետևանքով երեխան չի ստանում անհրաժեշտ սննդարար նյութերը և հեղուկները: Այս երևույթը հանգեցնում է երեխայի օրգանիզմի ջրազրկմանը: Քնկոտության և հազվադեպ ուտելու նմանատիպ լուրջ հետևանքները, որպես կանոն, պահանջում են ոչ միայն բժիշկների անհապաղ միջամտություն, այլ շատ դեպքերում նաև երեխայի հոսպիտալացում:

Ինչպես է իրեն պահում սովորական նորածինը: Առողջ և կյանքին լավ հարմարված, ինտեգրված նորածին փոքրիկը կարող է թվալ անտանելի և բարդ: Այսպիսի փոքրիկը հաճախակի արթնանում և անընդմեջ կուրծք է ուտում: Որոշ գիտնականներ համարում են, որ նորածինը գրեթե անընդմեջ պետք է մոր կուրծքը ծծի: Որոշ մշակույթներում նորածինները ուտում են կուրծքը գրեթե ամեն 13-15 րոպեն մեկ: Փոքրիկները, ովքեր ծնվել են բարենպաստ և ոչ սթրեսային պայմաններում, առանց ծննդաբերության մեջ միջամտությունների Տոկիոյի հիվանդանոցներում կուրծք են ուտում մոտավորապես ամեն ժամը մեկ: Այսպիսի հաճախակի կերակրումները իրենց բացատրությունն ունեն. Նորածնի ստամոքսը մոտավորապես իր փոքրիկ բռունցքի չափ է, իսկ մայրական կաթը շատ արագ է մարսվում: Հաճախակի կերակրումները թույլ են տալիս փոքրիկին մեծ ծավալով կաթ ստանալ փոքր չափաբաժիններով:

Հազվադեպ ուտելը նպաստում է առողջական մի շարք խնդիրների առաջացմանը և խանգարում է կրծքով կերակրման գործընթացի ճիշտ ձևավորմանը:

Հազվադեպ կերակրումների հետևանքները՝

  • Երեխան կարող է չստանալ առողջության համար անհրաժեշտ խեժը: Խեժը կենտրոնացված սննդարար հեղուկ է, որը նաև պաշտպանում է երեխային վարակներից:
  • Երեխային ավելի դժվար է քաշել կուրծքը կաթնարտադրությունից հետո: Ծննդաբերությունից հետո առաջին օրերին երեխան սովորում է քաշել դեռևս փափուկ կուրծքը: Դա հատկապես կարևոր է, եթե մոր պտուկները տափակ և ներս ընկած են: Կաթնարտարությունից հետո հաճախակի կրծքին դնելը օգնում է խուսափել կրծքի ցավոտ կոշտացումից, այդպես նաև հեշտ է փոքրիկի համար, քանի որ կուրծքը համեմատաբար փափուկ է մնում:
  • Մեծանում է նորածնի մոտ խորացված դեղնության վտանգը, որը պահանջում է բժշկական միջամտություն: Բիլիրուբինը, որը մաշկին դեղին գույն է հաղորդում, պարունակվում է մեկոնիում կոչվող նյութի մեջ, որը երեխայի ծնվելուց հետո դուրս է գալիս որպես առաջին կղանք: Հաճախակի կերակրումները նպաստում են աղիների հաճախակի գործմանը և օրգանիզմից բիլիրուբինի ավելցուկի դուրս բերմանը:
  • Մեծանում է հետծննդյան արյունահոսության վտանգը մոր մոտ և հետաձգվում է ընկերքի շերտազատումը: Հաճախակի կերակրումները նպասում են արգանդի կծկումներին:
  • Մեծանում է կրծքերի ցավոտ ուռածության վտանգը: Որքան հաճախ է երեխան ուտում, այնքան քիչ է կոշտանում կուրծքը:
  • Հետաձգվում է կաթնարտադրությունը: Հաճախակի կերակրումները խթանում են կարթնարտադրութունը:
  • Մեծանում է փոքրիկի քաշի նվազման վտանգը: Եթե երեխան հազվադեպ է կուրծք ուտում,հետևաբար քիչ քանակությամբ կաթ է ստանում:
  • Մեծանում է հիպոգլիկեմիայի վտանգը: Անբավարար սնուցումը հանգեցնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի նվազմանը, որը ծանր դեպքերում բերում է քնկոտության, թուլության, ուժեղ քրտնարտադրության, հաճախակի ցնցումների, դողի, կերակրումից հրաժարման, առաջացնում է կուրծք ուտելու հետ կապված դժվարություններ, հանգեցնում է վատ շնչառության և երեխայի սփրթնածության:
  • Մեծանում է երեխայի չկշտանալու վտանգը, և որպես հետևանք՝ դանդաղում է նորմալ աճը և զարգացումը:
  • Կարող է պակասել մոր կաթը: Կաթնարտադրությունը գործում է առաջարկ և պահանջարկ սկզբունքով: Որքան հաճախ է երեխան ուտում, այնքան շատ կաթ է արտադրվում: Հետևաբար հազվադեպ կերակրումները հանգեցնում են կաթի քիչ արտադրության: Կրծքով կերակրելու գործընթացի ճիշտ ձևավորման համար հատկապես կարևոր է նորածնային շրջանը:
  • Խանգարում են մորը և երեխային ընտելանալ միմյանց երեխայի կյանքի առաջին շաբաթներին: Հաճախակի կերակրումները ստիպում են մորը և երեխային համակեցության հասնելու ուղին գտնել:

