Կրծքով կերակրելու սենյակ

Ամեն ինչ դոնորական կրծքի կաթի մասին


 Ինչ է դոնորական կրծքի կաթը

Դոնորական կաթը ոչ թե մոր, այլ մեկ ուրիշ կերակրող կնոջ կաթն է՝ անկախ նրանից այդ կաթը երեխային տրվում է կթած վիճակում, թե հենց կրծքից: Դոնորական կաթով կերակրումը որպես երևույթ միշտ գոյություն է ունեցել: Նախկինում փոքր տարիքի երեխաների համար մոր կրծքի կաթին փոխարինող այլ կաթեր կամ կաթնախառնուրդներ չեն եղել, և կանայք օգնել են միմյանց` կերակրելով այլ երեխաների: Ուրիշի երեխային կերակրող մորն անվանել են ստնտի: Երևի քչերը գիտեն, որ Սովետական Միությունում կրծքի կաթի դոնորությունը տարածված երևույթ է եղել. կաթնային խոհանոցում հնարավոր է եղել մայրերից հավաքել կթած կաթ, պաստերիզացնել և մանկաբույժի տալոններով տալ երեխաներին: Այսօր արտասահմանյան շատ երկրներում գոյություն ունեն կրծքի կաթի բանկեր, որոնք կաթը հավաքում են կերակրող մայրերից և վաճառում են այն գնել ցանկացողներին:

.

Դոնորական կաթի մասին սխալ պատկերացումներ

Ծնողների հետ զրուցելիս հաճախ հանդիպում ենք կրծքի կաթի վերաբերյալ տարբեր կարծրատիպերի, որոնց ձևավորման մեջ մեծ դեր են խաղում արհեստական կաթնախառնուրդ արտադրող ֆիրմաները: Քննարկենք այդ կարծրատիպերից ամենատարածվածները:

ԿարծրատիպԻրականություն
Ուրիշի կաթը պետք է պարտադիր եռացնել, որից հետո նրանում ոչ մի օգտակար բան չի մնում: Կաթնախառնուրդն այս իմաստով նախընտրելի է:Կրծքի կաթը կարելի է տալ առանց եռացնելու: Այն կարելի է նաև պաստերիզացնել:
Մայրական կաթը եռացնելու կարիք չկա, բավական է այն տնային պայմաններում պաստերիզացնելը: Նույնիսկ պաստերիզացնելուց հետո այն պահպանում է սննդարար նյութերի մեծ մասը, և նույնիսկ այս դեպքում կրծքի կաթը և կաթնախառնուրդը անհամեմատելի են իրենց որակական հատկանիշներով:
Կրծքի կաթը կարելի է միայն գնել, իսկ այն թանկ արժե:Շատ կերակրող մայրեր պատրաստ են իրենց կաթը տալ անվճար:
Առանց շահի իրար օգնելը նորմալ երևույթ է: Մարդկության պատմության մեջ միշտ եղել են մայրեր, որոնք ուրիշի երեխային օգնելու համար պատրաստ են եղել նրանց տալ իրենց կաթը կամ նույնիսկ անձամբ կերակրել:
Դոնորական կաթը վտանգավոր է, քանի որ կարելի է երեխային վարակել լուրջ հիվանդություններով:Վարակվել և նույնիսկ մահանալ կարելի է արհեստական կաթնախառնուրդից ևս: Դոնորական կաթը կարելի է դարձնել անվտանգ այն պաստերիզացնելով:
Ցանկացած լրացուցիչ կաթ (կրծքի կաթին ի լրումն տրվող այլ կաթ) ունի իր վտանգները: Լրացուցիչ արհեսական կաթնախառնուրդը ևս ունի ռիսկեր, որոնցից են՝ աղեստամոքսային և շնչառական համակարգերի ինֆեկցիաների և ալերգիաների ավելի բարձր ռիսկերը:
Կրծքի կաթը պետք է ստերիլ լինի:Բակտերիաներ կան ցանկացած կաթում, նաև՝ մայրականում, և դա նորմալ է:
Գիտնականները պարզել են, որ մայրական կաթը ստերիլ չէ և պարունակում է մեծ թվով բակտերիաներ: Սակայն այդ բակտերիաները շատ կարևոր և անհրաժեշտ են երեխայի օրգանիզմի համար:
Կրծքի կաթը շուտ է փչանում:Կախված պահպանման ձևից՝ կրծքի կաթը թարմ է մնում վեց ժամից մինչև մեկ տարի և նույնիսկ ավելի երկար:
Այո, կրծքի կաթը պահպանելու համար հատուկ պայմաններ են պետք՝ սառնարան կամ սառցարան, իսկ կաթնախառնուրդի փոշին կարելի է պահարանում էլ պահել: Կրծքի կաթը կարող է փչանալ, քանի որ կենդանի սնունդ է:
Այլ տարիքի երեխայի մոր կաթը չի համապատասխանում իմ երեխայի պահանջներին:Նույնիսկ տարիքային տարբերության դեպքում, կրծքի կաթը շատ ավելի բնական սնունդ է, քան արհեստական կաթնախառնուրդը:
Եթե բնության մեջ կրծքի կաթը հնարավոր լինել տալ միայն ըստ երեխայի տարիքային խմբի, ապա տանդեմով՝ միաժամանակ երկու երեխայի կերակրել հնարավոր չէր լինի: Տանդեմ կերակրումը հանդիպում է և՛ մարդկանց, և՛ կենդանիների մոտ:
Ժամանակակից արհեստական կաթնախառնուրդները նույնքան կամ ավելի առողջարար են, որքան կրծքի կաթը:Նույնիսկ ժամանակակից կաթնախառնուրդները իրենց բաղադրությամբ զգալիորեն զիջում են կրծքի կաթին:
Կրծքի կաթի բաղադրությունը դեռևս մինչև վերջ ուսումնասիրված չէ. ստացվում է, որ գիտնականների համար ավելի հեշտ է հասկանալ գենոմի կառուցվածքը, քան կրծքի կաթինը:
Դոնորական կաթ անհրաժեշտ է միայն մինչև երեք ամսական երեխաներին:Դոնորական կաթը երբեմն նույնիսկ մեծահասակների համար է օգտակար: Երեխաների համար այն օգտակար է կրծքով կերակրման ցանկացած փուլում:
Կրծքի կաթի դոնորը պետք է հատուկ սննդակարգի հետևի:Որոշ երեխաների մոտ կարող է զգայունություն լինել որոշ սննդամթերքների նկատմամբ: Եթե երեխայի ընտանիքը գիտի, թե կոնկրետ որ սննդամթերքի նկատմամբ է երեխան զգայուն կամ կարող է զգայուն լինել, ապա կարող է փնտրել այնպիսի դոնոր, որը կհամաձայնվի այդ սննդամթերքը իր սննդակարգից հանել:
Ոչ մի կաթնասուն չի փոխում իր սննդակարգը կերակրելու ընթացքում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս կերակրող մայրերին առողջ և բազմազան սննդակարգ ունենալ:
Դոնոր մայրը պետք է բազմաթիվ հետազոտություններ անցնի:Ոչ, սա պարտադիր պայման չէ կրծքի կաթի դոնոր դառնալու համար:
Թե ինչ հետազոտություններ պետք է անցնի դոնոր մայրը, այդ մոր և կաթն ընդունող մոր որոշումն է: Հիմնականում բավարար են հղիության ժամանակ իրականացված սկրինինգները:
Չի կարելի խառնել տարբեր մայրերի կաթ:Կարելի է:

.

Դոնորական կաթի անվտանգ փոխանակման չորս սկզբունքները

Անվտանգ փոխանակման այս չորս սկզբունքները կօգնեն ծնողներին, մանկաբարձներին, մանկաբույժներին և այլ շահագրգիռ անձանց կազմակերպել մայրերի միջև դոնորական կաթի փոխանակումը:

1.     Տեղեկացված (գիտակցված) ընտրությունը, ենթադրում է դոնորական կաթով սնուցման բոլոր առանձնահատկությունների՝ առավելությունների և ռիսկերի գիտակցում:

2.     Առողջ դոնոր մայրը ինքն է վերահսկում իր առողջական վիճակը, իսկ ընդունող կողմը զգուշացնում է նրան առաջացած խնդիրների մասին: Ընդունող ծնողները պետք է ծանոթանան դոնոր մոր սոցիալական պայմաններին, կենսակերպին և սովորություններին: Դոնոր մայրը պետք է արյան մեջ ՄԻԱՎ վարակի, B և C հեպատիտների, սիֆիլիսի, կարմրախտի, T-բջջային լեյկոզի բացակայությունը հաստատող հետազոտության արդյունքներ ունենա:

3.     Կրծքի կաթի նկատմամբ հոգատար վերաբերմունքը ենթադրում է կրծքի կաթի կթելը, տեղափոխումը և պահպանումը: Կթելու դեպքում կարևոր է դոնոր մոր ձեռքերի և կրծքի հիգիենան, կաթի ամանների և կթիչի մաքրությունը և այլն: Ընդունող մայրը պատասխանատու է կրծքի կաթի տեղափոխման և պահպանման հիգիենիկ և անվտանգ պայմաններ ստեղծելու համար:

4.     Կերակրման համար կրծքի կաթը ճիշտ նախապատրաստելը ներառում է կաթը հալեցնելը, տնային պայմաններում պաստերիզացիան, թարմ կաթով կերակրելու դեպքում՝ դոնոր մորը վստահելու գործոնը:

.

