Մայրական կաթը միակ սնունդ է, որ առողջ, ժամանակին ծնված (доношенный) երեխաները պետք է ուտեն կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում: Մայրական կաթի բաղադրությունը փոփոխվում է օրվա տարբեր ժամերին եւ երեխայի տարիքից կախված, այնպես որ յուրաքանչյուր մայր ունի այն կաթը, որը համապատասխանում է իր երեխայի յուրահատուկ կարիքներին: Մայրական կաթն ապահովում է երեխայի համար իմունիտետի տարրեր, եւ քանի դեռ երեխան կերակրվում է, երեխայի առողջությանը կրծքով կերակրման տված օգուտները շարունակվում են ամբողջ մանկության ընթացքում եւ ավելի:
Շատ պինդ սնունդներ ավելի ցածր կալորիականություն եւ ցածր սննդային արժեք ունեն, քան մայրական կաթը, եւ կարող են դժվարամարս լինել նորածինների համար: Դրանք կարող են առաջացնել ոչ ցանկալի ռեակցիա եւ նույնիսկ ալերգիա: Այս խնդիրներից կարելի է խուսափել սպասելով, մինչեւ ձեր երեխան պատրաստ լինի պինդ սննդին: Որոշ ծնողներ սկսում են տալ երեխաներին պինդ սնունդ ավելի վաղ, քան երեխան պատրաստ է դրան՝ վատնելով ավելորդ ժամանակ, էներգիա եւ գումար:
Կրծքով կերակրվող երեխաներին պետք չէ տալ լրացուցիչ սնունդ մինչեւ մոտավորապես կյանքի առաջին կես տարվա ընթացքում: Մինչ այդ դուք կտեսնեք որոշ նշաններ, որ ձեր երեխան փոխվում է, զարգանում եւ նախապատրաստվում է մի քանի ամիս անց պինդ սնունդ ընդունելուն: Դուք կարող եք նկատել, որ՝
նա դառնում է ավելի մարդամոտ, խաղում եւ «զրուցում» ձեզ հետ կերակրման ընթացքում,
նա ունի աճի պոռթկում եւ ավելի հաճախ է սնունդ պահանջում,
նա ընդօրինակում է ծամելու ընդունակությունը, նա փորձ է ձեռք բերում:
Դուք կհասկանաք, որ նա, իրոք, պատրաստ է սկսել պինդ սնունդ երբ երեխան՝
մոտ վեց ամսական է,
կարող է նստել առանց որեւէ աջակցության,
քաղցած է մնում, չնայած ավելի հաճախակի կերակրելուն, ինչը կապ չունի հիվանդության կամ ատամ հանելու հետ,
կորցրել է լեզվով ետ մղելու ռեֆլեքսը եւ պինդ սնունդը բերանից դուրս չի հանում,
կարող է բռնել իրեր ցուցամատով եւ բութ մատով (ունելու էֆեկտ):
Երեխաները, ովքեր պատրաստ են պինդ սննդին, սովորաբար կարողանում են ինքնուրույն ուտել: Մայրերը հաճախ նշում են, որ իրենք հասկանում են, որ իրենց երեխաները պատրաստ են, երբ նրանք վերցնում են սնունդը ափսեից, ծամում, կուլ տալիս եւ ցանկանում էլի:
Լսե՛ք ձեր երեխային: Ալերգիաներին հակում ունեցող երեխաները կարող են հրաժարվել պինդ սննդից ավելի երկար՝ մինչեւ իրենց առաջին տարին գրեթե լրանալը: Քանի դեռ նրանք աճում են, երջանիկ ու առողջ են, կարիք չկա անհանգստանալու:
Հեղինակ՝ La Leche League International
Աղբյուրը՝ https://www.llli.org/faq/solids.html
Թարգմանեց՝ Արփինե Սիրեկանյանը