Ինչ անել երբ երեխան հիվանդանում է – քիթ, կոկորդ…


common cold

Աշնանը և ցուրտ եղանակին շատերն են հիվանդանում վերին շնչառական ուղիների՝ քթի և կոկորդի վարակիչ հիվանդություններով: Այս հիվանդությունները կարող են ուղեկցվել փռշտոցով, կոկորդի ցավով, հազով, սակայն ի տարբերություն գրիպի՝ բարձր ջերմությունը և հոգնածությունը հազվադեպ երևույթներ են: Բացի վերը թվարկածներից, վերին շնչառական ուղիների հիվանդության ժամանակ կարող են թրջվել աչքերը, փակվել կամ հոսել քիթը, առաջանալ գլխացավ, թեթև դող, մկանային ցավ, ախորժակի կորուստ կամ այս բոլորը միասին: Քթից արտադրությունը կարող է լինել ջրիկ կամ թանձր և ունենալ դեղին կամ կանաչ գույն:

Տարածված կարծիքը է, թե մարդիկ հիվանդանում են ցուրտ եղանակին տաք չհագնվելու, միջանցիկ քամու տակ գտնվելու կամ թաց մազերով տանից դուրս գալու պատճառով, սակայն դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ հիվանդության պատճառը հիմնականում վիրուսներն են: Սակայն դուք ավելի հեշտությամբ կվարակվեք վիրուսային հիվանդությամբ, եթե հոգնած եք, սթրես եք ապրում կամ շնչառական ուղիներում արտահայտվող ալերգիա ունեք:

Ինչպես արդեն նշեցինք, վերին շնչառական ուղիների հիվանդությունների հիմնական պատճառը վիրուսներն են: Չնայած նրան, որ ավելի քան 200 տարբեր վիրուսներ կարող են առաջացնել նման հիվանդություն, ամենատարածվածը ռինովիրուսներն: Մարդու իմունային համակարգը կարող են թուլացնել ավելի քան 100 տեսակի ռինովիրուսներ, և այս պատճառով շնչառական ուղիների հիվանդությունները կարող են շատ տարբեր ախտանիշներ ունենալ:

Թե՛ սենյակի, թե՛ դրսի չոր օդը կարող են նպաստել հիվանդանալուն՝ նվազեցնելով օրգանիզմի դիմադրողականությունը վիրուսների նկատմամբ: Ակտիվ և պասիվ ծխողների մոտ վիրուսային հիվանդությամբ վարակվելու հավանականությունն ավելի մեծ է: Ընդ որում, նրանց մոտ հիվանդությունը կարող է խորանալ և բարդությունների հանգեցնել՝ առաջացնելով բրոնխիտ կամ թոքաբորբ:

Ամենահաճախ հիվանդացողները երեխաներն են, որոնց համար տարվա մեջ 6-10 անգամ հիվանդանալը նորմալ երևույթ է: Երեխաների իմունային համակարգը դեռ ամբողջովին զարգացած չէ, և նրանք ձեռք չեն բերել դիմադրողականություն տարբեր վիրուսների նկատմամբ: Մեծահասակները նույնպես կարող են վարակվել վիրուսային հիվանդությամբ (տարեկան 2-3 անգամ), եթե հանդիպել են վիրուսի նոր տեսակի կամ եթե նրանց դիմադրողականությունն ընկած է:

 

Ո՞րքան երկար է հիվանդը վարակիչ լինում այլ մարդկանց համար

Շնչուղիների վարակիչ հիվանդության դեպքում հիվանդն առավել վարակիչ է ախտանիշների ի հայտ գալուց հետո 2-4 օր և կարող է շարունակել վարակիչ մնալ 3 շաբաթ: Վարակը փոխանցվում է անմիջական շփման կամ օդային ճանապարհով, եթե օդում առկա են փռշտոցի, հազի կամ խոսելու հետևանքով արտազատված վիրուսային մասնիկներ: Վարակակիր մակերևույթին (հեռախոս, խաղալիք, սպասք, սրբիչ…) դիպչելուց հետո նույն ձեռքով քթին կամ բերանին դիպչելը նույնպես կարող է հիվանդության տարածման պատճառ դառնալ:

 