 

Ինչու է երեխան քնկոտ և հետաքրքրված չէ կուրծք ուտելու մեջ

  • Դժվար ծննդաբերությունը, ինչպես նաև ծննդաբերության ընթացքում օգտագործված դեղորայքը կարող են առաջացնել երեխայի մոտ քնկոտություն և կուրծք քաշելու հարցում անտարբերություն: Հնարավոր է նաև, որ երեխան անկարող լինի համակարգել, կոորդինացնել ծծելը, կուլ տալը և շնչելը:
  • Բժշկական պատճառները, օրինակ՝ դեղնությունը կամ վարակները:
  • Նորածինները,ովքեր դեղնություն ունեն, հատկապես նրանք, ովքեր խեժի փոխարեն ստացել են գլյուկոզայի լուծույթ: Ոչ ջուրը, ոչ էլ գլյուկոզան չեն նպաստում օրգանիզմից բիլիրուբինի հեռացմանը: Բիլիրուբինը երեխայի օրգանիզմից դուրս է գալիս փոքրիկի կղանքի հետ: Խեժը թուլացնում և խթանում է աղիների գործմանը և չի թողնում, որ այն ներծծվի արյան մեջ:
  • Կրծքի սխալ բռնելը կարող է հանգեցնել անտարբերության և քնկոտության: Կրծքի ճիշտ բռնելը օգնում է երեխային ավելի լավ քաշել կաթը:
  • Կաթնարտադրությունից հետո երեխային կարող է դժվար լինել բռնել կուրծքը: Ուռած կուրծքը դժվար է քաշել: Այս դեպքում անհրաժեշտ է մի փոքր կթել, որպեսզի երեխայի համար հեշտ լինի կուրծքը բռնել:
  • Շատ պայծառ լույսի կամ բարձր ձայների պատճառով երեխան կարող է անջատվել և քնել:

Քնկոտ երեխային պարտադիր պետք է արթնացնել և կերակրել: Երեխան պետք է սովորի կուրծք ուտել, սովորի քաղցի, ստամոքսի տհաճ զգացումների, կուրծք ուտելու և հագենալու միջև կապը զգալ: Եվ որ ամենակարևորն է՝ երեխային պետք է հնարավորություն տրվի աճի և զարգացման համար անհրաժեշտ քանակությամբ կաթ ստանալ: Ամերիկյան մանկաբույժների ասոցացիան խորհուրդ է տալիս կերակրել երեխաներին օրվա ընթացքում ամենաքիչը 8-12 անգամ: Այս պահի դրությամբ թույլատրվում է, երբ երեխան անընդմեջ քնում է 4-ից 5 ժամ օրվա ընթացքում: Հակառակ սպասումներին, կերակրումների հաճախականությունը օրվա ընթացքում կարող է անհավասարաչափ բաշխվել: Շատ փոքրիկներ առավոտյան ավելի քիչ են ուտում քան երեկոյան:

