Բութ մատը ծծելը


baby sucking thumb color_fullՆորածինները սովորաբար գտնում են իրենց բութ մատիկները և սկսում ծծել տարիներով: Բութը ծծելը հաճելի է երեխաների համար, սակայն այս երևույթը անհանգստացնում է կողքից դիտողներին և ատամնաբույժներին։ Ի՞նչ անի խեղճ երեխան։ Կարո՞ղ են նորածինը և նրա բութ մատիկը երջանիկ լինել միասին՝ առանց հասարակության քննադատությանն արժանանալու:

Երբ բութը ծծելը օգտակար է

Ուլտրաձայնային նկարներից երևում է, որ որոշ երեխաներ սկսում են ծծել իրենց բութ մատը դեռևս մոր արգանդում։ Որոշ երեխաների մոտ ծծելու պահանջը չի բավարարվում միայն շշով կամ կրծքով կերակրվելով, և նրանք սովորում են ծծել իրենց՝ միշտ հասանելի բութ մատը սեփական հանգստության համար։ Կյանքի առաջին ամիսներին, նույնիսկ շատ փոքրիկ երեխաները բացահայտում են, որ կյանքի փոքրիկ հաճույքներից մեկը հենց իրենց ձեռքերում է և իրենց քթի տակ։ Մենք կարծում ենք, որ երեխաների՝ իրենց մարմնի մասերը իրենք իրենց հանգստացնելու համար օգտագործելը զգայական առողջության նշան է, այլ ոչ թե հոգեբանական անհանգստության։ Իրականում որոշ փորձառուներ նույնիսկ օգնում են իրենց երեխաներին գտնել սեփական բութ մատը, որպեսզի այս կերպ փոքրիկներն իրենք իրենց հանգստացնեն: Եվ ուրեմն ինչի՞ համար է այս ամբողջ անհանգստությունը: Ու՞մ մատն է այն վերջապես:

Որոշ երեխաներ, թվում է, չեն բավարարվում շշով կերակրվելով։ Նրանք բավականաչափ կաթ են խմում, բայց նրանց ծծելու պահանջը չի բավարարվում։ Կրծքի առավելություններից մեկն էլ այն է, որ երեխան կարող է շարունակել ծծել այն նույնիսկ, երբ կերակրումն ավարտված է, այսպիսով բավարարելով ծծելու իր պահանջը՝ առանց ստամոքսը գերծանրաբեռնելու։ Բայց երբեմն կերակրողի համբերությունը սպառվում է, իսկ երեխան տրամադրված է դեռ մի քանի երեխայի չափ էլ «հանգստանալ»: Եթե զգում եք, որ այլևս ի վիճակի չեք թույլ տալ երեխային հանգստանալ ձեր կրծքի վրա, տվեք նրան ձեր մատը թող ծծի, և վերջապես եթե նա ինքնուրույն չի կարողանում բացահայտել իր մատները, դուք կարող եք տանել իր իսկ բութ մատը կամ մատները նրա բերանը։ Անհագ թվացող ծծելու ցանկությունը պատճառ ունի։

Ծծելը հանգստացնում է անհանգիստ երեխային՝ այսպիսով ավելի կարգավորված դարձնելով նորածնի անկազմակերպ բիոռիթմերը։ Որոշ երեխաներ ավելի շատ հանգստանալու կարիք ունեն, քան մյուսները։ Մեր երեխաներից միայն մեկը, ով ավելի շատ կարիք ուներ հանգստանալու, ծծում էր իր բութը։ Շատ հաճելի էր տեսնել, թե ինչպես է և նա մատը ծծում քնած ժամանակ։ Նա սկսեց ծծել իր մատը, երբ երեք ամսական էր և ինքնուրույն դադարեցրեց այն հինգ ամսականում` աննախադեպ հրաժարում բութ մատով «սնուցումից»։ Մարթան շատ ուշադիր էր և հաճախակի էր կերակրում կրծքով՝ վախենալով, որ մատը չփոխարիներ կրծքին։ Կուրծքը ծծելը շատ ավելին է նորածնի կամ մանկիկի համար, քան ուղղակի կերակրվելը։ Նրանք հասկանում են, որ ծծելը օգնում է իրենց թուլանալ, հանգստանալ։ Երեխան, որ սովորություն ունի բութ մատը ծծելու, կհասկացնի Ձեզ, որ այն օգնում է իրեն հանգստանալ, թուլանալ։

.

Երբ բութհ ծծելը վնասակար է

Մինչդեռ շատ մայրիկներ ինչ-ինչ պատճառներով քաջալերում են իրենց փոքրիկներին մատը ծծել, որոշ ատամնաբույժներ դեմ են այդ երևույթին։ Նորածինների մեծ մասի մոտ երկու տարին լրանալիս նվազում է այս սովորույթը առանց միջամտության, մինչդեռ որոշ երեխաների մոտ այնքան է մեծանում բութը ծծելու հաճախականությունը, որ հանգեցնում է հասարակական և ատամների խնդրի։Մատների ծծելու արդյունքում ատամները դուրս են աճում։ Երեխայի կյանքի առաջին տարիներին՝ մինչև չորս տարեկան դառնալը, կարիք չկա անհանգստանալու, որ մատները և ատամները «լեզու չեն գտնում» իրար հետ։ Բութ մատը ծծելը հազվադեպ կարող է վնասել մինչև չորս տարեկան երեխայի ատամներին, իսկ այս սովորությունը սովորաբար անհետանում է մինչև այդ տարիքը։ Եթե այս սովորությունը շարունակվում է երեք, չորս տարեկանում կամ ավելի մեծ տարիքում, ապա ծնողները պետք է սկսեն գումար խնայել երեխայի՝ օրթոդոնտիկ խնդիրների համար, հատկապես եթե երեխան ունի ժառանգական առաջ եկած վերին ծնոտ կամ լնդեր։ Կամ էլ պետք է սկսեք մտածել, թե ինչպես հանել երեխայի մատը բերանից։ Քանի որ մատը ուժ է գործադրում վերին առջևի ատամների վրա ներսի կողմից, մատը ծծելը կարող է հանգեցնել չափից ավել առաջ եկած վերին ծնոտի կամ ատամների այլ անհամաչափության։ Բայց եթե ոչ երեխայի մանկաբույժը, ոչ էլ ատամնաբույժը չեն մտահոգվում երեխայի մատը ծծելու համար, ապա դուք նույնպես մի անհանգստացեք։ Շատ ծծելու դեպքում մատները սկում են ցավել։ Սովորություն դարձած ծծելը մատների մաշկի վրա վատ ազդեցություն է թողնում։ Որոշ երեխաների մատներ նմանվում են երկար կոշտուկի՝ երկար ժամանակ թքի և ատամների հետ շփման պատճառով, ոմանց մոտ էլ դրանք կարող են ճաքել, արյունահոսել կամ ախտահարվել՝ եղունգի և մաշկի միացման նուրբ հատվածում առաջացնելով կարմրություն և այտուցվածություն։

Մյուս կողմից էլ հասարակությունը չի ընդունում մատները ծծելը։ Փոքր երեխաները չեն ծաղրում իրենց հասակակիցներին մատները ծծելու համար, քանի որ այս երևույթը սովորական է մինչև երկու տարեկան երեխաների մոտ։ Բայց որքան մեծ է երեխան, այնքան մեծ է հավանականությունը, որ նրան կծաղրեն իր՝ «Մատները բերանում» «հիվանդության» համար։

Փաստորեն, երեխաների մեծ մասի մոտ մատը ծծելը, գիշերային անմիզապահության նման, չի վկայում որևէ հոգեբանական խնդրի մասին։ Դա ընդամենը սովորություն է՝ նույնիսկ եթե այն տհաճ է ավելի մեծ երեխաների և մեծահասակների համար։ Մի անհանգստացրեք մատը ծծող երջանիկ փոքրիկին, ով սրտաբաց է և ունի լավ կարծիք իր մասին, քանի որ շուտով կվերնա այս սովորությունը։ Մատը ծծելը որոշ երեխաների մշտապես խանագարում է ցույց տալ իրենց ժպիտը՝ ասես նրանց քթից բռունցք է աճել։ Նրանք նախընտրում են ծծել իրենց մատները, քան շփվել իրենց հասակակիցների հետ։ Այս տեսարանը անընդունելի է հասարակության համար, և մատը ծծող երեխային կարող են հաճախ ծաղրել մշտապես «նորածին» լինելու պատճառով։

.

Մատը ծծելը դադարեցնելու 12 եղանակ

Բազմաթիվ նորմալ, բայց անհանգստացնող սովորությունների նման, որոնք մենք ընդունում ենք և աչք ենք փակում դրանց վրա, մատն էլ ժամանակի ընթացքում իր համար այլ զբաղմունքներ կգտնի: Բայց եթե այս սովորությունը շարունակվում է երկար և վնասում է երեխայի ատամները, փորձե´ք հետևյալ մեթոդները՝

  1. Փորձեք բավարարել երեխայի ծծելու պահանջը. ծծելը բավարարում է կպած լինելու պահանջը: Պահանջ, որն անցողիկ բնույթ է կրում, այն մնայուն սովորություն չէ: Եթե ձեր երեխան մատը ծծելու սովորություն ունի, կյանքի առաջին տարիների ընթացքում թույլ տվեք նրան ծծել իր մատը ինչքան որ սիրտը կկամենա: Կերկրեք կրծքով հնարավորինս երկար ժամանակ: Թույլ տվեք նրան ծծել ձեր մատները: Թույլ տվեք ծծել ոչ սնվելու նպատակով (օրինակ դատարկ կուրծքը, մատը կամ ծծակը, կաթի շշի ծծակը)՝ նորածնի քաղցը բավարարելուց հետո: Հետաքրքիր հետազոտությունը ցույց է տվել, որ այն նորածինները, ովքեր բավարարում են իրենց ծծելու պահանջը, հազվադեպ են ունենում մատը ծծելու սովորություն: 1977-ին գիտնականերն ուսումնասիրել են 1-7 տարեկան 50 երեխաների, ովքեր բութ մատը ծծելու սովորություն ունեին և համեմատել երեխաների հետ, ովքեր չունեն այդ սովորությունը: Ուսումնասիրությունները ցույց տվեցին որ, նրանք, ովքեր ունեն իրենց բութը ծծելու սովորություն, հիմնականում շշով՝ այլ ոչ կրծքով կերակրվող երեխաներն են: Որքան ուշ է երեխան կտրվում կրծքից, այնքան քիչ է հակված մատը ծծելուն: Մատը ծծելու սովորություն ունեցող երեխաների մեծ մասը կերակրվել են ռեժիմով, այլ ոչ ըստ պահանջի: Բացի դրանից նրանց 96 տոկոսին կերակրելուց հետո թողել են միայնակ, որպեսզի ինքնուրույն քնեն: Հակառակ սրան բութ մատը ծծելու սովորություն չունեցող երեխաներից և ոչ մեկին միայնակ չեն թողել քնելու համար:
    Ըստ գիտնականների մարդիկ քնած ժամանակ վերադառնում են հասարակ ռեֆլեքսների, ինչպիսիք են մատը ծծելը կամ ձեռքը բերանը տանելը: Մեր մանկաբուժական փորձը ցույց է տվել, որ երեխաները, ում կերակրելով են քնեցնում և կրծքից չեն կտրում այնքան ժամանակ, մինչև նրանք պատրաստ չեն դրան, հակված չեն մատները ծծելու: Այսպիսով, կարելի է ասել, որ կրծքով կերակրելը կանխում է մատը ծծելու սովորություն ունենալը։
  2. Հարկավոր է ծծելու փոխարինողներ առաջարկելու վաղ տարիքում: Երեխային հանգստացնելու համար սովորություն դարձած ծծելը մեխանիկորոն առաջարկելու փոխարեն փորձեք օրորելը, մերսելը, անիմացիոն խաղեր խաղալը և երգելը: Որքան շուտ երեխան բացահայտի, որ կրծքից, շշից, բութ մատից և ծծակից բացի հանգստանալու այլ ձևեր էլ կան, հետագայում ծծելու հաճույքին ավելի շատ փոխարինողներ կփնտրի:
  3. Հարկավոր է զբաղեցնել բութ մատիկները: Խեղճ ձանձրացած բութ մատիկները հաճախ փնտրում են իրենց ընկերոջը՝ բերանը, երբ ավելի հետաքրքիր զբաղմունք չունեն: Զբաղեցրեք ձանձրացած երեխային: Երբ տեսնում եք, որ երեխան բութ մատը ուզում է տանել բերանը, շեղեք երեխայի ուշադրությունը և օգնեք նրան զբաղվել մի գործողությամբ, որի ընթացքում երկու ձեռքերն էլ զբաղված կլինեն:
  4. Հանգիստ կյանք վարեք: Ձեր երեխան մեծանալով կօգտագործի իր բութ մատները ինքն իրեն հանգստացնելու համար: Դա լավ է: Հարկավոր է ստեղծել հանգիստ մթնոլորտ տանը: Հարկավոր է մշակել ձևեր, որոնք դուք կկիրառեք ջղային ժամանակ, օրինակ երկար զբոսանքներ, երաժշտություն, դանդաղ, խորը շնչելը, և երեխան կընդօրինակի ձեզ:
  5. Ցույց տվեք և ասացեք: Եթե ձեր երեխան արդեն մեծ է մատը ծծելու համար, և այս երևույթը կարող է վնասել նրա ատամներին, նշանակում է նա բավականին մեծ է հասկանալու համար, թե ինչ վնաս կարող է հասցել մատը ծծելը: Կանգնեցրեք նրան հայելու առաջ, և թող նա իր ցուցամատով շոշոփի առաջ եկած ծնոտը և տեսնի այն տարածությունը որ մնում է վերին և ստորին ծնոտների միջև: Ինքներդ ցույց տվեք առաջ եկած ծնոտի տեսքը, ընդօրինակելով Ճագարի և ցույց տալով, թե ինչ կլինի իր ատամների հետ՝ բութ մատը ծծելու պատճառով: Բացի դրանից, ցույց տվեք նրան, որ մատը, որը նա ծծում է այնքան էլ գեղեցիկ չէ, որքան մյուսը:
  6. Միջամտելու համար ճիշտ ժամանակ ընտրեք: Միջամտելու համար հարկավոր է ընտրել այնպիսի ժամանակ, երբ երեխան լավ տրամադրություն ունի: Եթե նա համապատասխան տրամադրություն չունի, միջամտությունը կարող է իշխանության համար վեճի հանգեցնել: Ձեր միջամտությունը կդիտվի որպես երեխայի անկախությանը սպառնալիք:
  7. Առաջարկեք հիշեցումներ։ Եթե երեխան չորս տարեկանից մեծ է, փորձեք փաթաթել մատը կպչուն վիրակապով։ Եթե երեխան մատը ծծում է գիշերը՝ քնած ժամանակ, հնարավոր է ձեռնոցը օգտակար լինել։ Երեխաների համար, ովքեր ծծում են մատները գիշերային քնի ընթացքում, դնելով բութը ատամներին ինչպես կեռիկ, ես առաջարկել եմ բժշկական փայտիկը փաթաթել բթին, որպեսզի այն չծալվի։ Եթե ձեր երեխան ավելի մեծ է, խոսեք նրա հետ հատուկ ներկի մասին։ Դրանով ներկում եք մատը, և այն բերանը տանելու դեպքում ծակոց է զգում, երբ մատը կպչում է շրթունքներին։ Խրախուսեք նրան անձամբ ներկել իր մատը, չէ որ դա իր մատն է և իր սովորությունը։
  8. Առաջարկեք մեկ այլ սովորություն։ Չորս տարեկանից մեծ երեխաների դեպքում կարող եք կիրառել մեկ այլ սովորության սկզբունքը։ Ցույց տվեք ձեր երեխային ինչպես ծալել թևերը, սեղմել իր բութ մատը կամ մեկ այլ ժեստ, որը նրան դուր կգա մատը ծծելու փոխարեն։ Իմ գրասենյակում ես կիրառել եմ մի հնարք՝ բութ մատը թաքցնելու խաղը, որը հաջողություն է ունեցել։ Հենց որ զգում եք, որ ուզում եք ծծել ձեր բութ մատը, ծալեք ձեր մատները բութ մատի վրայով և թաքցրեք այն բռունցքի մեջ։ Եթե դա գիշերային սովորություն է, առաջարկեք թաքցնել բութ մատը բարձի տակ։
  9. Ժամկետ որոշեք։ Եթե ձեր երեխան նպատակասլաց է, կարող եք վերջնաժամկետ տալ նրան, օրինակ. Երբ գա քո ծննդյան չորրորդ տարեդարձը, դու կարող ես ցտեսություն ասել մատը ծծելուն։ Պետք չէ շունչը պահել, այնուամենայնիվ։ Այդքան սպասված օրը նա կարող է ջերմորեն ժպտալ ձեզ և ասել, որ փոխել է իր միտքը։ Հիշեք՝ դուք պետք է ջերմորեն ժպտաք նրան ի պատասխան։
  10. Խորհրդակցեք ձեր երեխայի ատամնաբույժի հետ։ Եթե ձեր չորս տարեկան երեխան շարունակում է ծծել իր բութ մատը, և նրա ատամները սկսում են տուժել այդ սովորությունից, ատամնաբույժը կարող է տեղադրել հատուկ սարք, որը թույլ չի տալիս բութ մատին հրել ատամները։
  11. Անհրաժեշտ է շփվել մարդկանց հետ բութ մատիկի փոխարեն։ Եթե դուք նկատում եք, որ ձեր երեխան առանձնանում է խմբակային խաղից և խաղում իր մատիկի հետ՝ այլ երեխաների հետ խաղալու փոխարեն, հնարավոր է ձեր երեխան սոցիալական օգնության կարիք ունի։ Բութ մատը ծծելու համար նրան նախատելու փոխարեն անհրաժեշտ է փնտրել ինքնագնահատականի հետ կապված խնդիրը, որը խանգարում է նրան սոցիալական շփումներում։ Օգնության կարիք զգալու դեպքում, կարող եք խորհրդակցել մասնագետի հետ։
  12. Աղյուսակ կազմեք։ Երբ սկսվեն ընկերական ճնշումները, վեց-յոթ տարեկան երեխաները կարող են թողնել մատը ծծելու սովորությունը ելնելով իրենց պատճառներից։ Առաջարկեք նրան աղյուսակ կազել, որտեղ նա կարող է նշել թե ամեն օր քանի անգամ է ծծում մատը։Նա շահագրգռված կզգա իրեն տեսնելով, թե ինչպես են նվազում թվերը։ Կարիք չկա նրան հետևելու կամ հիշեցնելու կամ ստուգելու նրա աղյուսակը։

Ինչն է ավելի լավ, մատիկները, թե ծծակները։ Նորածինները մատիկների կողմնակից են։ Դրանք միշտ հասանելի են, համը ծանոթ է, գիշերը չեն կորչում և հատակին չեն ընկնում։ Իսկ ատամնաբույժները ծծակների կողնակից են, քանի որ երեխաները իրենց մատիկները որպես կեռիկներ չեն օգտագօրծում, և նրանք կարող են կորչել ընդմիշտ։ Նույնիսկ նրանք, ում դուր չի գալիս թե ինչպես են ծծակները խանգարում տեսնել երեխայի դեմքը, դժվար է չհամաձայնել սիլիկոնե այս առարկայի հանգստացնող հատկության հետ։

Բոլոր երեխաները ծծում են իրենց մատիկները ինչ-որ ժամանակ։ Եթե նրանց ծծելու պահանջը ժամանակին բավարարվի պատշաճ ձևով, նրանք հազվադեպ են շարունակում ունենալ այդ սովորությունը պատանեկության տարիներին։

 

 

Թարգմանեց Արմինե Ներսիսյանը

 

Thumbsucking

Կատաղության նոպաներ
Բաժանման անհանգստություն