Կրծքով կերակրելու սենյակ

Երկաթի անբավարարությունը կրծքով կերակրվող երեխաների մոտ. կանխարգելում և հաղթահարում



Ինչու՞ է երկաթն այդքան կարևոր

Երկաթն ունի առանցքային կարևորություն երեխայի աճի և զարգացման մեջ: Այն նշանակալի դեր է խաղում մարդու օրգանիզմում, քանի որ մասնակցում է նյութափոխանակության կարգավորմանը, թթվածնի տեղափոխմանը, հյուսվածքային շնչառությանը և ազդում է իմունաբանական կայունության վրա: Եթե երեխան երկաթի պակաս ունի, նրա մոտ կարող է զարգանալ երկաթի անբավարարություն: Երկաթի անբավարարությունը կարող է տարբեր մակարդակներ ունենալ և տատանվել պաշարների սպառումից մինչև երկաթպակասային (երկաթդեֆիցիտային) սակավարյունություն, որի դեպքում արյան մեջ պակասում են անհրաժեշտ քանակությամբ առողջ էրիթրոցիտները՝ արյան կարմիր բջիջները: Չբուժվելու դեպքում երկաթի անբավարարությունը կարող է ֆիզիկական և մտավոր թերզարգացման պատճառ դառնալ:

Ի՞նչ է հեմոգլոբինը

Հեմոգլոբինը էրիթրոցիտներում՝ արյան կարմիր բջիջներում պարունակվող սպիտակուց է: Այն կազմում է էրիթրոցիտների 98%-ը: Էրիթրոցիտների հիմնական ֆունկցիան է թթվածնի տեղափոխումը թոքերից հյուսվածքներ և ածխաթթու գազի փոխադրումը հյուսվածքներից թոքեր: Երբ էրիթրոցիտներում նվազում է հեմոգլոբինի մակարդակը, ապա նվազում է նրանց թթվածին և ածխաթթու գազ փոխադրելու ընդունակությունը: Երբ օրգանիզմում երկաթի պաշարները սպառվում են, վատանում է հեմոգլոբինի սինթեզը և հեմոգլոբինի մակարդակը սկսում է իջնել: Սակավարյունության ամենատարածված տեսակը երկաթպակասային սակավարյունությունն է, երբ երկաթի պակասը օրգանիզմում հանգեցնում է հեմոգլոբինի կառուցվածքի խանգարմանը:[i]

Ի՞նչ է երկաթի անբավարարությունը և սակավարյունությունը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) երկաթի անբավարարությունը սահմանում է հետևյալ սանդղակի օգնությամբ՝


Հեմոգլոբինի մակարդակը և հեմատոկրիտի թվի սահմանային արժեքները սակավարյունության ախտորոշման համար

ՏԱՐԻՔԸ ԿԱՄ ՍԵՌԸՀԵՄՈԳԼՈԲԻՆԸ (ԳՐ/Լ)ՀԵՄԱՏՈԿՐԻՏԻ ԱՐԺԵՔԸ
6 ամսականից մինչև 5 տարեկան11033
5-11 տարեկան11534
12-13 տարեկան12036
Ոչ հղի կանայք12036
Հղի կանայք11033
Տղամարդիկ13039
Աղբյուրը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Հիմնվելով վերոհիշյալ աղյուսակի վրա՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սահմանում է սակավարյունության հետևյալ երեք մակարդակները՝


Սակավարյունության դասակարգումը և հեմոգլոբինի համապատասխան մակարդակը

ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՀԵՄՈԳԼՈԲԻՆԻ ՄԱԿԱՐԴԱԿ (ԳՐ/Լ)
Ծանր70-ից ցածր
Միջին100-ից ցածր՝ 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաների դեպքում90-ից ցածր՝ 6 ամսականից փոքր երեխաների դեպքում
Թեթև100-110
Աղբյուրը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Հայաստանում մանկաբույժներն օգտվում են հետևյալ սանդղակից երեխաների մոտ արյան հեմոգլոբինի նվազագույն նորմալ շեմը սահմանելու համար՝


Պերիֆերիկ (մազանոթային) արյան հեմոգլոբինի նվազագույն նորմալ չափանիշները երեխաների մոտ

ՏԱՐԻՔՀԵՄՈԳԼՈԲԻՆ
միավորԳ/%Գ/Լ
1 շաբ.8113.5135
1 ամս.6611.0110
2 ամս.579.595
3-5 ամս.6010.0100
6 ամս. – 4 տ.6611.0110
5 -11 տ.6911.5115
12-14 տ.տղաներ

աղջիկներ

75

72

12.5

12.0

125

120

> 14 տ.տղաներ

աղջիկներ

78

72

13.0

12.0

130

120

Ո՞ր երեխաներն են, որ երկաթի անբավարարության և դրանով պայմանավորված սակավարյունության ավելի բարձր ռիսկ ունեն: Երկաթպակասային սակավարյունության ռիսկային խմբում են՝

  • վաղաժամ ծնված երեխաները: Երեխաների օրգանիզմում երկաթի պաշարի 80% ձևավորվում է հղիության երրորդ եռամսյակում, և որքան երեխան ավելի շուտ է ծնվում, այնքան ավելի քիչ են նրա ներարգանդային շրջանում ձեռքբերված երկաթի պաշարները (Baker RD et al 2010),
  • երեխաները, որոնք ծնվել են 2500 գրամից ցածր քաշով (Dewey KG et al 2008): Որոշ աղբյուներում նշվում է 3000 գրամը,
  • պատշաճ բուժում չստացող շաքարախտով հիվանդ մայրերի երեխաները (Baker RD et al 2010),
  • այն երեխաները, որոնք բացառապես կրծքով են սնվում, սակայն որոնք աճում են շատ ավելի կտրուկ չորս ամսականից հետո (Marques RF et al 2014),
  • հղիության ժամանակ սակավարյունություն ունեցող մայրերի երեխաները,
  • կյանքի առաջին տարվա ընթացքում կովի կաթով, այլ ոչ թե կրծքով կամ կաթնախառնուրդով սնվող երեխաները,
  • ծանր սոցիալ-տնտեսական վիճակ ունեցող ընտանիքում ծնված երեխաները:[i]

Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ այն երեխաները, որոնց պորտալարը կտրվել է ծնվելուց մի քանի րոպե ուշ, 4, 6 և 8 ամսականում սակավարյունության ավելի ցածր ռիսկ են ունենում:[ii]

Հիշեք. երեխայի ռիսկային խմբում գտնվելը ավտոմատ կերպով չի նշանակում, որ պետք է ավելի շուտ սկսել հավելյալ սնունդը: Նման դեպքերում երեխայի կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում երկաթի հավելումները ավելի նախընտրելի են, քան հավելյալ սնունդը:[iii] Մյուս կողմից, առաջին վեց ամիսների ընթացքում երկաթի հավելումների կամ երկաթով հարստացված սննդի ներմուծումը երեխայի սննդակարգ իջեցնում է երեխայի երկաթ յուրացնելու կարողության արդյունավետությունը, այնպես որ նման հավելումի նշանակումը պետք է հիմնավորված լինի մանկաբույժի կողմից: [iv]

Պետք է նշել, որ բացի երկաթի անբավարարությունից, սակավարյունությունը կարող է նաև այլ պատճառներ ունենալ, ներառյալ՝

  • Սնվելու գործոններով պայմանավորված սակավարյունություն, երբ սննդի մեջ պակասում են այնպիսի սննդանյութեր, ինչպիսին են վիտամին A, ֆոլաթթուն, վիտամին В12, վիտամին С, վիտամին B2 և պղինձը:
  • Կապարի նույնիսկ ամենաքիչ քանակությունը կարող է խոչընդոտել հեմի սինթեզին և սակավարյունության պատճառ դառնալ:
  • Շրջակա միջավայրի արդյունաբերական կամ գյուղատնտեսական աղտոտմամբ է պայմանավորված ապլաստիկ սակավարյունությունը:
  • Քրոնիկ/համակարգային բորբոքումներով պայմանավորված սակավարյունություն:
  • Ժառանգական հիվանդություններով՝ հեմոգլոբինոզներով պայմանավորված սակավարյունություն:

 

Ինչպե՞ս է երկաթ ստանում կրծքով կերակրվող երեխան

Մայրական կաթում երկաթի պարունակությունը համեմատաբար քիչ է: Պարզապես այն շատ ավելի լավ է յուրացվում, քան կաթնախառնուրդում կամ կովի կաթում պարունակվող երկաթը: Կյանքի առաջին ամիսներին երեխան մայրական կաթից ստանում է մոտավորապես 0,35 մգ/լ երկաթ, եթե օրվա մեջ խմում է 0,78լ մայրական կաթ: Եվ սա այն դեպքում, երբ երեխայի օրական անհրաժեշտ չափաբաժինը 0,27մգ է: Աճին զուգահեռ մեծանում է երեխայի երկաթի անհրաժեշտությունը՝ կյանքի երկրորդ կիսամյակում հասնելով օրական 11 մգ-ի: Երկաթի պահանջն աճում է աստիճանաբար:


Երկաթի պարունակությունը և յուրացումը

Պարունակությունը (մգ/100գ)Յուրացումը(%)Յուրացվող քանակը(մգ/100գ)
Կովի կաթ0,02102
Եփած բրինձ0,4028
Գազար0,5420
Կրծքի կաթ0,045020
Երկաթով հարստացված մանկական կաթնախառնուրդ0,620120
Երկաթով հարստացված ցորենի ալյուր1,6520330
Տավարի միս 1,2 (հեմային)1,8 (ոչ հեմային)238460 (ընդհանուր)
Երկաթով հարստացված հացահատիկային կուլտուրաներ12,04480
Աղբյուրը՝ http://materinstvo.ru/art/2134 

Երեխան ծնվում է երկաթի լավ պաշարով, որը նա հասցրել է կուտակել ներարգանդային շրջանում: Սակայն գալիս է մի պահ, երբ այդ պաշարները սպառվում են, և երեխային անհրաժեշտ է լինում ավելի շատ երկաթ, քան նա կարող է ստանալ կրծքի կաթից: Հարցը կայանում է նրանում, թե ե՞րբ է գալիս այդ պահը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գրում է՝ “Չնայած մայրական կաթում երկաթի համեմատաբար քիչ պարունակությանը, որը, չնայած դրան, տարբերվում է ավելի բարձր կենսաբանական հասանելիությամբ, ծնվելու պահին մարմնի նորմալ զանգված ունեցող այն երեխաներին, որոնք իրենց կյանքի առնվազն առաջին չորս ամիսների ընթացքում սնուցվել են բացառապես կրծքի կաթով և շարունակում են կրծքով սնուցվել ըստ պահանջի, երկաթպակասային սակավարյունություն չի սպառնում մինչև 9 ամսական դառնալը: Կրծքի կաթում երկաթի պարունակությունը պայմանավորված չէ մոր օրգանիզմում երկաթի քանակով և շատ քիչ ազդեցություն ունի մոր սննդակարգում երկաթի քանակությունից:”[v] Սակայն մոր սակավարյունությունը կարող է քչացնել մոր կաթնարտադրությունը:[vi]

Մի քանի խոսք կերակրող մոր երկաթի պաշարների մասին: Տարածված կարծիք է, թե կանայք ավելի շատ երկաթի պահանջ ունեն, երբ կերակրում են: Չնայած կերակրող կանայք կարող են երկաթի պակաս ունենալ, դրա պատճառը, ամենայն հավանականությամբ, ծննդաբերության ժամանակ արյան կորուստն է: Մեկ այլ պատճառ կարող է լինել այն, որ հղիության երրորդ եռամսյակում մայրն իր երեխային է փոխանցում երկաթի մեծ քանակություն: Եթե այս շրջանում մոր սննդակարգը երկաթով հարուստ չէ, նրա մոտ կարող է զարգանալ երկաթպակասային սակավարյունություն:

Եթե նոր ծննդաբերած մոր հեմոգլոբինը 110 գ/լ-ից ցածր չէ, երկաթով հարուստ սննդակարգը, որն ընդգրկում է կարմիր միս, վիտամին C-ով և բետա-կարոտինով հարուստ թարմ մրգեր և բանջարեղեն, նրան կարող է տալ երկաթի բավարար քանակ իր և երեխայի երկաթի պահանջները հոգալու համար: [vii]

Առողջապահության համաշխարհային կամզակերպությունը նշում է՝ “Մոր մոտ ցածր հեմոգլոբինը և սակավարյունությունը հակացուցում չեն կրծքով կերակրելու համար: Փաստորեն, կրծքով կերակրելու դեպքում մոր օրգանիզմը ավելի քիչ երկաթ է կորցնում, քան դաշտանի ժամանակ: Այսպիսով, կրծքով կերակրումն օգնում է կանխարգելել սակավարյունությունը, և սակավարյունություն ունեցող մայրերին խորհուրդ է տրվում շարունակել կրծքով կերակրումը:”[viii]

Երկաթի յուրացումը

Սննդի մեջ լինում է երկու տեսակի երկաթ՝ հեմային և ոչ հեմային, որոնց յուրացման մեխանիզմները տարբեր են: Հեմային երկաթը առկա է մսի, հատկապես՝ լյարդի և ձկան հեմոգլոբինում և միոգլոբինում: Մսի հեմային երկաթի յուրացման միջին ցուցանիշը 25% է: Հեմային երկաթի դեպքում սննդի այլ բաղադրիչները քիչ են ազդում դրա յուրացման վրա:

Սննդի մեջ պարունակվող երկաթը հիմնականում ոչ հեմային երկաթ է: Ոչ հեմային երկաթի յուրացումն ավելի ցածր է, քան հեմային երկաթինը, սակայն երկաթի անբավարարություն ունեցող մարդիկ ավելի շատ են յուրացնում ոչ հեմային երկաթ: Բացի դրանից, ոչ հեմային երկաթի յուրացումը կախված է ստամոքսում նրա քայքայումից, որը իր հերթին պայմանավորված է նրանով, թե բացի այդ երկաթից մարդու ստամոքսում ինչ այլ սննդանյութեր են գտնվում:


Ոչ հեմային երկաթի յուրացումը խանգարող և արագացնող սննդամթերքներ

ՄթերքներԱզդեցության մակարդակըԱկտիվ բաղադրիչը
Խանգարող……………………………………………………………………………………………………………………………
Ամբողջ հացահատիկներ և եգիպտացորենՖիտատ
Թեյ, կանաչ տերևներով բանջարեղենՊոլիֆենոլներ
Կաթ, պանիրԿալցիում + ֆոսֆատ
ՍպանախՊոլիֆենոլներ, օքսոլինաթթու
ՁուՖոսֆոպրոտեին, ալբումին
ՀացահատկեղենՍննդային թելիկներ
Արագացնող………………………………………………………………………………………………………………………….
Լյարդ/միս/ձուկ+++Մսի գործոնը
Նարինջ, տանձ, խնձոր+++Վիտամին C
Սալոր, բանան++Վիտամին C
Ծաղկակաղամբ++Վիտամին C
Կանաչ հազար, պոմիդոր, կանաչ պղպեղ, վարունգ+Վիտամին C
Գազար, կարտոֆիլ, բազուկ, դդում, բրոկոլի, պոմիդոր, կաղամբ++/+Լիմոնի, խնձորի և գինու թթուներ
Կեֆիր, թթու կաղամբ++Թթուներ
Առողջապահության համաշխարհային կազմակերպություն[ix]

Ոչ հեմային երկաթի ավելի լավ յուրացման համար, խորհուրդ է տրվում այն օգտագործել խթանիչ սննդամթերքի հետ միաժամանակ: Ամենաուժեղ խթանիչներից են թարմ մրգերում և բանջարեղենում պարունակվող վիտամին С-ն և ֆերմենտավորված սննդամթերքները, օրինակ՝ կեֆիրը և թթու կաղամբը: Երկաթի յուրացման խոչընդոտում է թեյի մեջ պարունակվող պոլիֆենոլ տանինը: Շատ եվրոպական և կենտրոնական ասիական երկրներում տարածված սովորույթ է վաղ մանուկ հասակում երեխաներին թեյ տալը, որը նպաստում է երկաթի անբավարարության զարգացմանը:

Ինչպե՞ս կանխել երկաթի անբավարարությունը կրծքով կերակրվող երեխաների մոտ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեխաների մոտ երկաթի անբավարարության կանխարգելման համար տալիս է հետևյալ խորհուրդները՝

  • Մոտավորապես վեց ամսականում հավելյալ սնունդ սկսելիս կարևոր է, որ երեխայի սննդակարգում ընդգրկվեն սննդամթերքներ, որոնք հարուստ են երկաթով: Դրանցից են՝ լյարդը, միսը, ձուկը և լոբազգիները կամ երկաթով հարստացված հավելյալ սնունդը:

  • Երկաթպակասային սակավարյունության կարևոր ռիսկային գործոններից է ոչ ադապտացված կովի կաթի և կաթնամթերքի ժամանակից շուտ ներմուծումը երեխայի սննդակարգ: Այդ պատճառով պետք է խուսափել մինչև 9 ամսական երեխաներին ոչ մոդիֆիկացված կովի կաթ տալուց:

  • Քանի որ թեյի բոլոր տեսակները (և՛ սև, և՛ կանաչ) և սուրճը խանգարում են երկաթի յուրացմանը, անհրաժեշտ է խուսափել երեխային թեյ կամ սուրճ տալուց մինչև նրանց 24 ամսական դառնալը: Դրանից հետո անհրաժեշտ է խուսափել երեխային թեյ կամ սուրճ տալուց ուտելու ընթացքում:

  • Երեխաների մոտ երկաթի անբավարարությունը կանխելու հարցում կարևոր նշանակություն ունի այն, թե որքան երկաթի պաշար ունեն նրանք ծնվելու պահին: Երեխաների մոտ երկաթի անհրաժեշտ պաշար ձևավորելու համար հղիության ընթացքում մայրը պետք է օգտագործի երկաթով հարուստ սնունդ: Ծննդաբերության ժամանակ խորհուրդ չի տրվում սեղմել և կապել երեխայի պորտալարը քանի դեռ այն չի դադարել բաբախել:[x]

Դուք կարող եք կանխել երկաթպակասային սակավարյունությունը “խելոք” սննդային ընտրություններ կատարելով: Շատ ավելի ցանկալի է երկաթ ստանալ երկաթով հարուստ սննդի միջոցով, քան երկաթի հավելում ընդունելով, քանի որ վերջինս կարող է մարսողության խնդիրներ առաջացնել: Ահա մի քանի խորհուրդ, թե ինչպես կարող եք բավարար քանակով երկաթ ապահովել ձեր ընտանիքի սննդակարգում:

  1. Կերակրեք կրծքով որքան հնարավոր է երկար: Կրծքով կերակրվող երեխաները չորսից վեց ամսականում ավելի բարձր հեմոգլոբին ունեն քան երկաթով հարստացված կաթնախառնուրդով սնվող երեխաները: Կրծքով կերակրվող երեխաներն ապահոված են երկաթի բավարար պաշարով մինչև ինը ամսական դառնալը: Շարունակեք երեխային կերակրել կրծքով հավելյալ սնունդ սկսելուց հետո:
  2. Արհեստական սնուցման դեպքում ընտրեք երկաթով հարստացված կաթնախառնուրդ: Շարունակեք երեխային տալ նման կաթնախառնուրդ մինչև մեկ տարեկան դառնալը կամ քանի դեռ նա չի ուտում բավարար քանակի երկաթով հարուստ հավելյալ սնունդ:
  3. Հետաձգեք փոքր երեխաներին կովի կաթ տալը, սահմանափակեք դրա քանակը տարիքով ավելի մեծ երեխաների դեպքում: Խորհուրդ է տրվում խուսափել մեկ տարեկանից փոքր երեխաներին կովի կաթ տալուց:
  4. Ճիշտ համատեղեք սննդամթերքները: Վիտամին C-ով հարուստ և երկաթի լավ աղբյուր հանդիսացող սննդամթերքները միաժամանակ օգտագործելը կօգնի ավելի լավ յուրացնել երկաթը:
  5. Պարբերաբար օգտագործեք սալորաչրի հյութ, որը հարուստ է երկաթով:
  6. Կարտոֆիլը խաշելիս կամ տապակելիս մի մաքրեք կեղևը: Եթե ցանկանում եք, ապա պատրաստելուց հետո կարող եք ուտել նաև կարտոֆիլի կեղևը, որը հինգ անգամ ավելի շատ երկաթ է պարունակում, քան կարտոֆիլի միջուկը:
  7.  Ուտելիքը պատրաստեք երկաթից ամաններում: Նման ամաններում ուտելիք պատրաստելիս թթվային սննդամթերքներ՝ պոմիդոր, քացախ, կարմիր գինի, լիմոն և այլն օգտագործելը կարող է ավելացնել երկաթի պարունակությունը վերջնական ուտելիքում:[xi]

Ի՞նչ անել, եթե երեխան երկաթի անբավարարություն ունի

Ե՞րբ է պետք անհանգստանալ երեխայի հեմոգլոբինի հետազոտության արդյունքներից: Եկեք քննարկենք մինչև հինգ տարեկան երեխաների հեմոգլոբինի հետազոտությունների արդյունքները:

Եթե հետազոտության արդյունում երեխայի հեմոգլոբինի մակարդակը 110 գ/լ է, անհանգստանալու կարիք չկա: Հեմոգլոբինի 100-ից 110 գ/լ-ի դեպքում պետք է ուշադիր լինել երեխայի սննդակարգի նկատմամբ:

Եթե երեխան վեց ամսականից մեծ չէ և սնուցվում է կրծքի կաթով, իրեն նորմալ է զգում, չունի թուլություն, շուտ չի հոգնում, չունի գլխապտույտներ, ախորժակի անկում, նորմալ աճում և զարգանում է, ապա սակավարյունության զարգացման հավանականությունը մինիմալ է: Սակայն մի առ ժամանակ հետո ցանկալի է նորից ստուգել երեխայի հեմոգլոբինը: Եթե երեխան սնվում է արհեստական կաթնախառնուրդով, ապա մանկաբույժի հետ քննարկելուց հետո կարելի է փորձել մեկ այլ՝ երկաթի ավելի բարձր մակարդակ ունեցող կաթնախառնուրդ:

Ավելի մեծ տարիքի երեխայի դեպքում կարելի է փորձել բարձրացնել հեմոգլոբինի ցուցանիշը սննդակարգի կարգավորման միջոցով:


Երկաթով առավել հարուստ սննդամթերքներ[xii]

Կարմիր և սպիտակ միս, ձկնեղենԲանջարեղեն
Հորթի լյարդԼոբի
Հավի լյարդՍիսեռ
Տավարի լյարդՀում արտիշոկ
Տավարի աղացած միսԿարտոֆիլ
ԳառԴդում
ՀնդկահավԹթու կաղամբ
ՀավԿանաչ ոլոռ
Հորթի միսՈսպ
Խոզի միսԳարի
ԹունաՔաղցր կարտոֆիլ
Խեցեմորթներ (ծովախեցգետին, ոստրե)Լոլիկ, տոմատի մածուկ, տոմատի սուս
ԿանաչեղենՍունկ
Սպանախ, բազուկի կանաչ տերև, մաղադանոսԲրոկոլի
Մրգեր և հյութերՀացահատիկ և շիլաներ
Դեղձ (չիր)Մակարոնեղեն
Սալորի հյութՀաց (սպիտակ)
Ծիրան (չիր)Հաց (ամբողջ ցորենից)
ԹուզԵրկաթով հարստացված շիլաներ
ՉամիչՎարսակի շիլա
Այլ
Ընդեղեն (նուշ, արախիս)Դդումի սերմ
Տոֆու (պինդ)Ձվի դեղնուց
Արևածաղկի սերմ

Հիշեք. վերոհիշյալ սննդամթերքների ներմուծումը երեխայի սննդակարգ պետք է լինի աստիճանաբար: Սննդամթերքներները ներմուծելիս պետք հաշվի առնել երեխայի տարիքը:  

Եթե հեմոգլոբինի ցուցանիշը 100 գ/լ-ից ցածր է, իսկ կրծքով սնվող մինչև վեց ամսական երեխաների մոտ 90 գ/լ-ից ցածր, ապա հնարավոր չէ խուսափել բուժումից: Սակայն նման դեպքերում ցանկալի է հաշվի առնել երեխայի արյան ընդհանուր հետազոտության արդյունքները, քանի որ սակավարյունության ոչ բոլոր տեսակներն են բուժվում երկաթի հավելում նշանակելով: Մասնավորապես, գունային ցուցանիշը ցույց կտա, թե արդյոք սակավարյունությունը պայմանավորված է երկաթի պակասով, թե մեկ այլ գործոնով: Եթե սակավարյունությունը երկաթպակասային է, ապա Գունային ցուցանիշը պետք է լինի 0,85-ից ցածր: Եթե կա և՛ սակավարյունություն, և՛ ցածր գունային ցուցանիշ, ապա միայն սննդակարգի փոփոխմամբ սակավարյունությունը բուժել հնարավոր չէ:[xiii]

Հիշեք. Մոր կողմից ընդունվող հավելյալ երկաթը չի բարձրացնում կրծքի կաթում երկաթի պարունակությունը, նույնիսկ եթե մայրը սակավարյունություն ունի: Մոր կողմից ընդունվող երկաթի հավելումները կարող են փորկապություն առաջացնել կրծքով կերակրվող երեխայի մոտ:[xiv]

Այսպիսով, նշենք երեք քայլ, որով կարող եք բուժել ձեր երեխայի սակավարյունությունը:

  • Քայլ 1: Սննդակարգի կարգավորումով երեխայի սակավարյունությունը բուժելու համար անհրաժեշտ է, որ երեխան օրական ստանա հավելյալ երկաթ իր քաշի յուրաքանչյուր 450 գրամի դիմաց 1մգ հաշվարկով: Կախված նրանից, թե ձեր երեխան որքան հաճույքով է ուտում երկաթով հարուստ սննդամթերք, ձեզ կարող է դժվար լինել ապահովել նման քանակի երկաթ միայն սննդամթերքի միջոցով: Սակայն թեթև սակավարյունության դեպքում դուք կարող եք մի քանի շաբաթ փորձել այն ուղղել սննդակարգը կարգավորելով, և հետո նորից ստուգել հեմոգլոբինը:

  • Քայլ 2: Եթե սննդակարգի կարգավորման միջոցով ստացված երկաթը բավարար չէ երեխայի հեմոգլոբինը բարձրացնելու համար, ապա մանկաբույժի նշանակմամբ կարող եք երեխային տալ երկաթի հավելում: Երեխայի երկաթի պաշարները համալրելու համար մանկաբույժը կարող է խորհուրդ տալ երեխային շարունակել տալ երկաթի հավելում հեմոգլոբինի մակարդակը կարգավորվելուց հետո:

  • Քայլ 3: Եթե երկու շաբաթ բուժվելուց հետո ձեր երեխայի հեմոգլոբինը չի բարձրանում, ապա ձեր բժիշկը կարող է բարձրացնել երկաթի հավելումի չափաբաժինը կամ կատարել հավելյալ հետազոտություններ հասկանալու համար, թե արդյոք բացի երկաթի պակասից սակավարյունության այլ պատճառներ ևս կան:[xv]

Կազմեց և թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

[i] http://kellymom.com/nutrition/vitamins/iron/; http://new-degree.ru/articles/consultant/iron/

[ii] http://new-degree.ru/articles/consultant/iron/

[iii] http://new-degree.ru/articles/consultant/iron/

[iv] http://kellymom.com/nutrition/vitamins/iron/

[v]Методические рекомендации для Европейского региона ВОЗ с акцентом на республики бывшего Советского Союза, Глава 7, стр 164

[vi] http://kellymom.com/nutrition/vitamins/iron/

[vii] http://www.irondisorders.org/women

[viii]Методические рекомендации для Европейского региона ВОЗ с акцентом на республики бывшего Советского Союза, Глава 7, стр 164

[ix] Методические рекомендации для Европейского региона ВОЗ с акцентом на республики бывшего Советского Союза, Глава 7, стр 133

[x] Методические рекомендации для Европейского региона ВОЗ с акцентом на республики бывшего Советского Союза, Глава 7, стр 125

[xi] http://www.askdrsears.com/topics/feeding-eating/family-nutrition/iron/8-ways-prevent-anemia

[xii] http://www.askdrsears.com/topics/feeding-eating/family-nutrition/iron/what-are-the-best-food-sources-of-iron; http://kellymom.com/nutrition/vitamins/iron/

[xiii] http://www.akev.ru/index.php/stati-dlya-mam/10080-zdorove-detej-i-zdorove-roditelej/10906-lr-45403189

[xiv] http://kellymom.com/nutrition/vitamins/iron/

[xv] http://www.askdrsears.com/topics/feeding-eating/family-nutrition/iron/3-steps-correct-your-childs-anemia


2 thoughts on “Երկաթի անբավարարությունը կրծքով կերակրվող երեխաների մոտ. կանխարգելում և հաղթահարում”

Comments are closed.