Ինչպես արթնացնել քնկոտ երեխային

  • Ուշադրություն դարձրեք ձեր փոքրիկի առանձնահատկություններին: Տարբեր երեխաներ տարբեր կերպ են արձագանքում լույսին, ձայներին, հպումներին: Յուրաքանչյուր մայրիկ արագորեն նկատում է, թե կոնկրետ ինչին է արձագանքում իր երեխան: Համոզվեք, որ երեխան առողջ է և որ քնկոտությունը կամ կուրծք քաշելու անկարողությունը կապված չեն որևէ հիվանդության հետ: Եթե առողջ երեխան չի արթնանում նախորդ կերակրումից 2-3 ժամ հետո, թույլ տվեք, որ նա քնի ևս 30-60 րոպե, այնուհետև փորձեք արթնացնել և կերակրել երեխային:
  • Ավելի հեշտ է արթնացնել երեխային այն ժամանակ. Երբ նա գտնվում է թեթև կամ մակերեսային քնի մեջ: Այդ վիճակում փոքրիկի կոպերը, ձեռքերը, ոտքերը շարժվում են:    Փոքրիկի դեմքը ծամածռվում է, ասես երազ է տեսնում:
  • Ավելի հեշտ է կերակրել երեխային թույլ լույսի ներքո: Փոքրիկները հաճախ են փակում աչքերը, երբ սենյակում լուսավոր է լինում:
  • Մի փաթաթեք երեխային: Եթե սենյակում տաք է, հանեք շորերը, թողնելով միայն տակդիրը: Եթե սենյակի ջերմաստիճանը 27 աստիճանից բարձր է երեխաները ավելի վատ են սկսում քաշել կուրծքը:
  • Նայեք երեխայի աչքերի մեջ, խոսեք նրա հետ:
  • Փորձեք նստեցնել երեխային ծնկների վրա:
  • Պառկեցրեք փոքրիկին չոր ու տափակ հարթության վրա:
  • Շփեք երեխայի մեջքը կամ մատներով շոշափեք փոքրիկի ողնաշարը:
  • Փոխեք տակդիրը:
  •  Շփեք փոքրիկի ձեռքերն ու ոտքերը:
  • Մերսեք երեխային, կամ լողացեք միասին: Հանեք նրա շորերը և պառկեցրեք նրան ձեր մաշկի վրա:
  • Սրբեք երեխայի երեսը խոնավ սրբիչով:
  • Դիպեք երեխայի շուրթերին:
  • Ձեր կաթից մի փոքր քսեք երեխայի շուրթերին:

 

Աջակցություն ցուցաբերեք կուրծք քաշելու հարցում

  • Այնպես պահեք կուրծքը, որ այն չսեղմի երեխայի կզակին:
  • Կերակրման ընթացքում մի քանի անգամ ռիթմիկ կերպով սեղմեք կուրծքը:
  • Երբ երեխան կավարտի ուտելը առաջարկեք նրան մյուս կուրծքը:
  • Թույլ տվեք, որ երեխան գխտա կամ փոխեք տակդիրը:
  • Փորձեք կերակրել պահելով երեխային ձեր թևատակից:
  • Կերակրելու ընթացքում մերսեք փոքրիկի ծոծրակը:

Երբ է քնկոտությունը վտանգավոր

Եթե ձեր երեխայի մոտ քնկոտությունից բացի առկա են հետևյալ ախտանշանները՝ անհապաղ դիմեք բժշկի կամ կրծքով կերակրման մասնագետի օգնությանը: Առաջին իսկ հնարավորության դեպքում սկսեք կթել կաթը: Անկախ երեխայի տարիքից և ստեղծված իրավիճակից կերակրեք երեխային կթած կաթով մասնակի կամ ամբողջովին:

Երեխան դժվարությամբ է արթնանում

  • Թույլ լաց
  • Թուլացած մաշկ
  • Չորացած բերան կամ աչքերի լորձաթաղանթ
  • Մեզի մինիմալ քանակություն (24 ժամվա ընթացքում 2-ից պակաս թաց տակդիր )
  • Արտափքված գաղթուն
  • Ջերմություն

Եթե դուք կասկածներ ունեք երեխայի շատ քնելու և վատ ուտելու վերաբերյալ, ապա անհապաղ դիպեք բժշկի, կրծքով կերակրման մասնագետի կամ փորձառու մայրիկի օգնությանը: Ավելի լավ է ավելորդ անգամ ապահովագրվել քան կասկածներով տառապել:

Աղբյուրը՝  http://www.llli.org/russian/oa/sleepy.html, https://allaiterbonheuretraison.wordpress.com/2013/07/13/allaitement-a-la-demande-oui-mais/

Թարգմանեց՝ Թամարա Միսկարյանը
Շնորհակալություն Ռոզա Սարգսյան Ֆենդերին օգնության համար

 


Թե ինչու չի կարելի նորածիններին կերակրել շշով
9 ամսականի ճգնաժամը. Կրծքից ինքնակամ կտրվելը, մինչև երեխայի մեկ տարեկանը