Կարո՞ղ է արդյոք կրծքի կաթով սնվող երեխան հիվանդանալ

Այո, կարո՛ղ է: Սակայն հավանականությունը, որ նա չի հիվանդանա շատ ավելի մեծ է: Երբ կրծքով կերակրող մայրը հիվանդանում է, նա շատ արագ սկսում է արտադրել հակամարմիններ իր հիվանդության հարուցիչի դեմ և կաթի միջոցով դրանք փոխանցել երեխային: Այսպիսով, մինչև վատառողջ զգալը և գիտակցելը, որը հիվանդացել է, մայրը կարող է վարակիչ լինել իր երեխայի համար, սակայն միևնույն ժամանակ իր հիվանդության դեմ հակամարմիններ փոխանցել նրան կաթի միջոցով: Այս պատճառով անիմաստ է դադարեցնել կերակրելը վատառողջ զգալու դեպքում: Ընդհակառակը, հիվանդ մայրը պետք է ավելի հաճախ կերակրի իր երեխային. որքան շատ մայրական կաթ ուտի երեխան, այնքան ավելի շատ իմունային գործոններ նա կստանա և ավելի հեշտ ու արագ կհաղթահարի հիվանդությունը:

Սակայն պետք է հիշել, որ մայրական կաթը հրաշքներ գործել չի կարող, և կրծքով սնվող երեխան կարո՛ղ է հիվանդանալ: Եթե հիվանդ են տան այլ անդամները, այլ ոչ թե մայրը, ապա երեխան այդ հիվանդության հարուցիչի դեմ հակամարմիններ չի ստանա, և նրա հիվանդանալու հավանականությունը կբարձրանա:

 

Կանխարգելիչ միջոցներ

Little sick girl sneezing onto her sleeve because of sickness or allergies

Վարակիչ հիվանդություններից պաշտպանող դեղամիջոց գոյություն չունի: Այն կանխարգելելու համար կարելի է անել հետևյալը.

  • խուսափել ծխող կամ հիվանդ մարդկանց հետ շփումից,
  • հաճախ և լավ լվանալ ձեռքերը,
  • հազալիս կամ փռշտալիս թևքով (այլ ոչ թե ձեռքով) փակել քիթը և բերանը,
  • չօգտվել հիվանդի սպասքից և սրբիչից:

Հետազոտությունները չեն ապացուցել ցինկի կամ վիտամին C օգտագործման առավելությունները հիվանդության կանխարգելման հարցում: Հնարավոր է, որ դրանց ընդունումը հիվանդության նախանշանների ի հայտ գալուն պես կրճատի հիվանդության տևողությունը, սակայն կանխարգել հիվանդությունը ո՛չ ցինկը, ո՛չ էլ վիտամին C-ն չեն կարող, մինչդեռ դրանց ամենօրյա ընդունումը մեծ չափաբաժիններով կարող է բացասական հետևանքներ ունենալ: Ինչ վերաբերվում է դեղաբույսերով բուժմանը, ապա ըստ վերջին հետազոտությունների դրանց ազդեցությունը կա՛մ բացասական է, կա՛մ ոչ էական: Հիշե՛ք. անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ նախքան որևէ դեղի կամ վիտամինի սահմանված չափաբաժինը գերազանցելը կամ որևէ դեղաբույս երեխային տալը:

 

Ի՞նչ կարելի է անել երեխային պաշտպանելու համար, եթե կրծքով կերակրող մայրը հիվանդացել է

Եթե շատ անհանգիստ եք, որ կարող եք վարակել երեխային`

  • Խնդրեք որևէ մեկին, ով հիվանդ չէ, խնամել երեխային և կերակրել նրան ձեր կթած կաթով: Այս դեպքում երեխան կարող է խմել կա՛մ շշից, կա՛մ բաժակից, կա՛մ էլ ներարկիչի օգնությամբ:
  • Կրեք դիմակ երեխային կերակրելիս և խնամելիս: Հաճախ լվացեք ձեռքերը օճառով և օդափոխեք սենյակը: Կրծքով կերակրելիս կարող եք երեխային ծածկել որևէ ծածկոցով:
  • Տնական մեթոդներից է սենյակում կտրտած սխտոր դնելը: Սխտորի արդյունավետության մեխանիզմը դեռևս հայտնի չէ, բայց ենթադրվում է, որ նրա սուր հոտի համար պատասխանատու «ալիցին» կոչվող բաղադրիչը օգնում է պայքարել տարբեր տեսակի մանրէների դեմ:

 

Տևողություն

Մրսածության ախտանիշները սովորաբար հայտնվում են վարակվելուց 2-3 օր հետո: Հիվանդությունը հիմնականում տևում է մեկ, երբեմն՝ երկու շաբաթ:

 

Ի՞նչ անել, եթե կրծքով սնվող երեխան հիվանդացել է

“Ժամանակը բուժում է ամեն ինչ” արտահայտությունը թերևս մրսածության դեպքում տեղին է ասված: Բժշկությունն ի վիճակի չէ բուժել սովորական մրսածությունը, բայց կարող է մեղմել հիվանդության հետևանքով առաջացած մկանների ցավը կամ գլխացավը: Երեխային կարելի է տալ ացետամինոֆեն (պարացետամոլ) կամ իբուպրոֆեն՝ չափաբաժինը հաշվարկելով ըստ երեխայի քաշի և տարիքի: Եթե երեխան աշխույժ է և չի բողոքում, կարող եք ընդհանրապես խուսափել դեղամիջոց տալուց:

