Ի՞նչ է լակտոստազը
Լակտոստազ բառացիորեն նշանակում է կաթի կանգ: Լակտոստազի՝ կրծքագեղձերի կանգային կոշտացման դեպքում կաթը կանգ է առնում կրծքի որևէ հատվածում և ազատ չի արտահոսում: Լակտոստազի հիմնական պատճառը մեկ կամ մի քանի կաթնային ուղու խցանումն է:
Լակտոստազ կարող է լինել կրծքով կերակրման ցանկացած փուլում, սակայն ավելի հաճախ այն պատահում է ծննդաբերությունից հետո առաջին մի քանի շաբաթում՝ կաթնարտադրության ձևավորման ժամանակ: Կերակրող մայրերի մեծ մասին լակտոստազը շատ ծանոթ երևույթ է. արթնացել եք կամ կերակրում եք բաց թողել և հանկարծ կրծքում ցավոտ կոշտուկ եք շոշափում:
Ձեր ինքնազգացումը նորմալ է՝ դուք չեք ջերմում, սակայն եթե ժամանակին չբացեք խցանումը և չազատվեք լակտոստազից, իրավիճակը կարող է բարդանալ, իսկ լակտոստազը՝ վերածվել կաթնագեղձի բորբոքման (մաստիտի) կամ կրծքի թարախակույտի (աբսցեսի):
Լակտոստազի պատճառները
Այս տհաճ երևույթից խուսափելու համար կարևոր է հասկանալ դրա պատճառները:
1. Կուրծքը վատ է “դատարկվել”
– Հազվադեպ կերակրումները լակտոստազի հիմնական պատճառն են: Տարբեր մայրերի համար “հազվադեպը” տարբեր հաճախականություն կարող է նշանակել. մեկի համար հազվադեպ կերակրում նշանակում է կերակրել երկու ժամը մեկ, իսկ մեկ ուրիշի համար՝ չորսից հինգ ժամը մեկը:
– Սպասելը, որ կուրծքը “լցվի”:
– Երեխայի սխալ կուրծք բռնելը, որի պատճառով երեխան վատ է դատարկում կուրծքը:
– Կաթի արտահոսքի (“եռալու”) ժամանակ չկերակրելը կամ հազվադեպ կերակրելը:
– Մոր քիչ ջուր խմելը, որի հետևանքով կարող է բարձրանալ կաթի մածուցիկությունը:
– Կրծքի մեծ տարողունակությունը, որը երեխան չի կարողանում դատարկել:
– Երկար ընդմիջումը կերակրումների միջև:
– Անհիմն լրացուցիչ կաթը:
– Երեխայի քնկոտ լինելը, վատ կամ քիչ կրծքով կերակրվելը:
– Ծծակ օգտագործելը, որի պատճառով երեխան քիչ է կուրծք ծծում:
2. Կրծքի որևէ հատվածից կաթի հոսքի խաթարում
- Կրկնապտուկների օգտագործումը:
- Կրծքագեղձի մեխանիկական վնասումը՝ տրավմա, վիրահատություն և այլն:
- Կթիչի սխալ օգտագործումը՝ շատ ուժեղ վակուում, ձագարի սխալ չափս և այլն:
- Կաթնագեղձի այտուցված լինելու հետևանքով կաթնային ուղիների նեղանալը:
- Նախկինում կաթնագեղձի որոշ հատվածներում մաստոպատիա ունենալը:
- Կաթը հավաքելու համար նախատեսված ներդիրների և պտուկ ձևավորող հարմարանքների սխալ և երկար օգտագործումը:
- Կրծքի հյուսվածքների սեղմումը:
- Ուսագոտու մկանների երկարատև լարումը, օրինակ՝ վարագույր կախելիս կամ ծանր պայուսակ կրելիս:
- Մոր խրոնիկ անքնությունը և հոգնածությունը:
- Հազվադեպ կերակրումները լակտոստազի հիմնական պատճառն են: Տարբեր մայրերի համար “հազվադեպը” տարբեր հաճախականություն կարող է նշանակել. մեկի համար հազվադեպ կերակրում նշանակում է կերակրել երկու ժամը մեկ, իսկ մեկ ուրիշի համար՝ չորսից հինգ ժամը մեկը:
- Սպասելը, որ կուրծքը “լցվի”:
- Երեխայի սխալ կուրծք բռնելը, որի պատճառով երեխան վատ է դատարկում կուրծքը:
- Կաթի արտահոսքի (“եռալու”) ժամանակ չկերակրելը կամ հազվադեպ կերակրելը:
- Մոր քիչ ջուր խմելը, որի հետևանքով կարող է բարձրանալ կաթի մածուցիկությունը:
- Կրծքի մեծ տարողունակությունը, որը երեխան չի կարողանում դատարկել:
- Երկար ընդմիջումը կերակրումների միջև:
- Անհիմն լրացուցիչ կաթը:
- Երեխայի քնկոտ լինելը, վատ կամ քիչ կրծքով կերակրվելը:
- Ծծակ օգտագործելը, որի պատճառով երեխան քիչ է կուրծք ծծում:
3. Կաթի գերարտադրություն
- Կաթնարտադրության ձևավորման ժամանակ, որպես կանոն, կաթ արտադրվում է ավելի շատ, քան երեխային պետք է:
- Հիպերլակտացիան, որն առաջացել է կրծքերը անհիմն կթելու արդյունքում:
- Գենետիկական հակվածությունը:
- Արյան մեջ պրոլակտին հորմոնի պաթոլոգիական բարձր մակարդակը:
Լակտոստազը կրկնվելու հակում ունի. կարևո՛ր է բացահայտել ձեր լակտոստազի պատճառը՝ հետագայում դրանից խուսափելու համար:
Ինչպե՞ս խուսափել լակտոստազից
- Երեխային կերակրեք հնարավորինս հաճախ, նաև՝ գիշերը:
- Հետևեք, որ երեխան կուրծքը ճիշտ բռնի:
- Մի սահմանափակեք կերակրման տևողությունը:
- Խուսափեք ծծակից և չհիմնավորված լրացուցիչ կաթից:
- Անհրաժեշտության դեպքում փոխեք կերակրման դիրքը, որպեսզի երեխան կարողանա դատարկել կաթնագեղձի բոլոր հատվածները:
- Խուսափեք կրկնապտուկից:
- Կրեք ճիշտ ընտրված և հարմար կրծկալ:
- Խմեք բավարար քանակով հեղուկ:
- Հանգստացե՛ք, քնե՛ք, և մի՛ լարվեք. սթրեսի հորմոնները խոչընդոտում են կաթի արտահոսքի համար պատասխանատու օքսիտոցին հորմոնի արտադրությունը:
- Փորձեք քնել տարբեր դիրքերով:
Ինչպե՞ս ազատվել լակտոստազից
Եթե լակտոստազ ունեք, խուճապի մի մատնվեք: Դա դեռ կաթնագեղձի բորբուքում (մաստիտ) չէ, և կարիք չկա միանգամից վազել հիվանդանոց: Եթե քարացած հատվածը շատ պինդ է, ցավը բավական ուժեղ է և դուք ջերմում եք, և եթե այս բոլոր նշանները հայտնվել են այսօր, ապա դուք դեռ ժամանակ ունեք լակտոստազից ինքնուրույն ազատվելու համար:
Իդեալական կլիներ, իհարկե, կրծքով կերակրման խորհրդատուին դիմելը, ով կհասկանար, թե որոնք են լակտոստազի պատճառները, և կբացատրեր, թե ինչպես հետագայում խուսափել լակտոստազից կամ բուժել այն: Անհրաժեշտության դեպքում նա նաև խորհուրդ կտար, թե որ բժշկին դիմեք:
Այսպիսով, ի՞նչ անել:
- Երեխային հաճախ կերակրեք լակտոստազ ունեցող կրծքով. ակտիվ ծծող երեխան լակտոստազից ազատվելու լավագույն միջոցն է:
- Նույնիսկ եթե դուք մինչև լակտոստազը այդ կրծքով շատ հաճախ եք կերակրել, լակտոստազի դեպքում է՛լ ավելի հաճախ կերակրեք:
- Ուշադիր եղեք, որ երեխան այդ կուրծքը ճիշտ բռնի. սա գերկարևոր է:
- Եթե երեխան սոված չէ, բայց համաձայն է ծծել, կերակրե՛ք:
- Հիմնականում կերակրեք ցավացող կրծքով, իսկ մյուս կուրծքը անհրաժեշտության դեպքում կթեք:
- Եթե երեխան հրաժարվում է կրծքից կամ չի կարողանում բռնել այն, պարտադիր կթեք ցավացող կուրծքը:
- Փորձեք կերակրել այնպիսի դիրքով, որ երեխայի դունչն ուղղված լինի դեպի ցավացող հատվածը. կրծքի այն հատվածները, որոնց ուղղված է երեխայի դունչը, ավելի լավ են դատարկվում: Եթե նման դիրք չեք կարողանում ընդունել, կերակրեք այն դիրքով, որով երեխան ամենից լավ է կուրծք բռնում:
- Կերակրելուց առաջ մերսեք քարացած հատվածը:
- Սկզբում թեթև լիմֆոդրենաժային մերսում արեք:
- Դրանից հետո նրբորեն մերսեք կուրծքը վերևից դեպի պտուկը՝ անցնելով խցանված կաթնային ուղու վրայով և թեթև սեղմելով այն:
- Թեթև սեղմեք ցավացող հատվածի վրա՝ այն “գլորելով” դեպի պտուկը: Կուրծքը չպետք է ցավի մերսման ժամանակ:
- Կարող եք օգտագործել մերսման համար նախատեսված յուղեր:
- Շատ արդյունավետ է տաք ցնցուղի տակ մերսելը: Կարող եք ցնցուղի տակ կրծքի ցավացող հատվածը մերսել նաև մեղրով:
- Կերակրելու ժամանակ նրբորեն մերսեք կոշտացած հատվածը՝ վերևից դեպի պտուկը ուղությամբ:
- Տաքացնող մերսումից հետո անմիջապես կերակրեք երեխային կամ կթեք կուրծքը:
- Մերսեք որքան հնարավոր է հաճախ՝ կերակրելուց կամ կթելուց առաջ կամ ընթացքում:
- Երեխային կերակրեք այնպես, որ նրա դունչը ուղղված լինի կոշտացած հատվածին
Եթե կոշտուկը թևատակի հատվածում է, լավագույն դիրքը ձեռքի տակից (ֆուտբոլի գնդակի) դիրքով կերակրելն է:
Եթե կոշտուկը կրծքի վերևի հատվածում է, փորձեք այս երկու դիրքերից մեկը:
Եթե կոշտուկը կրծքի ստորին հատվածում է, ապա ձեզ կօգնի երեխայի նստած դիրքը:
Անհրաժեշտության դեպքում ցավացող կուրծքը նաև կթեք
- Կթեք կերակրելուց առաջ, որը կօգնի երեխային ավելի լավ “քաշել” խցանումը:
- Մի փորձեք ցավացող կուրծքը կթել մինչև “վերջին” կաթիլը. դա կխթանի կաթնարտադրությունը և կբարդացնի իրավիճակը:
- Ցանկալի է կթել ձեռքով՝ զուգահեռ մերսելով կուրծքը վերևից դեպի պտուկ: Կարող եք կթել նաև կթիչով:
- Շատ արդյունավետ է տաք ցնցուղի տակ կամ տաք լոգանք ընդունելիս մերսելով կթելը: Կարող եք նաև փորձել կրծքերը դնել տաք ջրով ամանի մեջ:
- Կերակրելուց ՀԵՏՈ կոշտացած հատվածին սառը կոմպրես դրեք
Սառը կոմպրեսը պետք է դնել այնքան, քանի դեռ հաճելի է: Սովորաբար դնում են 5-10 րոպե: Կարող եք դնել թաց կոմպրես՝ սառը ջրում թրջած սրբիչ, կամ չոր կոմպրես՝ սրբիչի մեջ փաթաթած սառույցի կտոր կամ հատուկ սառեցման գելով լցված կոմպրես:
Սառը կոմպրեսի նպատակն է՝ իջեցնել կրծքի այտուցվածությունը, նվազեցնել արյան շրջանառությունը և թեթևակի դանդաղեցնել կաթնարտադրությունը: Մի՛ անհանգստացեք. ձեր կուրծքը չի “մրսի” սառը կոմպրեսից:
- Ներծծող բաղադրիչներով կոնպրեսներ
Այս կոմպրեսները կարելի է դնել ինչպես սառը, այնպես էլ տաք վիճակում և այնքան երկար, որքան ցանկանում եք: Չնայած նման կոմպրեսների արդյունավետությունը դեռևս ապացուցված չէ գիտության կողմից, շատ մայրեր նշում են, որ այս կոմպրեսները իրենց օգնել են հաղթահարել լակտոստազը:
- Թեթև ծեծած կաղամբի տերևներ;
- Ներծծող քսուկներ (Տրաումիլ С, հոմեոպատիկ քսուկ Արնիկա);
- Մեղրից և ալյուրից/հացից պատրաստված խմոր, որը դնում ենք կոշտացած հատվածին;
- Ջրով՝ մինչև թեյի խտության նոսրացրած մումիյոյի թրջոց;
- Մագնիումի սուլֆատ;
- Սառը կաթնաշոռ, որը 0,5 սմ հաստությամբ քսում ենք մաքուր բինտի վրա և դնում կրծքին:
Վերոհիշյալները լակտոստազի բուժման հիմնական միջոցներն են: Այժմ եկեք քննարկենք օժանդակ միջոցները:
- Եթե ձեր ջերմությունը շատ բարձր է և դա տհաճ է, ապա կարող եք խմել ջերմիջեցնող դեղ: Կրծքով կերակրելու դեպքում անվտանգ են համարվում պարացետամոլի և իբուպրոֆենի հիմքի վրա ջերմիջեցնողները: Սակայն եթե հնարավոր է դիմանալ և չխմել, ապա մի՛ խմեք՝ բարձր ջերմությունը օգնում է պայքարել բորբոքման դեմ և կարող է օգնել քայքայել խցանումը: Ջերմությունը նաև մոր վիճակի շատ կարևոր ցուցանիշ է: Եթե բարձր ջերմությունը պահպանվում է երկու օր և ավելի երկար, ապա պարտադիր պետք է դիմել բժշկի, քանի որ կարող է մաստիտի նախանշան լինել:
- Եթե չկան հակացուցումներ և կա հնարավորություն, կարող եք ուլտրաձայնային ֆիզիոթերապիա անցնել, որը կօգնի բացել խցանումը և “հղկել” կաթնային ուղիները: Սակայն նման բուժում ընդունելուց առաջ անհրաժեշտ է համոզվել, որ կրծքում բորբոքային պրոցեսներ չկան, քանի որ ուլտրաձայնը կարող է բարդացնել բորբոքումը: Ուլտրաձայնային թերապիայից հետո կերակրեք երեխային կամ կթեք կուրծքը: Ուլտրաձայնային բուժումը պետք է իրականացնի մասնագետը:
- Եթե պտուկի ծայրին նկատել եք սպիտակ բշտիկ, ապա կարող եք այն թեթև տրորել մաքուր սրբիչով կամ բացել հականեխած ասեղով: Հնարավոր է, որ այդ բշտիկից ատամի մածուկի պնդության հեղուկ դուրս գա: Բացելուց անմիջապես հետո կերակրեք երեխային:
- Եթե ձեր մոտ հաճախ է լակտոստազ լինում, կարող եք լեցիտին խմել, որի կօգնի բացել խցանները: Լեցիտին խմելուց առաջ ցանկալի է խորհրդակցել մասնագետի հետ: Սովորաբար լեցիտին նշանակում են հետևյալ չափաբաժնով՝ օրական 3-4 անգամ մեկ 1200 մգ-անոց պատիճ:
Հիշե՛ք. Ցանկացած տաքացնող միջամտությունից հետո (մերսում, տաք կոմպրես, տաք ցնցուղ, ուլտաձայն) անհրաժեշտ է կա՛մ կերակրել երեխային, կա՛մ կթել կուրծքը: Կերակրելուց կամ կթելուց հետո կոշտացած կամ ցավացող հատվածին պետք է դնել սառը կոմպրես:
Հնարավոր է, որ ձեր կրծքով կերակրման խորհրդատուի խորհուրդները տարբերվեն մեր խորհուրդներից. դա նորմալ է և ունի իր պատճառները: Խորհրդատուի խորհուրդները առավել կարևոր են:
Կարևոր է հիշել, որ այսօր դուք ձեզ ավելի լավ պետք է զգաք, քան երեկ: Պետք է լինի որևէ դրական փոփոխություն՝ ավելի ցածր ջերմություն, ավելի փոքր և ավելի փափուկ կոշտուկ, ավելի թույլ ցավ: Եթե չկա փոփոխություն գոնե մի հարցում, դիմեք բժշկի կամ խորհրդատուի օգնությանը:
Ինչ ՉԻ կարելի անել լակտոստազի ժամանակ
Դադարեցնել կրծքով կերակրումը: | Ոչ մի դեպքում չի կարելի դադարեցնել երեխային քարացած կրծքով կերակրելը: Քարացած կրծքի կաթը վնասակար չէ երեխայի համար: Մի՛ սահմանափակեք կերակրման տևողությունը և մի՛ սպասեք, որ կուրծքը “լցվի”: |
Միանգամից խմել ջերմիջեցնող: | Բարձր ջերմությունը պաշտպանական մեխանիզմ է, ինչպես նաև մոր վիճակի լավ ցուցանիշ: Բարձր ջերմությունից կրծքում կաթը չի “փչանում”: Ջերմիջեցնող պետք է խմել, եթե մայրը բարձր ջերմությունը ծանր է տանում: |
Անընդհատ կթել քարացած կուրծքը մինչև լռիվ դատարկվելը: | Անընդհատ կուրծքը մինչև վերջ դատարկելը կարող է խթանել կաթնարտադրությունը, որը միայն բացասական ազդեցություն կունենա վնասված կրծքի վրա: Կթելու դեպքում պետք է կթել կերակրելուց առաջ: |
Անընդհատ տաքացնել կուրծքը կերարումների միջև: | Արյան շրջանառության ուժեղացումը լակտոստազի հատվածում կարող է վատացնել իրավիճակը: Հիշե՛ք. տաքը դնում են կերակրելուց առաջ, իսկ կերակրելուց հետո դնում են սառը: |
Դնել սպիրտով, յոդով, Վիշնևսկու քսուկով, դիմեքսինով կամ կամֆորայի յուղով կոմպրեսներ: | Այս միջոցները չեն օգնում լակտոստազի դեպքում, կարող են փոխել կաթի համը, առաջացնել այրոցներ, վատացնել կաթնարտադրությունը, երբեմն նույնիսկ կարող են դադարեցնել կաթնարտարդույթունը կրծքի որոշ հատվածներում: |
Կոշտուկները ցանկացած գնով “ջարդելը”: | Չափից ուժեղ մերսումը կարող է մեծացնել այտուցվածությունը: Մերսումը պետք է լինի հաճելի, այլ ոչ թե ցավոտ: |
Խնդրել որևէ մեկին օգնել դուրս ծծել խցանումը: | Շատ մայրեր խնդրում են իրենց ամուսիններին օգնել ծծելով քաշել-հանել խցանումը: Հիշե՛ք, որ սա կարող է հանգեցնել բորբոքման կամ պտուկների ճաքերի: |
Օգտագործել կաթը քչացնող դեղամիջոցներ: | Դոստինեքսը կամ Բրոմկրիպտինը նվազեցնում են օրգանիզմում պրոլակտին հորմոնի մակարդակը. դրանց կիրառման համար անհրաժեշտ է լուրջ բժշկական հիմնավորում: Դրանք չեն կարող բացել խցանված կաթնային ուղին և չեն կարող վերացնել լակտոստազի պատճառը: Այնինչ, նման դեղամիջոցներ օգտագործելուց հետո դուք կարող է ստիպված լինեք վերականգնել կաթնարտադրությունը: |
Սահմանափակել հեղուկի օգտագործումը: | Հեղուկի սահմանափակումը չի քչացնում կաթի քանակը, բայց կարող է հանգեցնել ջրազրկման և ավելի բարդացնել խնդիրը: |
Ընդունել կրծքով կերակրման հետ անհամատեղելի հակաբիոտիկներ: | Եթե կա հակաբիոտիկներ ընդունելու անհրաժեշտություն, ապա հակաբիոտիկը պետք է համատեղելի լինի կրծքով կերակրման հետ, այլապես դուք չեք կարողանա կերակրել երեխային, որը լակտոստազից ազատվելու ամենաարդյունավետ միջոցն է: |
Նո-շպա խմել: | Երբեմն որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս նո-շպա խմել՝ կաթնային ուղիները թուլացնելու համար: Սակայն նո-շպան նման ազդեցություն չունի: |
Սպասել, որ լակտոստազը ինքն իրեն անցնի: | Ամենայն հավանականությամբ ինքն իրեն լակտոստազը չի անցնելու: Որքան շուտ սկսեք այդ հարցը լուծել, այնքան լավ: |
Դիմել այնպիսի մասնագետի, որը խորհուրդ է տալիս կթել կամ կթում է ուժեղ ցավացնելով: | Մերսման և կթելու հիմնական պայմանը ցավոտ չլինելն է: Եթե մայրը շատ զգայուն է, ապա թեթև ցավը թույլատրելի է, սակայն կթելը չի կարող լինել չափազանց ցավոտ պրոցես: |
Հիշե՛ք, որ մեր կայքում հասանելի տեղեկատվությունը չի կարող փոխարինել բժշկի կամ կրծքով կերակրման խորհրդատուի խորհուրդները և նշանակումները: Եթե կասկածում եք, որ չեք կարողանա ինքնուրույն ազատվել լակտոստազից, կամ եթե 24 ժամում դրական փոփոխություն չեք տեսնում, դիմեք մասնագետի օգնությանը:
Կարդացեք նաև կրծքի ցավի, քարացման և կաթնագեղձի բորբոքման մասին մեր հետևյալ հոդվածները ՝
- Կրծքերս ցավում են: Ի՞նչ կարող եմ անել
- Ի՞նչ է կաթի բշտիկը
- Պտուկի վնասվածքները
- Ծորանների խցանում և կաթնագեղձի բորբոքում (մաստիտ)
- Ի՞նչ կարող եմ անել կրկնվող մաստիտի (կաթնագեղձի բորբոքման) դեպքում
- Կրծքերս չափից շատ լիքն են թվում և դա տհաճ է
Աղբյուրները՝ http://new-degree.ru/articles/mother/lactostaz/
http://www.kormim-grudju.com.ua/laktostaz/
Կազմեց և թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը