Կրծքով կերակրելու սենյակ

Ինչպես տալ կթած կաթը երեխային (մաս 1)


Չնայած կրծքից ուտելն ամենաճիշտ տարբերակն է երեխայի և մոր համար, սակայն կյանքում կարող են լինել իրավիճակներ, որոնց հետևանքով մայրը պետք է բացակայի որոշ ժամանակով։ Նրա բացակայության դեպքում իդեալական կլինի, եթե երեխան խմի իր մայրիկի կթած կաթը։ Քանի որ երբեմն կարող են անկանխատեսելի իրավիճակներ լինել, միշտ ցանկալի է սառցարանում ունենալ նախօրոք կթած կաթ՝ երեխային մի քանի անգամ կերակրելու համար։

Ինչպե՞ս ճիշտ կերակրել կթած կաթ՝ հետագա խնդիրներից խուսափելու համար․

Կրծքի կաթը երեխային կարելի է տալ բաժակով, ներարկիչով, գդալով, կամ շշով։ Ցանկացած մեթոդի համար կարող եք փնտրել տեսահոլովակներ, որտեղ կկարողանաք տեսնել երեխային գրկելու ճիշտ դիրքը, ինչպես նաև կաթը տալու ձևը։

Բաժակով

Կրծքի կաթը բաժակով կերակրելու մեթոդն ունի իր առավելությունները՝

  • Բաժակով հնարավոր է կերակրել ցանկացած տարիքի երեխայի։ Ինչքան էլ անհավանական թվա, բայց նույնիսկ 29 շաբաթական թերհասիկ երեխան շատ հանգիստ կարող է կաթը խմել բաժակով։ Այստեղ կարևոր է նշել հնարավոր ռիսկի մասին․ երեխան կարող է բաժակինսովորել և հարաժարվել կրծքից։ Սակայն սա կարող է պատահել միայն այն դեպքում, երբ երեխան շատ երկար ժամանակ խմի միայն բաժակով և չմոտենա կրծքին։ Բաժակով խմելիս երեխայի լեզվով անելու է նույն շարժումը ինչ անում է կրծքի վրա, և համարվում է, որ բաժակով խմելը կարող է նույնիսկ երեխային նախապատրաստել կրծքով արդյունավետ ուտելուն։
  • Կարելի է օգտագործել ցանկացած մաքուր, հարթ եզրով բաժակ։
  • Մի քանի անգամ կրկնելուց հետո բաժակով կերակրելը պետք է որ նույնքան ժամանակ պահանջի, որքան շշով ճիշտ կերակրելը։
  • Եթե լվանալու հնարավորություն չկա, կարելի է օգտագործել միանգամյա օգտագործման բաժակներ։
  • Ի տարբերություն շշի, որի դեպքում երեխային գերսնելը շատ հեշտ է, քանի որ կաթը հաճախ ուղղակի լցվում է երեխայի բերանի մեջ, և նա ստիպված է կուլ տալ այն, որպեսզի չխեղդվի, բաժակով գերսնելու վտանգ չկա, քանի որ երեխան պարզապես կհրաժարվի բերանը բացել, եթե արդեն կշտացել է։

Բաժակով կերակրելու ընթացքը՝

  • Չնայած նրան, որ կերակրելը կարելի է իրականացնել ցանկացած բաժակով, սակայն նախընտրելի է վերցնել փոքր բաժակ՝ օրինակ օղու բաժակի չափով։ Պլաստմասե բաժակը ավելի հարմար կլինի։
  • Երեխան պետք է լինի ամբողջովին արթուն։ Երեխային նստեցրեք հնարավորինս ուղղահայաց դիրքով՝ թողնելով, որ ուսերը և գլուխը ամուր հենվեն ձեզ։ Սա շատ կարևոր է, քանի որ պառկած դիրքով երեխան կարող է խեղդվել։
  • Որևէ շոր դրեք երեխայի դնչի տակ, որպեսզի կաթալու դեպքում շորերը չկեղտոտվեն։
  • Բաժակի կեսը կամ 2/3-ը լցրեք կաթով։
  • Եթե երեխան ձեռքերը շատ է շարժում, կարող եք նրան բարուրել։ Սակայն բարուր եղած երեխան կարող է հեշտ քնել։ Եթե ձեր երեխան այդպիսին է, ապա բարուրելու փոխարեն, եթե դուք աջլիկ եք, նստեցրեք երեխային ձեր ձախ որտքի վրա, հենեք երեխայի ձեզ, և ձեր ձախ ձեռքով բռնեք երեխայի ձեռքերը։
  • Մոտեցրեք բաժակը երեխայի շրթունքներին, հենեք բաժակի եզրը նրա ներքևի շրթունքին, բաժակը թեքեք այնքան, որ կաթը հասնի երեխայի լեզվին։
  • Ոչ մի դեպքում դուք չպետք է լցնեք կաթը նրա բերանի մեջ։ Դուք պետք է թողնեք երեխան վերցնի կաթը այնքան, ինչքան իրեն հարմար կլինի կուլ տալու համար, և այն արագությամբ, որը երեխային հարմար կլինի։ Կաթը պետք է միշտ գտնվի բաժակի եզրին։
  • Երեխան կարող է կաթը խմել բերանի ծայրով կամ լեզուն դուրս հանել ու լեզվով կաթը հրել դեպի իրեն։
  • Ուշադիր եղեք հետևյալ նշաններին՝ աչքերը լայն, անհանգիստ բացելը, ձեռքի մատերը լայն տարածելը, հանկարծակի քուն մտնելը, գլուխը կաթից թեքելը։ Եթե այս նշաններից մեկը երևա, երեխան հավանաբար ցանկանում է մի պահ դադար տալ։ Թողեք բաժակը նրա շուրթերի մոտ՝ առանց թեքելու այն։ Եթե երեխան այլևս ջանք չթափի ուտելու, ուրեմն կշտացել է։

Այս տեսահոլովակում կարող եք տեսնել ճիշտ բաժակով սնելու մեխանիզմը https://www.youtube.com/watch?v=OkhSJ16FHfY։

Կերակրելու այլ տարրաները

  • Ներարկիչը։ Ներարկիչով կերակրելը նույնպես շատ հարմար է, և նորաթուխ մայրերի համար այն կարող է ավելի հեշտ լինել օգտագործել քան բաժակը։ Հարմար է օգտագործել 5 միլիլիտրանոց ներարկիչներ։ Ոչ մի դեպքում չի կարելի ներարկիչով կաթը ուղղակի լցնել երեխայի բերանի մեջ։ Բաժակով խմացնելու պես, երեխան պետք է ուտի դանդաղ, որպեսզի հասցնի կաթը կուլ տալ։ Հետևաբար, դուք պետք է դանդաղ լցնեք կաթը երեխայի թուշիկի մեջ։
  • Գդալը։ Գդալով կերակրելը հարմար է ծննդյան առաջին օրերին, երբ մայրերը շատ քիչ խեժ են արտադրում։ Խեժի կաթիլները կարելի է միանգամից կթել գդալի մեջ։

Աղբյուրները՝

https://breastfeeding.support/cup-feeding-newborn/

http://loveandbreastmilk.com/wp/cup-feeding/

Կազմեց և թարգմանեց՝ Լիանա Ղազարյանը

Խմբագրեց՝ Շուշան Օհանյանը