Թեև 2 տարեկանից բարձր երեխաներին կարելի է ասպիրին տալ, սակայն վիրուսային հիվանդությունների դեպքում ասպիրինը հակացուցված է, քանի որ մեծացնում է հազվադեպ հանդիպող, բայց հավանական մահվան ելքով Ռեյի համախտանիշի ռիսկը:

Երբ երեխան հիվանդ է, նա սովորականից շատ կուրծք ուտելու կարիք ունի, և պատահական չէ, որ հիվանդ երեխան անընդհատ պահանջում է լինել մոր գրկում և կուրծք ուտել: Մայրական կաթը և կուրծք ուտելը նրան տալիս են այն ամենը, ինչի կարիքը նա ունի հիվանդությունը հաղթահարելու համար՝ մայրիկի հանգստացնող քշքշանք, լիարժեք և դյուրամարս սնունդ, որը երբեմն միակ սնունդն է, որը հիվանդ փոքրիկի օրգանիզմը հեշտությամբ է մարսում: Հաճախ են հանդիպում հիվանդության ժամանակ պինդ սննդից հրաժարվող և բացառապես կրծքով սնվել ցանկացող երեխաներ:

Եթե երեխան հիվանդացել է, կրծքով կերակրելը կարող է մի փոքր բարդանալ, հատկապես եթե նրա կոկորդը ցավում է և քիթը փակ է. երեխայի համար դժվար է միաժամանակ և՛ շնչել, և՛ ուտել: Նույնը վերաբերվում է շշից սնվող երեխաներին: Այս դեպքում կարող եք անել հետևյալը`

  • Կրծքով կերակրելիս պահել երեխային ուղիղ դիրքով (Կրծքով կերակրման տասնհինգ դիրքեր) :
  • Գիշերը, բարձ դնել ձեր մեջքի ետևում և փորձել կերակրել/քնել կիսանստած դիրքով: Կարող եք նաև կերակրել ավստրալիական դիրքով, երբ մայրը պառկած է մեջքի վրա, իսկ երեխան պառկած է մոր վրա՝ փորը կպած մոր փորին:
  • Հաճախ կերակրել երեխային, որով նրան կփոխանցեք հիվանդության դեմ ձեր մարմնի կողմից արտադրվող հակամարմինները: Այն երեխաները, որոնց քիթը փակ է, կարող են կարճ ուտել, այնպես որ հաճախ կերակրելը նրանց կապահովի նաև բավարար սննդով:
  • Մաքրել երեխայի քիթը աղաջրով: Երեխային դրեք մեջքի վրա, յուրաքանչյուր քթանցքի մեջ կաթեցրեք 5 կաթիլ աղաջուր, սպասեք 1 րոպե և կերակրեք: Եթե երեխայի քթից արտադրություն կա, զգուշորեն մաքրեք քիթը մանկական ասպիրատորի օգնությամբ: Եթե երեխայի քիթը անընդհատ փակվում է, քիթը մաքրեք օրական մի քանի անգամ: Մաքրել պետք է կերակրելուց առաջ, քանի որ եթե մաքրեք ուտելուց հետո, երեխան կարող է հետ տալ կերածը: Տան պայմաններում աղաջուրը պատրաստելու համար լուծեք մեկ թեյի գդալ աղը 500մլ (2 բաժակ) տաք ջրի մեջ:
  • Խոնավացնել սենյակի օդը: Սենյակի օդը խոնավացնելու համար կարող եք լոգարանում բացել տաք ջրի ծորակը և երեխային կերակրել, երբ գոլորշին հավաքվի սենյակում: Բացի դրանից, երեխայի շնչուղիները բացելու համար կարող եք եռման ջրի մեջ կաթեցնել 2-3 կաթիլ նվենու (էվկալիպտի) էքստրակտ և դնել սենյակում՝ երեխայի համար անհասանելի տեղում:
  • Ձեր կթած կաթը երեխային տալ բաժակով, ներարկիչով կամ շշով, եթե երեխան չափազանց հոգնած է և չի ցանկանում կուրծք ուտել:
  • Երբեմն մայրերին խորհուրդ են տալիս դադարեցնել կրծքով կերակրելը՝ պատճառաբանելով, թե կաթնամթերքը նպաստում է լորձի արտադրմանը երեխայի օրգանիզմում: Սա սխալ է 2 առումով.
    • դուք կով չեք և ձեր կաթը կաթնամթերք չէ: Նույնիսկ եթե կաթնամթերքը վատ լիներ ձեր երեխայի համար, մայրական կաթին դա չեր վերաբերվի:
    • չկա ոչ մի գիտական հիմնավորում, որ կովի կաթը առաջացնում է լորձ:
  • Տալ հազը մեղմացնող դեղամիջոցներ կամ սառնաշաքար (միայն 3 տարեկանից մեծ երեխաներին):
  • Երեխայի համար կազմակերպել տաք լոգանք կամ դնել ջերմացնող թրջոց՝ ցավերը մեղմելու համար:
  • Շատ հեղուկ ընդունել: Շատերի պնդմամբ հավի մսի արգանակը և դրանով պատրաստված ապուրը բուժում են մրսածությունը: Գիտական հետազոտությունները բացատրում են սա նրանով, որ մրսածության ժամանակ երեխաները պետք է լավ սնվեն և խմեն շատ հեղուկ՝ ջուր, հյութ, արգանակ: Հիվանդության ժամանակ պետք է խուսափել կոֆեին պարունակող ըմպելիքներից, քանի որ դրանք կարող են միզամուղ էֆեկտ ունենալ և հանգեցնել ավելորդ ջրազրկման:

Հիշե՛ք, որ հակաբիոտիկները պայքարում են մանրէների, այլ ոչ թե վիրուսների դեմ և, հետևաբար, վիրուսային վարակի դեպքում բացարձակ անիմաստ է հակաբիոտիկ ընդունելը:

Ե՞րբ ահազանգել բժշկի

Բժիշկը թերևս չկարողանա բացահայտել վիրուսի տեսակը, բայց զննելով երեխային, կ համոզվի, որ երեխայի մոտ բացակայում են այլ հիվանդությունների (թոքաբորբ, բրոնխիտ և այլն) ախտանիշները: Եթե հիվանդի վիճակը վատանում է հիվանդանալուց 3 և ավել օր հետո, ապա դա կարող է լինել ոչ սովորական հիվանդություն:

Եթե ախտանիշները պահպանվում են մեկ շաբաթից ավելի երկար, կամ հայտնվում են ամեն տարի նույն ժամանակահատվածում, կամ ի հայտ են գալիս երեխայի փոշու կամ կենդանիների հետ շփվելիս, ապա հնարավոր է, որ երեխայի մոտ ալերգիա է:

Հարկավոր է դիմել բժշկի, եթե կարծում եք, որ երեխայի վիճակը վատթարանում է, կամ եթե առկա են հետևյալ նշանները՝

  • շնչահեղձություն, երբ շնչելուց լսվում է շվվոց, կամ եթե երեխայի մոտ անդադար հազ է (սրանք կարող են մանկական ասթմային նշան լինել),
  • գլխացավի, կոկորդի ցավի սաստկացում,
  • հազալուց մեծ քանակի լորձի առկայություն,
  • տենդ 39.3˚C և ավելի բարձր ջերմության դեպքում կամ տենդ 38.0˚C և ավելի բարձր ջերմության դեպքում, որ տևում է մեկ օրից ավել երկար,
  • կրծքավանդակի կամ ստամոքսի ցավեր, փսխում,
  • ականջի ցավ,
  • եթե երեխան հրաժարվում է հեղուկներից և միզում է սովորականից քիչ:

 

Կաթի ժամանակավոր նվազումը հիվանդության ժամանակ

Շատ մայրեր նկատում են, որ հիվանդանալիս նրանց մոտ քչանում է կաթը: Դրան կարող է նպաստել մայրիկի ախորժակի անկումը, և դրանով պայմանավորված քիչ ուտելը կամ քիչ հեղուկներ խմելը: Չնայած հիվանդությունից հետո կաթի քանակը վերականգնվում է, մայրը կարող է փորձել կաթի քանակը պահպանել նաև հիվանդության ընթացքում:

Աղբյուրը՝ http://kidshealth.org/parent/infections/common/cold.html; https://allaiterbonheuretraison.wordpress.com/2013/07/13/allaitement-a-la-demande-oui-mais/

Թարգմանեց՝ Գայանե Պապոյանը

Շնորհակալություն Ռոզա Սարգսյան Ֆենդերին օգնության համար

 


Դեղնուկը և կրծքով կերակրումը
Երկաթի անբավարարությունը կրծքով կերակրվող երեխաների մոտ. կանխարգելում և հաղթահարում

1 thought on “Ինչ անել երբ երեխան հիվանդանում է – քիթ, կոկորդ…

Comments are closed.