Կրծքով կերակրելու սենյակ

Յուղոտ և անյուղ կաթի առասպելը


Նախաբան – Չկա անյուղ և յուղոտ կաթ քանի որ կաթի յուղայնությունը անընդհատ փոխվում է:


Մայրական կաթի կալորիականությունը և պարունակվող ճարպերի մոտավոր քանակը

Չնայած ճարպերը մայրական կաթի հարաբերականորեն փոքր մասն են կազմում՝ նրանք են մայրական կաթի կալորիականության համար հիմնական պատասխանատուները:

Կաթի ճարպերի քանակը շատ փոփոխական է: Հարյուր միլիլիտր հասուն մայրական կաթը պարունակում է մոտավորապես 73 կիլոկալորիա: Սակայն կաթի կալորիականությունը զգալիորեն տատանվում է:

  1. Յուրաքանչյուր կերակրման ընթացքում` հետին կաթը լինելով ավելի ճարպերով հարուստ քան առաջնային կաթը:
    ա
  2.  Ճարպերի քանակը փոխվում է նաև օրվա ընթացքում:  Կրծքի կաթում ճարպերի քանակը պայմանավորված է նրանով, թե որքան լցված է մոր կուրծքը: “Դատարկ” կրծքի կաթը պարունակում է ավելի շատ ճարպեր, քան “լիքը” կրծքինը: Մայրական կաթում ճարպի պարունակություն կազմում է միջինում 4գր/100մլ, սակայն տարբեր կանանց մոտ այս թիվը կարող է տատանվել 2-5գր/100մլ:
    ա
  3. Բացի կրծքի լցվածությունից, կաթի յուղայնությունը փոխվում է նաև երեխայի տարիքի հետ: Խեժում ճարպի քանակն ավելի ցածր է. hարյուր միլիլիտր խեժն ունի 58 կիլոկալորիա (խեժի դեղնավուն գույնը պայմանավորված է նրանում պարունակվող բետա-կարոտինով, այլ ոչ թե յուղայնությամբ): Կաթի բաղադրությունը արագ փոխվում է ծննդաբերությունից հետո առաջին շաբաթվա ընթացքում և ճարպի քանակը բարձրանում է: Կաթը դառնում է հասուն 3 շաբաթականում, սակայն ճարպի պարունակությունը շարունակվում է փոփոխվել: Մեկ տարեկանից հետո մայրական կաթը դառնում է ավելի յուղոտ, իսկ կալորիականությունը բարձրանում է: Այսպիսով, նույնիսկ եթե մեծանալուն զուգահեռ երեխան ավելի քիչ կաթ է սկսում խմել, նա շարունակում է ստանալ այն, ինչ իրեն պետք է առողջ մեծանալու համար:

Մի քիչ ճարպի մասին

Մայրական կաթի բաղադրությունը ամբողջությամբ արտացոլում է երեխայի աճը` դանդաղ և պայմանավորված հաճախակի կերակրումներով: Հասկանալու համար, թե սա ինչ է նշանակում, եկեք մայրական կաթը համեմատենք այլ կաթնասունների կաթի հետ:

Այլ կաթնասունների կաթի հետ համեմատ մարդկային կաթն ունի ցածր կալորիականություն, քանի որ նրանում պարունակվող ճարպերի և սպիտակուցների քանակը քիչ է:

  • Մարդկային կաթ՝ 3,8% ճարպ, 1% սպիտակուց
  • Կովի կաթ՝ 3,7% ճարպ, 3,4% սպիտակուց
  • Առնետի կաթ՝ 10,3% ճարպ; 8,4% սպիտակուց; 2,6% լակտոզ
  • Շան կաթ՝ 12,9% ճարպ, 7,9% սպիտակուց
  • Նապաստակի կաթ՝ 18,3% ճարպ, 13,.9% սպիտակուց

