Կրծքով կերակրելու սենյակ

Ուժեղ արտահոսք և կաթի գերառաջարկ


REFԱրդյո՞ք իմ խնդիրը ուժեղ արտահոսքն է

Նկատել եք արդյո՞ք ձեր երեխայի մոտ այս նշաններից որևե մեկը՝

  • Կրծքով կերակրվելիս երեխան ասես խեղդվում է, կուլ է տալիս մեծ կումերով, շնչահեղձ է լինում, հազում է՝ ասես կաթը շատ արագ է գալիս,
  • Կուրծք ուտելիս երեխան կրծքից հետ է քաշվում,
  • Արտահոսքի ժամանակ երեխան սեղմում է պտուկը՝ ասես փորձում է դանդաղեցնել հոսքը,
  • Չփչփոցի ձայն է հանում,
  • Հաճախ հետ է տալիս և շատ գազեր ունի,
  • Պարբերաբար հրաժարվում է կրծքից,
  • Չի սիրում կոմֆորտի համար կուրծք ուտել:

Եթե սրանք ձեզ ծանոթ են, ապա հնարավոր է, որ դուք ուժեղ արտահոսք ունեք, որը հաճախ կապված է լինում կաթի գերառաջարկի հետ: Սովորաբար ուժեղ արտահոսքի կամ գերառաջարկի հետ կապված խնդիրները սկսում են 3-6 շաբաթականում: Ուժեղ արտահոսքը փոքր անհարմարությունից կարող է դառնալ լուրջ պրոբլեմ՝ կախված նրանից, թե ինչպես է այն ազդում կրծքով կերակրելու պրոցեսի վրա

Ի՞նչ կարող եմ անել

Կա երկու հիմնական մեթոդ ուժեղ արտահոսքը կարգավորելու համար՝ (1) օգնել երեխային ավելի հեշտ կառավարել արտահոսքը (2) փորձել քչացնել կաթի քանակը՝ այն հարմարեցնելով երեխայի պահանջներին: Քանի որ ուժեղ արտահոսքը սովորաբար կաթի գերառաջարկի հետևանք է, շատ մայրեր փորձում են միաժամանակ երկու մեթոդն էլ կիրառել: Կարող է մի քանի շաբաթ պահանջվել գերառաջարկը կարգավորելու համար, այնպես որ եղեք համբերատար և շարունակեք աշխատել այդ ուղղությամբ:

Օգնե՛ք երեխային կարգավորել ուժեղ արտահոսքը

  • Կերակրելիս երեխային պահեք այնպիսի դիրքում, որ նա լինի մոր կրծքերից ավելի բարձր: Ամենաարդյունավետ դիրքերը այն դիրքերն են, որում երեխայի գլուխը և կոկորդը ձեր պտուկից բարձր են գտնվում: Փորձեք նաև հետևյալ դիրքերը՝
  • Դասական օրորոցի դիրքը, երբ մայրը հենված է դեպի հետ (բարձերը ձեզ կօգնեն այս դիրքը ընդունել)

woman-breastfeeding-baby-photo-420x420-ts-77297709

  • Ֆուտբոլի գնդակի դիրքը, երբ մայրը հենված է դեպի հետ

  • Երեխան նստած է դեմքով դեպի մայրը

  • Կողքի վրա պառկած դիրքը, երբ երեխան կարող է ավելորդ կաթը բերանից թափել՝ առանց ստիպված լինելու այն կուլ տալ

  • Մեջքի վրա պառկած կերակրելը, երբ երեխան գտնվում է նրա փորին

Laid-Back-Nursing

  • Կերակրեք ավելի հաճախ: Հաճախ կերակրելը նվազեցնում է կաթի քանակը, որը հավաքվում է կերակրելու արանքում:
  • Կերակրեք, երբ երեխան քնկոտ է կամ հանգիստ: Երեխան այդ ժամանակ ավելի հանգիստ է ծծում, և կաթի հոսքը ավելի դանդաղ է լինում:
  • Արտահոսքի ժամանակ երեխայի բերանից կուրծքը հանեք և թողեք, որ կաթը հոսի մի մաքուր կտորի մեջ: Երբ հոսքը մի քիչ թուլանա, նորից կուրծքը տվեք երեխային
  • Կթիչով կամ ձեռքով կուրծքը կթեք այնքան, որ կաթի հոսքը քչանա, և նոր կուրծքը տվեք երեխային: Այս մեթոդը կիրառեք միայն այն դեպքում, երբ մյուս մեթոդները չեն օգնում: Հիշեք, որ կթելը խթանում է կաթի արտադրությունը, այնպես որ կթելիս աշխատեք քիչ կաթ կթել:

Հարմարեցրեք ձեր կաթի քանակը երեխայի պահանջներին

  • Եթե երեխան լավ քաշ է հավաքում, ապա երեխային ամեն կերակրելուց տվեք մեկ կուրծք: Եթե երեխան լավ քաշ չի հավաքում, պետք չէ քչացնել կաթը: Նման դեպքերում դիմեք մասնագետի օգնությանը:
  • Մի փորձեք քչացնել կաթի քանակը առաջին 4-6 շաբաթում: Սա այն շրջանն է, երբ ձեր կաթը պետք է կտրուկ շատանա, իսկ փոքր երեխաների դեպքում նորմալ է, եթե նրանք սկզբնական շրջանում կաթի հոսքը կարգավորելու հետ խնդիրներ ունենան:
  • Եթե ցանկանում եք նվազեցնել կաթի քանակը առանց երեխայի ուտելու հաճախականությունը նվազեցնելու, ապա փորձեք կիրառել բլոկ կերակրում մեթոդը (block feeding), որը նկարագրված է ստորև.
  • Եթե երեխան վերջացնում է առաջին կուրծքը և ցանկանում է շարունակել ուտել, նորից տվեք նույն կուրծքը:
  • Եթե այն կուրծքը, որով այդ անգամ չեք կերակրել, սկսում է ծանրանալ կամ ցավալ, մի քիչ կթեք՝ այնքան, որ տհաճ զգացումը վերանա, ապա տաս-տասնհինգ րոպե սառը թրջոց դրեք: Կերակրելու անգամների արանքում այդ կրծքին կարող եք էլի սառը թրջոց դնել, որի արդյունքում արյան հոսքը դեպի այդ կուծքը կդանդաղի և այդպիսով ավելի քիչ կաթ կարտադրվի:
  • Եթե ամեն կերակրելուց միայն մեկ կրծքով կերակրելը մեկ շաբաթում չի կարգավորում կաթի քանակը, ապա երեխային նույն կրծքով կերակրեք երկու կամ երեք անգամ իրար հետևից, հետո նոր փոխեք կուրծքը:
  • Մի սահմանափակեք կրծքով կերակրումները, շարունակեք երեխային կերակրել ըստ պահանջի, պարզապես երկու կամ երեք անգամ առաջարկեք նույն կուրծքը:
  • Մեկ այլ տարբերակ է կերակրելու ընթացքում ավելի հաճախ կրծքերը փոխելը:
  • Երրորդ մեթոդը կոչվում է կրծքերի լռիվ դատարկում և բլոկ կերակրում: Այս մեթոդի դեպքում մեկ անգամ կրծքերը լավ դատարկվում են, իսկ հետո սկսվում է բլոկ կերակրումը՝ նույն կրծքով մայրը կերակրում է երեք ժամ, իսկ հետո փոխում է կուրծքը:
  • Ուշադիր եղեք այն կրծքին, որով այդ ժամանակահատվածում չեք կերակրում՝ կրծքագեղձի բորբոքոմից կամ խցանումներից խուսափելու համար:
  • Խուսափեք կրծքերը ավելորդ տեղը գրգռելուց՝ կթելուց, տաք ցնցուղը երկար կրծքի վրա պահելուց և այլն:
  • Որոշ այլ մեթոդներ, օրինակ՝ կաղամբի տերևներ կամ դեղաբույսեր, կարող են կիրառվել միայն ավելի ծայրահեղ դեպքերում:

Եթե նույնիսկ այս մեթոդները չօգնեն ամբողջությամբ լուծել խնդիրը, ապա դրանք մի քիչ կկարգավորեն կաթի գերառաջարկը և ուժեղ արտահոսքը: Հիշե՛ք, որ գերառատ կաթը և արտահոսքը ինքնուրույն կարգավորվում են մոտավորապես 12-րդ շաբաթում՝ լակտոգենեզի III փուլում (Կարդացեք “Ինչպես է մեր օրգանիզմը այրական կաթ արտադրում“):

Երբեմն կաթի գերառաջարկ կամ ուժեղ արտահոսք ունեցող մայրերի երեխաները սովորում են դրանց, և երբ կաթը սկսում է կարգավորվել մոտավորապես 3-րդ շաբաթից 3-րդ ամսվա ընթացքում, նրանք սկսում են նեղվել կաթի դանդաղ արտահոսքից:

Հեղինակ՝ Քելլի Բոնյատա

Աղբյուրը՝ http://kellymom.com/bf/got-milk/supply-worries/fast-letdown/
Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

Copyright © 19 November 2014 kellymom.com. Reprinted with permission from kellymom.com, which does not endorse any particular uses of this translated document. kellymom.com is not responsible for the completeness or the accuracy of the translation.