Կրծքով կերակրելու սենյակ

Ինչպես է արտադրվում մայրական կաթը


Հասկանալու համար, թե ինչպես կարելի է արդյունավետ կերպով ավելացնել կամ նվազեցնել մայրական կաթի քանակը, մենք նախ և առաջ պետք է հասկանանք, թե ինչպես է այն արտադրվում: Կաթը արտադրվում է «օգտագործիր, թե չէ կկորցնես» տրամաբանությամբ: Որքան ավելի շատ և ճիշտ է երեխան կուրծք ուտում, այնքան ավելի շատ կաթ է արտադրում մայրը:  

ՍԿԶԲՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԸ

Կաթի սինթեզի էնդոկրին (հորմոնային) կարգավորումը՝ լակտոգենեզ I & II

Կաթի արտադրությունը միանգամից չի սկսվում պահանջարկ-առաջարկ սխեմայով: Հղիության ընթացքում և ծննդաբերությանը հաջորդող մի քանի օրը կաթնարտադրությունը պայմանավորված է հորմոններով, որը կոչվում է կաթի սինթեզի էնդոկրին համակարգ: Սկզբունքորեն և անհրաժեշտ հորմոնների առկայության դեպքում, հղիության երկրորդ կեսում մոր օրգանիզմը սկսում է խեժ արտադրել (լակտոգենեզ I), իսկ կաթը սկսում է շատանալ ծննդաբերելուց մոտավորապես 30-40 ժամ հետո (լակտոգենեզ II):

Չնայած խեժը սկսում է արտադրվել դեռ հղիության ժամանակ՝ պրոգեստերոն հորմոնի բարձր մակարդակը արգելափակում է կաթի հոսքը և կաթի մակարդակը ցածր է պահում: Ծննդաբերության արդյունքում ընկերքի (պլացենտայի) դուրս գալը կտրուկ նվազեցնում է պրոգեստերոնի/էստրոգենի/պլացենտար լակտոգենի մակարդակը: Պրոգեստերոնի մակարդակի նման կտրուկ անկումը, երբ բարձր է պրոլակտին հորմոնի մակարդակը, հանգեցնում է լակտոգենեզ II -ի՝ առատ կաթի արտադրության: Այլ հորմոններ (ինսուլին, տիրոքսին, կորտիզոլ) ևս ներգրավված են կաթի արտադրության պրոցեսում, սակայն նրանց դերը դեռևս մինչև վերջ ուսումնասիրված չէ: Չնայած բիոքիմիական մարկերները ցույց են տալիս, որ լակտոգենեզ II-ը սկսում է ծննդաբերությունից մոտավորապես 30-40 ժամ անց, մայրերը սովորաբար կրծքերի լցվածություն (ՙՙկաթի գալը՚՚) սկսում են զգալ ծննդաբերությունից միայն 50-73 ժամ (2-3 օր) հետո:

Կաթնարտադրության (լակտացիայի) այս երկու փուլերը՝ լակտոգենեզ I և II-ը, պայմանավորված են հորմոններով և տեղի են ունենում անկախ այն բանից մայրը կրծքով կերակրում է երեխային, թե՝ ոչ:

ՁԵՎԱՎՈՐՎԱԾ (ՀԱՍՈՒՆ) ԿԱԹՆԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Կաթի սինթեզի աուտոկրին (տեղային) կարգավորում՝ լակտոգենեզ III

Լակտոգենեզ II-ից հետո սկսվում է կաթնարտադրության աուտոկրին (տեղային) կարգավորումը՝ լակտոգենեզ III-ը: Այս փուլում հենց կուրծքն է սկսում կարգավորել կաթի սինթեզը, իսկ կաթը կրծքից հանելու պրոցեսը դառնում է կաթի արտադրության հիմնական կարգավորիչ մեխանիզմը: Չնայած որոշ հորմոնալ խնդիրներ կարող են ազդել կաթնարտադրության վրա՝ հորմոնների մակարդակը այսուհետ ավելի քիչ դեր է խաղում: Նորմալ պայմաններում կրծքերը շարունակելու են արտադրել այնքան կաթ և այնքան երկար ժամանակ, քանի դեռ այն կրծքից դուրս է գալիս:

Այժմ, երբ հասկացանք, թե ինչպես է աշխատում կաթի սինթեզի տեղային/աուտոկրին կարգավորումը, կարող ենք փորձել հասկանալ, թե ինչպես կարելի է շատացնել կամ քչացնել կաթի քանակը:

a

Ի՞նչ են ասում ժամանակակից հետազոտությունները կաթնարտադրության մասին

Ըստ ժամանակակից հետազոտությունների՝ գոյություն ունեն կաթի սինթեզի կարգավորման երկու հիմնական գործոններ:

Մայրական կաթը պարունակում է փոքր շիճուկային պրոտեին, որը կոչվում է կաթնարտադրության հետադարձ կապ ապահովող ինհիբիտոր (Feedback Inhibitor of Lactation (FIL)); Այս ինհիբիդորի դերը կայանում է նրանում, որ դանդաղեցնում է կաթնարտադրությունը, երբ կուրծքը լիքն է: Այսպիսով, կաթնարտադրությունը դանդաղում է, երբ կուրծքը լիքն է և, հետևաբար, ավելի շատ կաթնարտադրության ինհիբիտոր կա կրծքում: Կաթնարտադրությունը արագանում է, երբ կուրծքը դատարկ է:

Կաթի սինթեզի համար անհրաժեշտ է պրոլակտին հորմոն: Ալվեոլ՝ կաթ արտադրող բջիջների պատերին առկա են պրոլակտին հորմոնի ռեցեպտորներ, որոնց միջոցով արյան մեջ առկա պրոլակտինը բարձրանում է ալվեոլ և խթանում կաթի արտադրությունը: Երբ ալվեոլը լիքն է կաթով, դրա պատերը ձգվում-լայնանում են և ձևափոխում են ռեցեպտորներն այնպես, որ պրոլակտինը չի կարողանում անցնել դրանց միջով: Այս պատճառով կաթի արտադրությունը նվազում է: Երբ կաթը ալվեոլից դատարկվում է և ռեցեպտորները ընդունում են իրենց նախկին ձևը, պրոլակտին հորմոնը կարողանում է նորից ներթափանցել ալվեոլ և կաթ սինթեզել: Պրոլակտին ռեցեպտորների վերաբերյալ տեսությունը առաջարկում է ծննդաբերությունից հետո առաջին մի քանի շաբաթվա ընթացքում հաճախ դատարկել կրծքերը, որը կավելացնի պրոլակտին ռեցեպտորների քանակը: Որքան ավելի շատ պրոլակտին ռեցեպտոր, այնքան ավելի շատ պրոլակտին կարող է անցնել կաթ արտադրող բջիջներ և ավելացնել կաթնարտադրության կարողությունը:

Հետազոտությունները նաև ցույց են տալիս, որ կաթի յուղայնություն ևս կարող է պայմանավորված լինել նրանով, թե որքան դատարկ է կուրծքը: Որքան ավելի դատարկ է կուրծքը, այնքան ավելի բարձր է յուղայնությունը:

a

Ինչպե՞ս է կաթի քանակը փոփոխվում օրվա ընթացքում

Ոսումնասիրություններ պարզել են, որ կաթը ավելի շատ է լինում առավոտյան ժամերին (կթելու համար ամենահարմար ժամանակն է), և գնալով նվազում է օրվա ընթացքում: Կաթի յուղայնությունը, ընդհակառակը, օրվա մեջ գնալով բարձրանում է (Hurgoiu V, 1985):

Կաթնարտադրության և կրծքով կերակրելու վրա ազդեցություն ունեցող մեկ այլ գործոն է այն, թե որքան կաթ մայրը կարող է պահել իր կրծքերում (milk storage capacity): Սա պայմանավորված չէ մոր կրծքի չափսով՝ չնայած դա ևս կարող է ազդեցություն ունենալ: Ե՛վ մեծ, և՛ փոքր կարողությամբ մայրերը կարող են շատ կաթ արտադրել իրենց երեխաների համար: Շատ կաթ պահել կարողացող մայրը կարող է ավելի երկար չկերակրել երեխային, և դա չի ազդի ո՛չ կաթի քանակի, ո՛չ էլ երեխայի աճի վրա: Քիչ կաթ պահել կարողացող մայրը պետք է ավելի հաճախ կերակրի երեխային՝ նրան կուշտ պահելու և կաթի քանակը չնվազեցնելու համար:

Պատկերացրեք, որ կուրծքը ջուր խմելու բաժակ է: Մեծ բաժակով խմում ես ավելի շատ և ավելի ուշ-ուշ, իսկ փոքր բաժակով՝ հաճախ և քիչ-քիչ:

a

Իսկ ի՞նչ են ասում ուսումնասիրությունները կաթի քանակը շատացնելու մասին

Կաթն արտադրվում է անընդհատ, իսկ արտադրության արագությունը կախված է նրանից, թե որքան դատարկ է կուրծքը: Կաթը մոր կրծքում հավաքվում է մի կերակրելուց մյուսը ընկած ժամանակահատվածում: Որքան ավելի շատ ժամանակ է անցել նախորդ կերակրելուց հետո, այնքան ավելի շատ կաթ կա կրծքում, բայց այնքան ավելի դանդաղ է նոր կաթ արտադրվում:

Կաթի սինթեզը արագացնելու և կաթի քանակը ավելացնելու համար անհրաժեշտ է կրծքերը դատարկել հաճախ և արագ: Կաթը շատացնել ցանկացող մայրերը պետք է օրվա ընթացքում հնարավորինս դատարկ պահեն իրենց կրծքերը:

a

Կաթը շատացնելու համար պետք է՝

  1. Ավելի հաճախ դատարկել կրծքերը՝ հաճախ կերակրելով և/կամ կթելով,
  2. Կերակրելիս և/կամ կթելիս հնարավորինս լավ դատարկել կրծքերը:

Կրծքերը լավ դատարկելու համար՝

  • Համոզվեք, որ երեխան լավ է ուտում:
  • Մերսեք կրծքերը կերակրելիս կամ կթելիս:
  • Յուրաքանչյուր կերակրելուց առաջարկեք երկու կուրծքն էլ և սպասեք, որ երեխան վերջացնի ուտել մի կրծքից՝ մյուսը առաջարկելուց առաջ: Կրծքերը փոխելով կերակրելը կարող է օգնել, եթե երեխան լավ չի դատարկում:
  • Ամեն կերակրելուց հետո կթեք կրծքերը, եթե երեխան լավ չի փափկացրել երկու կուրծքը: Եթե երեխան լավ է դատարկում, ապա ցանկալի է կթել ոչ թե անմիջապես կերակրելուց հետո, այլ՝ մի փոքր ուշ:

a

Արդյո՞ք դուք գերառաջարկ ունեք

Այն մայրերը, որոնք կաթի գերառաջարկի խնդիր ունեն և ցանկանում են այն կարգավորել, պետք է քչացնեն կաթի առաջարկը՝ առանց կերակրելու հաճախականությունը նվազեցնելու կամ երեխային կրծքից կտրելու: Լավ տարբերակ է բլոկ-կերակրումը (block-feeding), երբ մայրը կերակրում է սովորականի պես հաճախ, սակայն մի որոշ ժամանակահատված (3-4 ժամ) կերակրում է նույն կրծքով, ապա փոխում է կուրծքը: Այսպիսով կաթը հավաքվում է այն կրծքում, որով մայրը չի կերակրում՝ դանդաղեցնելով կաթնարտադրությունը, սակայն չազդելով կերակրելու հաճախականության վրա:

Հեղինակ՝ Քելլի Բոնյատա

Աղբյուրը՝ http://kellymom.com/bf/got-milk/basics/milkproduction/#autocrinecontrol

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

Copyright © 19 November 2014 kellymom.com. Reprinted with permission from kellymom.com, which does not endorse any particular uses of this translated document. kellymom.com is not responsible for the completeness or the accuracy of the translation.


1 thought on “Ինչպես է արտադրվում մայրական կաթը”

Comments are closed.