Կաթում պարունակվող ճարպի քանակն արտացոլում է կաթնասունների տվյալ տեսակի ապրելակերպը: Այն կաթնասունները, որոնց ձագերը պետք է երկար ժամանակ առանց մոր մնան, ճարպերով հարուստ կաթի կարիք ունեն, քանի որ նրանց ուտելու հաճախականությունը ցածր է: Հակառակը, կաթում ճարպերի ցածր պարունակությունը հատուկ է այն կաթնասուններին, որոնց ձագերը մնում են մոր կողքին և կերակրվում են հաճախ, որի դեպքում ճարպերով հարուստ կաթ ունենալու կարիք չի լինում:

Ի դեպ, նույնիսկ եթե կովի և մայրական կաթի յուղայնությունները շատ մոտ են իրար, մայրական կաթում պարունակվող ճարպերը ավելի հեշտ են մարսվում և յուրացվում, քան կովի կաթում պարունակվողները: Նման դյուրամարսությունը պայմանավորված է մայրական կաթում պարունակվող լիպազ սպիտակուցով, որը մեծ ճարպային մոլեկուլները մանրացնում է փոքր մասերի` հեշտացնելով դրանց մարսվելը:

Ազդու՞մ է արդյոք մոր սնունդը կաթում ճարպերի քանակի վրա

Ո՛չ: Հետազոտությունները ցույց են տվել, որ մոր սննդակարգը չի ազդում կաթի կալորիականության կամ ճարպի քանակի վրա: Այսինքն, եթե մայրը բարձր կալորիականությամբ ուտելիք ուտի, նրա կաթը չի դառնա ավելի յուղոտ և սննդարար: Մոր սննդակարգի և կաթի բաղադրության միջև կապի մասին մանրամասն կարդացեք մեր “Մոր սննդակարգը և կրծքի կաթի որակը” հոդվածում:

Ազդու՞մ է արդյոք կաթի յուղայնությունը երեխայի աճի վրա

Ո՛չ: Հետազոտությունները ցույց են տվել, որ երբ երեխան ուտում է ըստ պահանջի և կերակրելու հետ կապված խնդիրներ չկան, միակ գործոնը, որն ազդում է երեխայի աճի վրա, դա կաթի քանակն է, այլ ոչ թե յուղայնությունը:

Բայց…

Եթե երեխան քաշի խնդիր ունի և, հատկապես, եթե երեխան վաղաժամ է ծնվել, բարձր յուղայնությամբ կաթը նրան կօգնի ավելի արագ հավաքել իրան անհրաժեշտ քաշը և ավելի դիմացկուն լինել:

Ինչպես անել, որ երեխան “յուղոտ” կաթ խմի

  • Կրծքի լցվածության աստիճանը, ըստ հետազոտությունների, այն գործոնն է, որն ազդում է կաթում պարունակվող ճարպերի քանակի և, հետևաբար, կալորիականության վրա: Որքան ավելի լիքն է կուրծքը, այնքան ավելի ցածր է ճարպի պարունակությունը կաթում: Եվ ընդհակառակը, որքան ավելի դատարկ է կուրծքը, այնքան ավելի բարձր է ճարպի պարունակությունը (Daly 1993): Կարդացեք նաև “Ինչպես է արտադրվում մայրական կաթը” և “Անհանգստություններ առաջնային և հետին կաթի վերաբերյալ” հոդվածները:
  • Կրծքի սեղմում: Եթե ձեր երեխան կուրծքը ծծում է, բայց կաթ կուլ չի տալիս, փորձեք սեղմել կուրծքը կաթի արտահոսքը խթանելու համար, որի արդյունքում երեխան ավելի շատ հետին՝ յուղոտ կաթ կստանա: Կրծքի սեղմումը հատկապես օգտակար է երեխայի կյանքի առաջին օրերին, եթե երեխան լավ կուրծք չի բռնում կամ քնում է ուտելիս: Սեղմելու համար բռնեք երեխային մի ձեռքով և մյուս ձեռքի բացված ափով բռնեք այն կուրծքը, որից երեխան ուտում է: Երբ երեխան դադարեցնում է ուտելը, այսինքն ծծում է առանց կուլ տալու, սեղմեք կուրծքը: Բաց թողեք, սպասեք մի քանի րոպե և նորից սեղմեք: Կրկնեք սեղմումները, քանի դեռ երեխան դրանց արդյունքում կաթ է կուլ տալիս: Կրծքի սեղմումը պետք է լինի այնքան նուրբ, որքան ցույց է տրված այս տեսանյութում՝ https://www.youtube.com/watch?v=sMVIeSVYopQ
  • Երբ երեխան սկսում է կրծքով կերակրվել, նա սկզբից ստանում է առաջնային կաթ, որի մեջ ջրի պարունակությունը բարձր է և, հետևաբար, կալորիականությունը՝ ցածր: Ուտելու ընթացքում առաջնային կաթը դառնում է հետին կաթ, որն ավելի յուղոտ է և բարձր կալորիականություն ունի: Օրվա մեջ 2-3 անգամ մի փոքր կթեք կուրծքը երեխային կերակրելուց առաջ: Կթեք ձեր սովորական կթած կաթի քանակի 1/3-ը առաջնային կաթը կրծքից հանելու համար:
  • Կթած կաթը որոշ ժամանակ անց բաժանվում է 2 մասի` սերուցքի, որը բարձրանում է կաթի մակերեսին, և կաթի: Ճարպերը հավաքվում են սերուցքում: Եթե դուք կաթի ավելցուկ ունեք, որը հաճախ է պատահում ծննդաբերելուց հետո, կթեք կաթը և մի քանի ժամով դրեք այն սառնարանում: Երեխային կրծքով կերակրելուց առաջ գդալով կերակրեք կաթի մակերեսին հավաքված սերուցքը: Եթե երեխան սովոր է շշով խմելուն, կարող եք նաև սերուցքն ավելացնել շշի մեջ: Կերակրելուց բացի, կարող եք կրծքերը օրական 2 անգամ կթել և սերուցքը տալ երեխային:
  • Երեխայի ուտելուց 30 րոպե հետո արտադրված կաթը ավելի հարուստ է ճարպերով, քան կրծքից ուտելու ընթացքում երեխայի կերած կաթը: Դուք կարող եք կերակրելուց 30 րոպե հետո կթել այն կուրծքը, որից երեխան կերել է, և առաջարկել այդ կաթը երեխային: Ի դեպ, կտրուկ աճի օրերից հետո նկատվող երեխայի ֆիզիկական աճի համար պատասխանատու են և՛ երեխայի կերած կաթի քանակը, և՛ սովորականից հաճախ կերակրմամբ պայմանավորված ճարպերով հարուստ կաթը:

Այսպիսով, կաթի յուղայնությունը կարելի է բարձրացնել մեխանիկական մեթոդներով, բայց ոչ սննդակարգը փոխելով:

Մոր սնունդն ազդում է կաթում պարունակվող ճարպերի որակի վրա

Կերակրող կնոջ սննդակարգն ազդում է երեխայի սննդակարգի վրա: Ճարպերը էներգիա են տալիս երեխաներին և անհրաժեշտ են նրանց աճի և զարգացման համար: Սակայն բոլոր ճարպերը որակապես իրար հավասար չեն: Կան առողջ ապրելակերպ ունենալու համար կարևոր ճարպեր, իսկ կան ճարպեր, որոնք ցանկալի չէ չարաշահել: Մայրական կաթում այս լավ և վատ ճարպերի քանակը կախված է մոր սննդակարգից: Եթե մոր սննդակարգում ճարպերի մեծ մասը լավ ճարպեր են, ապա կաթի մեջ նույնպես լավ ճարպերը կգերակշռեն, և ընդհակառակը:

Օմեգա 3 ճարպաթթու

Ալֆա-լինոլաթթուն և դոկոզագեկսաենային թթուն (DHA) երկու տեսակի օմեգա-3 ճարպեր են, որոնք շատ կարևոր են երեխայի զարգացման համար: Ալֆա-լինոլաթթուն օգնում է լավացնել երեխայի աճը և զարգացումը: DHA-ն հավաքվում է ուղեղում և աչքի ռետինայում: Այն կարևոր է երեխայի ուղեղի և տեսողության զարգացման համար և ամրապնդում է իմմունային համակարգը: Նրա բացակայությունը մոր սննդակարգում կարող է նպաստել երեխայի տեսողության թերզարգացմանը: Օմեգա 3 ճարպեր պարունակվում են ընկույզում, կտավատի սերմում, յուղոտ ձկներում, օրինակ՝ սաղմոնում, սարձինաձկում և թունայում: Բոլոր կերակրող մայրերի կաթում կա DHA: DHA-ի անհրաժեշտ քանակն ապահովելու համար կերակրող մայրը պետք է օրական ստանա 1-3 գրամ օմեգա-3 թթու, որը կարելի է լրացնել շաբաթական 2 անգամ ձուկ կամ 5 հատ ընկույզ ուտելով: Կերակրող մայրը պետք է խուսափի շնաձուկ և սկումբրիա ձկներից, քանի որ այս ձկները ծծումբ են պարունակում:

Օմեգա-6 ճարպաթթու

Լինոլաթթուն և առախինոդաթթուն օմեգա-6 ճարպաթթուներ են: Այս թթուները կարելի է գտնել բուսական ձեթերի և սերմերի մեջ: Օրական պետք է ընդունել 13 գրամ օմեգա-6 ճարպաթթու, որը համարժեք է 1 ճաշի գդալ բուսական ձեթին: Կովի կաթի հիմքի վրա պատրաստված կաթնախառնուրդները չեն պարունակում DHA-ն և առախինոդաթթու կամ պարունակում են շատ քիչ:

Մոնոչհագեցած ճարպեր

Մոնոչհագեցած ճարպերը իջեցնում են խոլեստերինի քանակը և կարող են նվազեցնել սրտի հիվանդությունների ռիսկը: Որպես կրծքով կերակրող մայր, որքան առողջ լինեք, այնքան ավելի հեշտ կհոգաք ձեր երեխայի կարիքները: Մոնոչհագեցած ճարպերը ձեզ կօգնեն ավելի լավ յուրացնել ճարպում լուծվող A, D, E և K վիտամինները: Ձեր երեխային պետք են այս վիտամինները լավ տեսողություն, ոսկորներ, մաշկ և արյան մակարդվելիություն ունենալու համար: Մոնոչհագեցած ճարպեր կան ձիթապտղի և գետնանուշի ձեթերի, հավի մսի, ավոկադոյի, ընկույզի և տարբեր սերմերի մեջ:

Ինչպե՞ս ընտրել լավ ճարպեր

Փորձեք կարդալ սննդի պիտակները և ընտրել առողջ ճարպեր պարունակող սննդամթերքներ: Խուսափեք այն մթերքներինց, որոնք պարունակում են հիդրոգենացված կամ տրանս ճարպեր, որոնք կարող են բարձրացնել սրտի հիվանդությունների ռիսկը: Շատ մշակված, տապակած սննդամթերքները, դեսերտները և, օրինակ, չիպսերը և կրեկեռները նման ճարպեր մեծ քանակությամբ են պարունակում: Տրանս ճարպերից խուսափելու ևս մեկ պատճառը այն է, որ նրանք սկսում են փոխարինել լավ ճարպերին` DHA-ին և առախինոդաթթվին: Նույնիսկ եթե մայրն ուտում է լավ ճարպեր, տրանս ճարպերը գրավում են նրանց տեղ և հայտվում երեխայի օրգանիզմում:

Բարեբախտաբար, տրանս ճարպերը կարող են դուրս գալ մոր օրգանիզմից 2 շաբաթում, եթե մայրը փոխարինի տրանս ճարպեր պարունակող սնունդը լավ ճարպեր պարունակող սննդով: Բացի մոնոչհագեցած ճարպերից, մայրը կարող է նաև օգտագործել կարագ, որը պարունակում է հագեցած ճարպեր և ոչ հիդրոգեցված կոկոսի յուղ:

http://www.alive.com/health/top-quality-breastmilk/#sthash.30vjrZ0u.dpuf

http://journals.plos.org/plosone/articleid=10.1371/journal.pone.0078232

http://www.livestrong.com/article/201290-how-to-increase-fat-in-breast-milk/

http://www.parentingscience.com/calories-in-breast-milk.html

Թարգմանեց՝ Լիանա Ղազարյանը: Խմբագրեց` Քրիստինե Բարսեղյանը: