Կրծքով կերակրելու սենյակ

Կղանքի հետ կապված խնդիրներ 0-6 ամսական երեխաների մոտ


Նորածինների կղանքը շատ մայրերի համար կարևոր նշանակություն ունի: 20-րդ տարի կեսերին, երբ արհեստական կաթնախառնուրդով սնուցումը գnալով ավելի լայն տարածում գտավ, քան կրծքով սնուցումը, ձևավորվեց “նորմալ” կղանքի մասին նոր պատկերացում: Արհեստական կաթնախառնուրդով սնուցվող երեխաների կղանքը տարբերվում է կրծքով կերակրվող երեխաների կղանքից. կաթնախառնուրդի դեպքում կղանքն ավելի հազվադեպ է, ավելի լավ է ձևավորված և ունի ավելի վատ՝ մեծահասակի կղանք հիշեցնող հոտ: Կրծքով կերակրվող երեխայի կղանքը կյանքի առաջին վեց շաբաթների ընթացքում շատ ավելի ջրիկ է և հաճախ, իսկ վեց շաբաթականից հետո կարող է ավելի պնդանալ և հազվադեպ լինել: Շատ մայրեր, որոնք այս փոփոխության մասին չգիտեն, սկսում են անհանգստանալ և փորձել երեխային բուժել կա՛մ լուծից, կա՛մ փորկապությունից:

Մինչև վեց շաբաթական երեխայի մոտ նորմալ է համարվում աղիների օրական մի քանի անգամ գործելը՝ քիչ քանակության դեղնավուն կամ դարչնագույն գույնի կղանքով: Կղանքը կարող է լինել ոչ միատարր և/կամ ունենալ կաթնաշոռի նման սպիտակ սերմանման գնդիկներ: Եթե մայրն ուշ-ուշ է փոխում տակդիրը, ապա դեղնավուն կղանքը կարող է կանաչել, որը օքսիդացման հետևանք է: Եթե երեխան նորմալ քաշ է հավաքում և նրան ոչինչ չի անհանգստացնում, ապա ծնողները ևս անհանգստանալու կարիք չունեն:

Ե՞րբ է պետք անհանգստանալ:

  • Չափազանց հաճախ և ջրիկ կղանք՝ օրական 12-16 անգամ, լուծ հիշեցնող հոտով: Նման դեպքում պարտադիր է մանկաբույժի հետ խորհրդակցելը և շատ ցանկալի է շարունակել կրծքով կերակրելը:
  • Հաճախ կղանք՝ օրական 8-12 անգամ, որը կանաչավուն է և ջրիկ: Նման կղանքը հիմնականում պայմանավորված է լինում որոշ սննդամթերքների նկատմամբ երեխայի ունեցած զգայունությամբ կամ երեխայի և մոր բուժմամբ: Շատ հաճախ նման կղանքի պատճառը կովի կաթն է:

Կանաչ, ջրիկ ու փրփրոտ կղանքը, որպես կանոն, առաջնային և հետին կաթի դիսբալանսի նշան է, որը բժիշկները սիրում են անվանել լակտազային անբավարարություն: Իրական լակտազային անբավարարությունը հանդիպում է անհամեմատ ավելի քիչ և հիմնականում հնարավոր է ուղղել երեխային թողնելով մինչև վերջ դատարկել մի կուրծքը մյուսը տալուց առաջ: Դա կօգնի երեխային ավելի շատ հետին՝ յուղոտ կաթ ստանալ, որում, ի տարբերություն առաջնային կաթի, ավելի քիչ լակտոզ է պարունակվում: Նշում. լակտոզը կաթնաշաքարն է, իսկ լակտազը ֆերմենտ է, որն օգնում է տրոհել լակտոզը: Լակտազի պաշարները նորածինների օրգանիզմում համեմատաբար քիչ են, և եթե նա շատ է ստանում լակտոզով հարուստ առաջնային կաթ, ապա լակտազ ֆերմենտի պաշարը կարող է չհերիքել այն մարսելու համար, և երեխայի մոտ կարող են առաջանալ շատ գազեր, իսկ կղանքը դառնալ կանաչավուն, ջրիկ և փրփրոտ: Լակտազային անբավարարության մասին կարող եք կարդալ մեր “Լակտազային անբավարարությունը կրծքով կերակրվող երեխաների մոտ” հոդվածում:

Մեկ այլ խնդիր է աղիների ուշ-ուշ գործելը՝ հազվադեպ դեֆեկացիան, որը սովորաբար սկսվում է 5-6 շաբաթականում: Շատ մայրեր սխալմամբ սա համարում են փորկապություն և սկսում են երեխային բուժել: Բանը նրանումն է, որ այս տարիքում մայրական կաթը դառնում է “հասուն” և նրանում վերանում է թուլացնող խեժանման բաղադրիչը, որի պատճառով շատ երեխաների մոտ աղիները սկսում են ավելի հազվադեպ գործել:

Աղիների հազվադեպ գործելը, որպես այդպիսին, անհանգստանալու առիթ չէ: Պարզապես երեխայի օրգանիզմը փորձում է հասկանալ, թե որքան կղանք պետք է կուտակել, որպեսզի աղիները կարողանան գործել: Եթե այս պրոցեսին խանգարող չլինի, երեխայի աղիները կարող են գործել նույնիսկ յոթ օրը մեկ կամ երկու անգամ, որից հետո կվերականգնվի սովորական հաճախականությունը: Սակայն եթե այս պրոցեսին անընդհատ միջամտել՝ ստիպելով աղիներին գործել երբ դրանք դեռ պատրաստ չեն, աղիների հազվադեպ գործելը և փորկապությունը կարող են սովորական երևույթ դառնալ: ԲԱՅՑ երեխան կարող է մեկ շաբաթ դուրս չգալ և մայրը կարող է դրա համար չանհանգստանալ միայն մեկ պայմանով՝ երեխան նույնպես անհանգիստ չէ: Եթե երեխան խնդիր ունի աղիների չգործելու հետ, ապա պետք չի հույսը դնել նրա վրա, որ ամեն ինչ ինքնիրեն կկարգավորվի:

 

Փորկապությունը կրծքով կերակրվող երեխաների մոտ

Կրծքով կերակրվող երեխայի մոտ փորկապությունը նշանակում է պինդ և ձև ունեցող կղանք, որից ազատվելը երեխայի համար ցավոտ պրոցես է: Նորմալ պնդության մանկական կղանքը, նույնիսկ եթե աղիները ուշ-ուշ են գործում, փորկապություն համարել չի կարելի:

Որո՞նք են հազվադեպ դեֆեկացիայի (այլ ոչ փորկապության) պատճառները նորածինների մոտ:

Աղիները գործելու համար փոքրիկին անհրաժեշտ է որոշ բաներ զգալ: Դրանցից ամենագլխավորը կղանքային զանգվածի գործադրած ճնշումն է աղիների պատերին. հենց ճնշման ուժի մեծություն է պայմանավորում սֆինկտերների (սեղմանների) թուլացումը (այլ ոչ կծկումը) ի պատասխան առաջացած լարվածության: Երիտասարդ և դեռևս չձևավորված աղիները դեռ միայն սովորում են արձագանքել արտաքին փոփոխություններին, և նրանց լավագույն օգնականը այս հարցում կրծքի կաթն է: Դրա համար էլ նորածնի կղանքը առաջին շաբաթներին միատարր և միանման չէ՝ խիտ է, ջրիկ է, հաճախ է, հազվադեպ է և այլն: Այն չափանիշները, որոնք ճիշտ են մեծահասակի համար, նորածնի դեպքում ընդունելի չեն, քանի որ մեծահասակի աղեստամոքսային համակարգը շատ է տարբերվում նորածնի աղեստամոքսային համակարգից:

Հազվադեպ դեֆեկացիայի հիմնական ցուցանիշը երեխայի ինքնազգացողությունն է և գազերից ազատվելու կարողությունը: Ամենավտանգավորը փորկապության և հազվադեպ դեֆեկացիայի ժամանակ գազերի բացակայությունն է, որի դեպքում պետք է անհանգստանալ աղիների անցողունակության մասին. եթե երեխան գազերից կարողանում է ազատվել, ապա անցողունակությունը լավ է: Եթե գազերից ազավելուց բացի դեֆեկացիայից հետո երեխայի կալը նորմալ պնդության է՝ առանց գնդիկների, ուրեմն երեխան խնդիր չունի:
Այսինքն հազվադեպ դեֆեկացիայի դեպքում կարևոր է ճիշտ գնահատել երեխայի ինքնազգացողությունը և հետևել գազերի հեռացմանը, այլ ոչ թե օրացույցին:

Ի՞նչ (սխալ) խորհուրդներ կարող ենք լսել հազվադեպ դեֆեկացիայի դեպքում

  1. Տալ հավելյալ հեղուկ: Բայց չէ՞ որ խնդիրը կղանքի պնդության մեջ չէ: Կղանքն արդեն փափուկ է, իսկ հավելյալ հեղուկը նրան էլ ավելի ջրիկ է դարձնում և, թուլացնելով ճնշումը աղիների պատերին, հետաձգում բնական դեֆեկացիան: Հաճախ ստացվում է, որ ավելորդ հեղուկի պատճառով և դեֆեկացիայի հետաձգման արդյունքում կղանքի առաջնային հատվածը պնդանում է, իսկ վերջին հատվածը՝ էլ ավելի ջրիկանում: Նման պնդության կղանքից երեխային դժվար է ազատվել: Այսինքն, ֆիզիոլոգիապես հազվադեպ կղանքի դեպքում ցանկացած հավելյալ հեղուկ կարող է միայն ավելի վատթարացնել իրավիճակը:
  1. Որոշ “փորձված” մայրեր կարող են խորհուրդ տալ երեխային մի քանի կաթիլ հյութ տալ: Պետք է նշել, որ հյութը բարձր թթվայնությամբ լուրջ գրգռիչ է: Բացի դրանից այն պարունակում է մեծ քանակությամբ ածխաջրեր: Երեխայի աղեստամոքսային համակարգը չի կարող նման բան մարսել, քանի որ հյութ մարսելու համար նրան անհրաժեշտ են հավելյալ ֆերմենտներ, որոնք երեխայի ենթաստամոքսային գեղձը այդ տարիքում չի արտադրում: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ երբ ածխաջրերը սկսում են գրգռել երեխայի ստամոքսի լորձաթաղանթը, օրգանիզմը հրաման է ստանում հնարավորինս շուտ ազատվել ագրեսորներից և արտադրել ֆերմենտներ հյութի ածխաջրերը քայքայելու համար: Երեխայի աղիները կուտակում են հավելյալ հեղուկ ագրեսիվ շաքարների ազդեցությունը չեզոքացնելու համար և սկսում են գործել՝ գրգռիչ գործոնները դուրս մղելու համար: Սա է պատճառը, որ հյութ խմելուց հետո երեխայի աղիները կարող են բավական արագ գործել: Սակայն հարցը հետևյալն է՝ արժի դեֆեկացիայի հարցը լուծել նման ագրեսիվ և երեխայի օրգանիզմի համար սթրեսային մեթոդով: Հյութը երեխայի օրգանիզմի վրա ազդելու ամենադաժան մեթոդներից մեկն է:
  1. Հոգնա անել: Հեղուկը հավելյալ ճնշում է առաջացնում, որը և անհրաժեշտ է աղիներին գործելու համար: Սակայն գործելու նման մեխանիզմը խաբուսիկ է օրգանիզմի համար, քանի որ, ինչպես նշել են արդեն, երեխայի աղիները չեն կարողանում հասկանալ, թե վերջապես որքան կղանք է պետք կուտակել դեֆեկացիայի համար: Հոգնայի դեպքում դեֆեկացիան տեղի է ունենում արտաքին մեխանիկական խթանման արդյունքում, այնինչ երեխան ինքը պետք է սովորի թուլացնել սֆինկտերները:

Ի՞նչ անել. ո՞րն է ճիշտ մոտեցումը

Եթե երեխան իրեն նորմալ է զգում, կարողանում է ինքնուրույն ազատվել գազերից, ապա պետք չէ միջամտել, պետք է պարզապես սպասել: Սակայն եթե երեխան լարված է, ձգվում է, կարմրում է կամ լաց է լինում, երբ աղիները փորձում են գործել, ապա նրան օգնություն է պետք: Նման դեպքերում ձեր առաջին քայլերը պետք է լինեն՝

  • Փորիկի մերսում: Այս տեսանյութում հրաշալի ներկայացված են փորիկի մերսման և ոտքերի վարժությունները, որոնք կօգնեն երեխայի աղիներին գործել: https://www.youtube.com/watch?v=pHEQes-iy-Y
  • Տաք լոգանք, որն օգնում է թուլանալ գրեթե բոլորին: Մայրը և երեխան կարող են միասին տաք լոգանք ընդունել 37 Co ջրով: Մայրը կարող է երեխային կերակրել ջրի մեջ, որից հետո դուրս գալ ջրից և մերսել երեխայի ձեռքերը, ոտքերը և փորիկը երեխաների համար նախատեսված մարմնի յուղով, իսկ դրանից հետո երեխային փորիկով դնել իր փորի վրա: Հիշեք, որ երեխաներին ավելի հեշտ է դուրս գալ, երբ նրանք փորի կամ կողքի վրա են պառկած, այլ ոչ թե մեջքի:
  • Շատ օգնում է նաև երեխային հատուկ դիրքով պահելը: Նախապես երեխայի հետանցքին կարող եք մանկական յուղ քսել:

Միայն եթե վերոհիշյալ տարբերակները չեն օգնում, կարող եք դիմել մեխանիկական խթանման մեթոդին: Վերցրեք հիգիենիկ բամբակի փայտիկ և ծայրը լավ մշակեք մանկական յուղով: Նրբորեն մտցրեք փայտիկը երեխայի հետանցքի մեջ՝ ոչ ավելի շատ քան մեկ սմ, և զգուշությամբ պտտեք: Հանեք փայտիկը: Հագցրեք տակդիրը և դրեք փորիկով ձեր փորին կամ պառկեցրեք մեջքի վրա և սեղմեք երեխայի ծնկները փորիկին:

Միայն եթե սա նույնպես չի օգնում, դիմեք գլիցերինից մոմիկի օգնությանը: Գլիցերինի մոմիկը սովորաբար օգնում է:

Եթե ձեզ մանկաբույժը նշանակել է բուժում, ապա փորձեք վերլուծել՝ ի՞նչն եք բուժելու: Արդյո՞ք բիֆիդոբակտերիաներ նշանակելիս մանկաբույժը ձեզ զգուշացրել է, որ բիֆիդոկուլտուրաներ պարունակող միջոցները կարող են ազդել կղանքի վրա և փորկապության հանգեցնել:

 

Սխալներ կրծքով կերակրման ժամանակ

Ինչպես գործնականում պարզվում է երեխաների մոտ կղանքի հետ կապված խնդիրները սովորաբար առաջանում են ոչ թե բակտերիաների, այլ սխալ կազմակերպված կրծքով կերակրման հետևանքով: Ահա կրծքով կերակրելու ժամանակ կատարվող ամենատարածված սխալները, որոնք կարող են ազդել երեխայի աղեստամոքսային համակարգի միկրոֆլորայի վրա՝

  • Ծննդաբերությունից հետո նորածնին ուշ կրծքով կերակրելը,
  • Հազվադեպ կերակրումներ կամ ռեժիմով կերակրում,
  • Կրծքով կերակրման տևողության սահմանափակում,
  • Երեխաներին կրծքի կաթից բացի ջուր կամ թեյ տալը,
  • Հավելյալ պինդ սննդի վեց ամսականից շուտ ներմուծումը երեխայի սննդակարգ կամ անցումը արհեստական կաթնախառնուրդի:

Տարածված մոլորություններ

  • “Կաթը սկսում է նեխել երեխայի մարմնի մեջ, եթե նրա աղիները մեկ օրից ավելի երկար չեն գործել:” Ի տարբերություն կաթնախառնուրդի, կրծքի կաթով սնվող երեխայի կղանքը բացասական ազդեցություն երեխայի օրգանիզմի վրա չի ունենում:
  • “Հազվադեպ դեֆեկացիան դիսբակտերիոզի հետևանք է:” Դիսբակտերիոզի բուժման միջոցները ավելի ու ավելի լայն տարածում են գտնում, իսկ դրանց մարկեթինգը դառնում է ավելի ագրեսիվ: Դիսբակտերիոզի բուժման միջոցների մեծ մասը հասանելի է մայրերին և դրանք գնելու համար բժշկի նշանակում չի պահանջվում: Սակայն դիսբակտերիոզը հիվանդություն չէ, և արևմտյան բժշկության մեջ դիսբակտերիոզ ախտորոշում նույնիսկ չկա: Եթե ձեր բալիկը նման ախտորոշում ունի, ապա խորհուրդ ենք տալիս կարդալ կրծքով կերակրվող երեխաների մոտ դիսբակտերիոզի մասին մեր ծավալուն հոդվածը “Դիսբակտերիոզը կրծքով կերակրվող երեխաների մոտ”:

Կրծքով կերակրվող երեխաների կղանքի և դրա հետ կապված խնդիրների մասին կարդացե’ք նաև մեր մյուս հոդվածներում՝

Աղբյուրը՝ http://am-am.info/wp-content/catalog/item4008.html

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը