Կրծքով կերակրելու սենյակ

Մանկական հանկարծամահության համախտանիշը և կապը փորի վրա քնելու հետ



Ի՞նչ է մանկական հանկարծամահության համախտանիշը

Երբեմն երեխան, որը թվում է առողջ, մահանում է քնի մեջ: Սա կոչվում է մանկական հանկարծամահության համախտանիշ (ՄՀՀ) :

Դեպքերի մեծամասնությունում, ծնողը կամ երեխային խնամող անձը պառկեցում է երեխային քնելու և ավելի ուշ վերադառնալիս երեխային գտնում է անշունչ: Այս դեպքում ոչ ոք մեղավոր չէ: Սա կարող է պատահել նույնիսկ, եթե դուք ամեն ինչ ճիշտ եք արել:

Չնայած որ այս համախտանիշը հազվագյուտ է, դա 1-12 ամսական երեխաների մահվան ամենատարածված պատճառն է: ՄՀՀ-ն ամենահաճախը հանդիպում է, երբ երեխան 2-4 ամսական է, դեպքերի 90 տոկոսը պատահում է մինչև երեխայի 6 ամսականը:

ա

Որո՞նք են ախտանիշները

ՄՀՀ-ն չունի աշտանիշ կամ նախանշան: Երեխաները, որոնք մահանում են ՄՀՀ-ից, թվում են ամենևին առողջ քնելուց առաջ: Նրանք պայքարի նշաններ չեն ցույց տալիս և հաճախ նրանց դիրքը նույնն է, որով ծնողները նրանց թողել են անկողնում:

ա

Ո՞րն է ՄՀՀ-ի պատճառը

Բժիշկները չգիտեն, թե որն է ՄՀՀ-ի պատճառը: Համարվում է, որ ՄՀՀ-ի պատճառ չի կարող հանդիսանալ որևէ եզակի գործոն, այլ այն հաճախ մի քանի գործոնների համագործակցություն է: ՄՀՀ-ն կարող է պատահել ցանկացած ընտանիքում անկախ կրթության կամ սոցիալ-տնտեսական մակարդակից:

Ներկայիս հետազոտությունների արդյունքներն ավելի են ամրապնդում ուղեղի դերը այս երևույթի հարցում: ՄՀՀ-ն կարող է կախված լինել նրանից, թե կյանքի առաջին ամիսների ընթացքում, որքանով է ուղեղը կարողանում կառավարել շնչառությունը, սրտի աշխատանքը, ռիթմը և մարմնի ջերմաստիճանը:

ա

1 – Փորի վրա քնելը վտանգավոր է երեխայի համար

baby-sids-modified-mfՄՀՀ-ի ամենագլխավոր պատճառը համարվում է փորի վրա քնելը: Բազում հետազոտությունները գտել են որ ՄՀՀ-ի հավանականությունը շատ ավելի բարձր է փորի վրա քնող երեխաների մոտ՝ մեջքի վրա քնող երեխաների համեմատատ (մոտ 13 անգամ ավելի բարձր):

ա

Ինչպե՞ս է սա բացատրվում

Ֆիզիկական ճնշում: Որոշ գիտնականներ կարծում են, որ փորի վրա քնելն ավելորդ ճնշում է գործադրում երեխայի ծնոտի վրա` նեղացնելով շնչուղիները և խանգարելով շնչառությանը:

Ուղեղի թերի աշխատանքը: Երեխաները, որոնք մահանում են ՄՀՀ-ից, կարող են ունենալ խնդիրներ արկուտային կորիզում`ուղեղի հատված, որը օգնում է կառավարել շնչառությունը և քնից զարթնելը: Փորի վրա քնելուց բարձրանում է արտաշնչած օդը հետ շնչելու հավանականությունը: Այս հավանականությունն ավելի բարձր է, հատկապես եթե երեխան քնում է փափուկ ներքնակի վրա, շրջապատված է փափուկ խաղալիքներով կամ երեսի կողքին բարձ կա: Այս դեպքում փափուկ մակերեսը կամ խաղալիքները կարող են երեխայի երեսի մոտ ստեղծել փակ տարածք և չթողնել, որ արտաշնչած ածխաթթու գազը տարածվի օդի մեջ: Եթե երեխան թթվածնի փոխարենը շնչում է իր արտաշնչած օդը և չի ստանում բավարար քանակի թթվածին, նրա ուղեղը սովորաբար ստիպում է երեխային զարթնել և լացել: Երեխան, ում արկուտային կորիզը ճիշտ չի գործում, կարող է չունենա այդ զարթնելու ռեակցիան և ՄՀՀ-ի ավելի մեծ ռիսկ ունենալ:

Բացի այդ, փորի վրա քնելիս երեխաները ապնոե (շնչելու պաուզա) ունենալու ավելի մեծ հավանականություն ունեն, որից կարող է չզարթնեն, եթե շունչ չքաշեն: Սա նույնպես ուղեղի թերի աշխատանքի հետևանք է:

ա

Երեխաները պետք է քնեն մեջքի վրա

Շատ երեխաներ ավելի լավ են քնում փորի վրա, քան մեջքի վրա: Սակայն հաշվի առնելով համոզիչ փաստարկները, որ փորի վրա քնելը կարող է հանգեցնել ՄՀՀ-ին, Ամերիկայի Մանկաբույժների Ակադեմիային (ԱՄԱ) 1994 թվականին խորհուրդ տվեց բոլոր մեկ տարեկանից ցածր երեխաներին քնեցնել մեջքի վրա: Այս խորհուրդից հետո ՄՀՀ-ի դիպքերի քանակը իջել է 50 տոկոսով:

ա

Արդյո՞ք մեջքի վրա քնելիս ավելի բարձր է հավանականությունը, որ երեխան փսխի և խեղդվի

Շատ ծնողներ անհանգստանում են, որ մեջքի վրա քնելիս երեխան կարող է փսխել և խեղդվել: Ըստ Ամերիկյան Մանկաբույժների Ակադեմայի` առողջ երեխայի մոտ չկա խեղդվելու ավելի բարձր ռիսկ մեջքի վրա քնելիս` փորի վրա քնելու համեմատ: Ստամոքսա-կերակրափողային հետհոսքի (ռեֆլյուքս) կամ որոշ վերին շնչուղիների հիվանդություններ ունեցող երեխաների համար փորի վրա քնելը կարող է լինել ավելի ապահով, սակայն, դուք պետք է խորհրդակցեք ձեր բժշկի հետ` երեխայի համար ամենալավ դիրքը որոշելու համար:

ա

Կարելի՞ է արդյոք կողքի վրա քնեցնել

Ոչ: Երեխային կողքի վրա քնեցնելը նույնպես չի խրախուսվում, որովհետև երեխան ավելի մեծ հավանականություն ունի շուռ գալու փորի վրա:

ա

Իսկ եթե գլուխը տափակի՞

Որոշ ծնողներ կարող են անհանգիստ լինել, որ երեխայի գլխի հետևի հատվածը կտափակի՝ մեջքի վրա երկար պառկելու հետևանքով: 90-ականներից սկսած սա իրոք ավելի հաճախ է հանդիպում երեխաների մոտ: Սակայն, այն ուղղելը շատ հեշտ է` պետք է հաճախակի փոխել երեխայի դիրքը, նրան շատ գրկել և արթուն եղած ժամանակ երեխային հաճախակի դնել փորի վրա ծնողի հսկողության տակ: Գլուխը ի վերջո կկլորանա:

Շատ դեպքերում ծնողները կարող են քնեցնել փորի վրա, որովհետև այդ դիրքում երեխաների մեծամասնությունը ավելի երկար է քնում՝ մեջքի վրա քնելու համեմատ: Սակայն, ծնողները պետք է աչալուրջ լինեն և միևնույն է պառկեցնեն երեխային մեջքի վրա: Երեխան, ով արթնանում է հաճախակի, նորմալ երեխա է և չպետք է համարվի վատ քնող: Սակայն, եթե ձեր երեխան հաճախ է արթնանում, որովհետև կտրուկ շարժում է իր թևերը և վեր թռնում, դուք կարող եք փաթաթել նրա թևերը, որպեսզի նա ավելի հեշտ քնի մեջքի վրա պառկած:

ա

Արդյո՞ք պետք է երեխային շուռ տալ մեջքի վրա, եթե նա քնի մեջ շրջվել է փորի վրա:

Երբ երեխան սկսում է ինքնուրույն շրջվել (սովորաբար 4-7 ամսականում), նա կարող է ընտրել ամբողջ գիշերվա ընթացքում չմնալ մեջքի վրա պառկած: Այս ժամանակ պառկեցրեք երեխային մեջքի վրա, բայց մի անհանգստացեք, եթե նա շրջվի փորի վրա, եթե նա արդեն կարողանում է ինքնուրույն պտտվել փորից մեջքի վրա և հակառակը: Թույլ տվեք նրան ընտրել իրեն հարմար դիրք:

ա

Կարո՞ղ եմ ցերեկային ժամերին քնեցնել երեխային փորի վրա

Ոչ: ՄՀՀ-ի ռիկսը նվազեցնելու համար դուք պետք է միշտ երեխային քնեցնեք մեջքի վրա՝ լինի դա ցերեկային, գիշերային քուն, տանը, դայակի մոտ կամ տատիկի տանը: Իրականում, երեխաները, որոնք սովորաբար քնում են մեջքի վրա, բայց որոնց ժամանակ առ ժամանակ պառկեցնում են քնելու փորի վրա (օրինակ, ցերեկային քնի ժամանակ) հատկապես մեծ ռիսկ ունեն ՄՀՀ-ի, քանի որ նրանք սովոր չեն այդ դիրքին:

ա

2 – Այլ գործոններ

– ՄՀՀ-ն ավելի հաճախ է պատահում վաղաժամ ծնված երեխաների և զույգ, եռյակ կամ քառյակ երեխաներից մեկի մոտ: Նրանց ուղեղը ծննդյան պահին դեռ ամբողջովին զարգացած չէ և կարող է այդքան ունակ չլինել կառավարելու շնչառությունը: Ի դեպ, խորհուրդ չի տրվում զույգ երեխաներին քնեցնել նույն անկողնում:

– Նույնը վերաբերում է ցածր քաշով ծնված երեխաներին:

– ՄՀՀ-ն ավելի հաճախ է այն մայրերի երեխաների դեպքում, ում տարիքը 20 տարեկանից ցածր է երեխային ունենալու պահին: Եթե մայրը առաջին երեխային ունեցել է մինչև 20 տարեկանը, ապա խորհուրդ է տրվում երկրորդ երեխային ունենալ 20ից հետո: Հակառակ դեպքում ռիսկը 2րդ երեխայի համար շատ է բարձրանում:

– ՄՀՀ-ը փոքր ինչ ավելի հաճախ է հանդիպում տղաների մոտ:

– Եթե ընտանիքում արդեն եղել է ՄՀՀ-ի դեպք, ռիսկը համարվում է ավելի մեծ ընտանիքի այլ երեխաների համար, այս դեպքում պատճառը կարող է լինել գենետիկ բնույթի (օրինակ, քունը կարգավորող սերոտոնին հորմոնի կարգավորումը):

– Երեխայի վերին շնչառական ուղղիների վարակվելը նույնպես կարող է նպաստել ՄՀՀ-ին:

ա

Ինչպե՞ս նվազեցնել ՄՀՀ-ի ռիսկը

Բացի մեջքի վրա քնեցնելուց ԱՄԱ-ն խորհուրդ է տալիս.

  • Քնեցրե՛ք երեխային չոր ներքնակի վրա, երբեք բարձ մի օգտագործեք, մի քնեցրեք բազկաթոռի, աթոռի, կամ այլ փափուկ մակերեսի վրա: Մի օգտագործեք վերմակ, փափուկ խաղալիքներ, շալ կամ այլ կտորեղեն: Քնեցրեք երեխային քնապարկի մեջ՝ վերմակ օգտագործելու փոխարեն, քանի որ երեխան կարող է վերմակը քաշել երեսի վրա:
  • Մի՛ օգտագործեք անկողնում կողային ներքնակներ: Նրանք կարող են խանգառել օդափոխությանը և նպաստել ածխաթթու գազի կուտակվելուն: Երեխան կարող է նաև խեղդվել, եթե երեսով մխրճվի կտորի մեջ: Բացի այդ, առանց կողային ներքնակների դուք կկարողանաք ավելի լավ հետևել երեխային:
  • Համոզվե՛ք, որ ձեր երեխայի պատվաստումները արվել են: Հետազոտությունները ցույց են տվել, որ պատվաստված երեխաների մոտ ՄՀՀ-ի ռիսկը 50 տոկոսով ավելի ցածր է:
  • Համոզվե՛ք, որ երեխան չի շոգում քնելու ժամանակ: Երեխայի սենյակի ջերմաստիճանը պետք է լինի այնքան, որ կարճաթև հագած մեծահասակը իրեն լավ զգա: Իդեալական է համարվում 18 աստիճանը: Որոշ գիտնականներ գտնում են, որ երեխան, ով շատ է տաքանում կարող է ավելի խորը քուն մտնել և չարթնանալ: Եթե փաթաթում եք երեխային, ապա տաք մի հագցրեք: ՄՀՀ-ի շատ դեպքեր պատահում են ձմռանը, հավանաբար, այն պատճառով, որ երեխաները շատ տաք են հագնված քնելու ընթացքում, նրանց ծածկում են վերմակով, ինչպես նաև շնչառական ուղիների վարակի աճի հետևանքով:
  • Մի՛ ծխեք, մի՛ խմեք և թմրանյութ մի՛ օգտագործեք հղիության ընթացքում: Երեխայի ծնունդից հետո մի ծխեք նրա ներկայությամբ: ՄՀՀ-ի ռիսկը 3 անգամ ավելի բարձր է այն երեխաների մոտ, որոնց մայրերը ծխել են հղիության ընթացքում: ՄՀՀ-ի ռիսկը 2 անգամ ավելի բարձր է այն երեխաների մոտ, որոնց մայրերի ներկայությամբ ծխել են հղիության ընթացքում: Գիտնականները գտնում են, որ ծխելը կարող է ազդել երեխայի նյարդային համակարգի վրա, ծնունդից առաջ և շարունակվելով ծնունդից հետո, և սա կարող է բարձրացնել ՄՀՀ-ի ռիսկը:
  • Հետևե՛ք ձեր և ձեր երեխայի առողջությանը հղիության ընթացքում
:
  • Եթե հնարովոր է, կրծքով կերակրե՛ք երեխային: Կրծքով կերակրելը կարող է օգնել նվազեցնել ՄՀՀ-ի ռիսկը: Դրա պատճառը դեռ պարզ չէ, սակայն գիտնականները գտնում են, որ կրծքի կաթը օգնում է պաշտպանել երեխաներին հիվանդություններից, որոնք բարձրացնում են ՄՀՀ-ի ռիսկը: 2011 թվականին կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ ՄՀՀ-ի ռիսկը նվազում է 2 անգամ ցանկացած տևողությամբ կրծքով կերակրվող երեխաների մոտ: Ռիսկը նվազում է 70 տոկոսով, երբ երեխան սնվում է բացառապես կրծքով 4-6 ամիս:
  • Եթե ձեր երեխան ստամոքսա-կերակրափողային հետհոսք ունի, հետևե՛ք երեխայի բժշկի խորհուրդներին` սնուցման և քնեցնելու վերաբերյալ:
  • Եթե ձեր երեխան ծծակ է ծծում, քնեցրե՛ք նրան ծծակով: Եթե ձեր երեխան հրաժարվում է ծծակից կամ դուք չեք ցանկանում ծծակ տալ, ապա մի՛ ստիպեք նրան դա ընդունել: Եթե դուք կրծքով կերակրում եք, սպասե՛ք մինչև երեխայի 1 ամսականը՝ ծծակ առաջարկելուց առաջ:
  • Խորհուրդ չի տրվում երեխային քնեցնել ծնողների անկողնում, կամ ծնողի հետ բազկաթոռի կամ աթոռի վրա: Հետազոտությունները ցույց են տվել որ ՄՀՀ-ի ռիսկը 3 անգամ ավելի բարձր է ծնողների հետ քնող երեխաների համար, հատկապես, եթե ծնողներից մեկը ծխում է, գերհոգնած է կամ դեղ է ընդունում: Մյուս կողմից, մայրերը կարող են ավելի արագ արձագանքել երեխայի շնչառական խնդիրներին, եթե երեխան նրանց կողքին է քնած: Եթե ցանկանում եք քնեցնել երեխային ձեր հետ, խորհրդակցե՛ք մանկաբույժի կամ կրծքով կերակրելու մասնագետի հետ՝ միասին քնելն ավելի ապահով դարձնելու համար: Օրինակ, դուք կարող եք օգտագործել անկողնուն կպնող մանկական անկողիններ որոնք թույլ են տալիս պահել երեխային շատ մոտ, հեշտացնում են կրծքով կերակրելը, որից հետո երեխան կարող է ապահով քնել իր անկողնում: Ի դեպ, երեխային ձեր սենյակում քնեցնելը նվազեցնում է ՄՀՀ-ի ռիսկը 50 տոկոսով:
  • Թույլ մի՛ տվեք ձեր երեխային երկար ժամանակով քնել ավտոմեքենայի նստատեղի, մանկասայլակի կամ երեխայի համար նախատեսված այլ նստատեղում, հատկապես մինչև երեխայի 4 ամսականը: Նրա գլուխը կարող է շատ առաջ գալ և խանգառել շնչելուն:
  • Զգուշացրե՛ք բոլոր անձանց, որոնք խնամում են ձեր երեխային, մեջքի վրա քնեցնելու մասին:

Այսպիսով, ՄՀՀ-ի բարդ պրոցեսը բացատրելու համար ձևակերպվել է եռակի ռիսկի վարկածը, որը առաջարկում է որ ՄՀՀ-ի պատճառով մահացած երեխաները.

  • գտվնում են իրենց իմմունային, սրտանոթային և շնչառական համակարգերի զարգացման կրիտիկական փուլում,
  • հակված են ռիսկին, որովհետև նրանց մոտ կա մկանային թուլություն կամ նյարդային արատ,,
  • նրանց վրա ազդել է միջավայրի գործոն, ինչպիսին է փորի վրա պառկելը կամ փափուկ ներքնակը:

Կազմեց և թարգմանեց՝ Լիանա Ղազարյանը

Խմբագրեց Պրաքսյա Նազարեթյանը

Աղբյուրներ`

http://pediatrics.aappublications.org/content/128/5/e1341

http://kidshealth.org/en/parents/sids.html#

http://www.mayoclinic.org/diseases-conditions/sudden-infant-death-syndrome/basics/prevention/con-20020269

https://sleepfoundation.org/sleep-disorders-problems/sudden-infant-death-syndrome-and-sleep/page/0/4


1 thought on “Մանկական հանկարծամահության համախտանիշը և կապը փորի վրա քնելու հետ”

Comments are closed.