Կրծքով կերակրելու սենյակ

Ե՞րբ է ավարտվում կաթնարտադրությունը


Սովորական պայմաններում կաթնագեղձը շարունակում է կաթ արտադրել այնքան երկար, քանի դեռ կաթը այդ կաթնագեղձից հեռացվում է: Կաթի քանակի նվազելուն զուգահեռ փոխվում է նրա բաղադրությունը՝ բարձրանում է ճարպերի, նատրիումի, իմունոգլոբուլինների քանակը և նվազում է լակտոզի պարունակությունը: Այս ամենը նորմալ է: Բնական կերպով կազմակերպված կրծքով սնուցման դեպքում, այսինքն՝ երբ կրծքով կերակրումը շարունակում է լինել ըստ պահանջի անկախ երեխայի տարիքից, մոտավորապես 2.5 տարեկանում կաթի բաղադրությունը փոխվում է և սկսում են գերակշռել իմունոգլոբուլինները և այլ կենսաբանական ակտիվ նյութերը: Մեկ կերակրումը հավասարվում է իմունոգլոբուլինի 60 չափաբաժնի:

Կաթնարտադրությունը շարունակվում է կրծքով կերակրումն ավարտելուց հետո: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ “կաթնասունների մոտ կաթ այլևս չի արտադրվում վերջին կերակրումից հինգ օր անց, սակայն կանանց մոտ կաթնարտադրության ինվոլյուցիան (lactation involution, инволюция лактации, կաթնարտադրության դադարում կամ ավարտ), որպես պրոցես, 40 օր է տևում: Այս ընթացքում հարաբերականորեն հեշտ է վերականգնել կաթնարտադրությունն ամբողջությամբ, եթե երեխան վերսկսի հաճախակի կերակրումները:”

Այսինքն կաթնարտադրության ինվոլյուցիան կարող է սկսել ցանկացած ժամանակ, երբ կրծքով կերակրումները դառնան հազվադեպ և կարճ: Բնական կերպով կազմակերպված կրծքով կերակրման դեպքում դա սովորաբար տեղի է ունենում երեխայի ծննդից երկու տարի անց: Երբ կրծքով կերակրող մասնագետները խոսում են կաթնարտադրության ավարտի կամ ինվոլյուցիայի մասին, նրանք հիմնականում ի նկատի ունեն կաթնարտադրության ինվոլյուցիան հենց այդ տարիքում:

Շփոթմունքի մեջ չըկնելու համար ամփոփենք հետևյալ կերպ:

Կաթնարտադրության ինվոլյուցիայի նշանները.

  • Բնական կերպով կազմակերպված կրծքով կերակրման դեպքում, երբ մայրը շարունակում է կերակրել ըստ պահանջի անկախ երեխայի տարիքից, կնոջ կրծքագեղձի ինվոլյուցիայի նշանները հայտնվում են երեխայի երկու տարեկանը լրանալուց հետո, երբ բնական կերպով նվազում է կերակրման հաճախականությունը: Նշանները հետևյալն են. կրծքի չափսերը փոքրանում են, կուրծքը չի լցվում նույնիսկ եթե մայրը չի կերակրել 12-24 ժամ: Երբ երեխան դադարում է կրծքով կերակրվել այդ տարիքում, մոր մոտ կրծքում կաթի կուտակման պատճառով խնդիրներ չեն առաջանում: Կաթը իր բաղադրությամբ և հատկանիշներով, ինչպես նաև արտաքին տեսքով, ավելի շատ խեժ է հիշեցնում:
  • Կաթնարտադրության ինվոլյուցիան սկսվում է վերջին կերակրումից և տևում է քառասուն օր: Սա նշանակում է, որ քառասուն օր անց կաթն այլևս ինքնուրույն կրծքից չի հոսում, տեղի է ունենում սպիտակուցի սինթեզի արգելակում և կրծքագեղձի կառուցվածքային փոփոխություն, որի ժամանակ կրծքագեղձի գեղձային հյուսվածքը փոխարինվում է ճարպային հյուսվածքով: Նման փոփոխության արդյունքում կնոջ կուրծքը կարող է վերադառնալ նախահղիության ձևին և չափսին: Այս ամենը շատ դժվարեցնում է կրծքով կերակրման վերականգնումը ինվոլյուցիայի ավարտից հետո: Հիշե՛ք. հարպտկային մասին սեղմելու դեպքում կրծքից կաթ կարող է դուրս գալ վերջին կրծքով կերակրումից վեց ամիս անց և նույնիսկ ավելի ուշ:

Կրծքով կերակրումից ինքնահրաժարումը

Սովորաբար երեխաներն ինքնակամ հրաժարվում են կրծքից մոտավորապես 3-4 տարեկանում: Այդ տարիքում երեխաների մոտ ուղղակի վերանում է այդ պահանջը, այնպես ինչպես վերանում է մոր գրկում անընդհատ գտնվելու պահանջը, երբ նրանք սկսում են ավելի ակտիվ սոցիալական կյանք վարել, ունենում են տարբեր հետաքրքրություններ և այլն: Կրծքով երկար և հաճախ կերակրվելուն ուղղակի ժամանակ չի մնում: Բացի դրանից, երեխաների աղեստամոքսային համակարգն ամբողջովին հարմարվում է այլ տեսակի սնունդ մարսելուն և կրծքի կաթի հավելյալ ֆերմենտների կարիքը չի զգում:

Եթե որևէ պատճառով ցանկանում եք ավելի շուտ ավարտել կրծքով կերակրումը, օրինակ՝ սկսել եք շատ հոգնել և նեղվել կերակրումներից կամ նորից հղի եք, ապա ցանկալի է դանդաղ ավարտել կրծքով կերակրումը՝ քչացնելով կերակրումների քանակը: Նման մոտեցումը միշտ ավելի լավ է երեխաների համար, քանի որ նրանց մոտ կրծքից կտրուկ կտրվելու արդյունքում հոգեբանական սթրես չի առաջանում: Բացի դրանից, աստիճանաբար ավարտելն ավելի առողջարար է մոր համար: Խնդրեք հարազատներին օգնել ձեզ այս հարցում և փորձեք ավելի հաճախ բացակայել տնից: Թե ինչպես այս շրջանում խնամել կրծքերը, կարդացե՛ք մեր “Ինչպես ճիշտ ավարտել կրծքով կերակրելը. ուղեցույց” հոդվածը:

Հիշե՛ք, որ մոր աշխատելը, բուժումը, կամ երեխայի մանկապարտեզ գնալը կրծքով կերակրելու համար խոչընդոտ չեն հանդիսանում:

Կարդացեք նաև 9 ամսականի ճգնաժամը. Կրծքից ինքնակամ կտրվելը, մինչև երեխայի մեկ տարեկանը

Երրորդ-չորրորդ ամսվա կրծքով կերակրելու ճգնաժամը

Հաճախ տրվող հարց. կերակրելն ավարտելուց հետո կրծքումս դեռ կաթ կա, արդյո՞ք դա նորմալ է:

Կրծքի հարպտկային շրջանը սեղմելու արդյունքում կրծքագեղձից կաթի արտադրությունը կարող է նորմալ լինել հղիությունից կամ ցանկացած տևողությամբ կրծքով կերակրելուց հետո երեք տարվա ընթացքում: Նման արտադրությունը կարող է պայմանավորված լինել պտուկի հետ շփմամբ, որի դեպքում կաթնարտադրության համար պատասխանատու պրոլակտին հորմոնի մակարդակը բարձրանում է 8-10 անգամ, տարբեր դեղամիջոցների ընդունմամբ, ձիգ կրծքալ կամ ներքնազգեստ հագնելով, սեռական ակտի ժամանակ կրծքագեղձի ակտիվ գրգռմամբ կամ այլ գործոններով: Բացի դրանից, կարող են ազդել նաև կրծքից կտրված երեխայի տարիքը, ընդհատված կերակրումների քանակը, կրծքով կերակրումն ավարտելու ձևը (աստիճանաբար կամ կտրուկ) և նույնիսկ մոր հոգեբանական առանձնահատկությունները:

Կրծքից կաթի ակամա (ինքնաբուխ) արտահոքսը (առանց հարպտկային շրջանը սեղմելու) նորմալ է վերջին կերակրումից հետո 3-6 ամսվա ընթացքում: Նման արտահոքսի պատճառ կարող են հանդիսանալ օքսիտոցին հորմոնի արտազատման համար պատասխանատու գործոնները, օրինակ՝ տաք հեղուկը, լոգանքները, երեխայի մասին մտքերը և այլն:

Դիմեք բժշկի, եթե՝

  • կերակրելն ավարտելուց վեց ամիս անց ձեր կրծքերը շարունակում են զգալի քանակով կաթ արտադրել,
  • կերակրելն ավարտելուց վեց ամիս անց ձեր կրծքերից նորից ակամա կաթ է հոսում, որը պայմանավորված չէ նոր հղիությամբ;
  • կրծքերից արտադրություն կա, սակայն դուք երբեք հղի չեք եղել,
  • արտադրությունը կաթի նման չէ:

Պետք է նշել, որ կրծքով կերակրումն ավարտելուց երեք տարի անց կաթի ակամա արտահոսքը հիմք չի հանդիսանում առանց պատշաճ վերահսկման լակտացիան արգելակող դեղորայքային միջոցների նշանակման համար: Որոշ դեպքերում նման արտահոսքը կարող է պայմանավորված չլինել հորմոնալ համակարգի կամ կաթնագեղձի պաթոլոգիայով, սակայն հետագա հետազոտությունների մասին որոշում պետք է կայացնի բժիշկը՝ բոլոր հնարավոր գործոնների համապարփակ ուսումնասիրություն կատարելուց հետո:

Կարևոր է զգուշացնել մայրերին խուսափել պրոլակտինի չհիմնավորված և չվերահսկվող հետազոտություն անցնելուց: Այդ հետազոտությունը հղիության և շարունակվող կաթնարտադրության դեպքում չի կարող ճշգրիտ տեղեկություններ տալ խնդրի վերաբերյալ: Նման հետազոտությունից առաջ պետք է հասկանալ, թե որն է նպատակը, և ըստ դրա խիստ հետևել հետազոտությունն անցնելու կանոններին. պրոլակտին հորմոնը շատ զգայուն է արտաքին գործոնների նկատմամբ և հետազոտության սխալ արդյունքների հավանականությունը բարձր է:

Հեղինակներ՝ Նատալյա Ռազախացկայա, կրծքով կերակրելու խորհրդատու, IBCLC, Յուլիա Նեդոսեկովա, բժիշկ էնտոկրինոլոգ, Քելլի Բոնյատա, Կրծքով կերակրելու խորհրդատու, IBCLC

Աղբյուրներ՝ http://webcache.googleusercontent.com/search?q=cache:http://akev.info/stati-dlya-mam/10076-dolgokormlenie-i-otluchenie/10637-89805872; ://am-am.info/faq/involucia-laktacii-priznaki/; http://kellymom.com/bf/got-milk/supply-worries/galactorrhea/

Թարգմանեց և կազմեց՝ Քրիստինե Բարսեղյանը

 

Image by <a href=”https://www.freepik.com/free-photo/woman-posing-confidently-nude-holding-flower-her-breasts_18040314.htm#page=2&query=breast&position=13&from_view=search&track=sph”>Freepik</a>