Դոնորական կաթից հրաժարվելու հիմքերը

 

Առողջական պատճառներ·      հոգեկան հիվանդությունների առկայություն,
·      ՄԻԱՎ վարակը, B կամ C հեպատիտները, T-բջջային լեյկոզը հատատող հետազոտությունների արդյունքներ,
·      ՄԻԱՎ վարակի ռիսկ, ներառյալ դոնոր մոր ընկերոջ կամ ամուսնու մոտ,
·      հերպեսի կամ սիֆիլիսի սրացում,
·      բաց վերքերի, արնահոսության, բշտիկների, ճաքերի առկայություն դոնոր մոր կրծքի կամ պտուկի վրա,
·      դոնոր մոր քիմիոթերապիա,
·      դոնոր մայրն անցնում է ռադիոթերապիայի կուրս կամ հետազոտություն, որում կիրառվում են ռադիոակտիվ իզոտոպներ,
·      դոնոր մայրը ընդունում է դեղեր, որոնք համատեղելի չեն կրծքով կերակրման հետ,
·      դոնոր մայրը հիվանդ է ջրծաղիկով կամ գոտևորող որքինով (գոտևորող հերպեսով, опоясывающий лишай):
Կենսակերպ·      թմրանյութերի օգտագործում,
·      ալկոհոլի կամ ալկոհոլ պարունակող խմիչքների պարբերաբար օգտագործում,
·      ծխելը,
·      անհասիկ և թույլ նորածինների դեպքում ցանկալի չէ որոշ դեղաբույսերի և վիտամինային հավելումների ընդունումը. եթե դոնոր մայրը դրանք ընդունում է, ապա պետք է խորհրդակցել բժշկի հետ:
Սոցիալական գործոններ·      դոնոր դառնալ ստիպելը,
·      մշակութային կամ կրոնական համոզմունքներ,
·      անձնական խնդիրներ դոնոր մոր և ընդունող ծնողների միջև:
Այլ·      դոնոր մայրը չի կարողանում կաթով ապահովել սեփական երեխային,
·      այլ պատճառներ:

.

Կրծքի կաթի նկատմամբ հոգատար վերաբերմունքը

Կրծքի կաթի կթելու, տեղափոխման և պահպանման պրոցեսը առավել գրագետ կազմակերպելու համար կարդացեք մեր հետևյալ հոդվածները՝

  • Սնուցում բացառապես կթած կրծքի կաթով
  • Ամեն ինչ կթած կաթի մասին
  • Որքա՞ն կրծքի կաթ է անհրաժեշտ երեխայիս
  • Չեմ կարողանում բավարար քանակով կաթ կթել. ի՞նչ անեմ

.

Ինչպե՞ս նախապատրաստել դոնորական կաթը կերակրելու համար

Շատ ընտանիքներ նախընտրում են իրենց երեխային կերակրել չպաստերիզացված դոնորական կաթով, որպեսզի չկորցնեն կրծքի կաթում պարունակվող կարևոր սննդային էլեմենտները: Սակայն թարմ կրծքի կաթով կերակրելու դեպքում հատուկ կարևորություն է ստանում դոնոր մոր և ընդունող ընտանիքի միջև փոխադարձ վստահությունը և դոնոր մոր առողջության մասին ճշգրիտ և վստահելի տեղեկատվությունը: Եթե նման հարաբերություններ հնարավոր չէ հաստատել դոնոր մոր և ընդունող ընտանիքի միջև, ապա դոնորական կաթն անհրաժեշտ է պաստերիզացնել:

 

Պաստերիզացված և թարմ կրծքի կաթի համեմատությունը
Պաստերիզացված կաթԹարմ կաթ
Հոլդերի մեթոդԱկնթարթային տաքացումՍառնարանում պահվածՍառցախցիկում պահված
Ջերմաստիճան62.5°C (144.5°F)72°C (161.5°F)4°C (39°F)-15°C (5°F)
ՏևողությունՄաքսիմում 30 րոպեԿաթը տաքացվում է մի քանի վայրկյան, իսկ պրոցեսի ընդհանուր տևողությունը մոտավորապես հինգ րոպե է:
ԱրդյունավետությունԳրեթե բացառվում է վիրուսներով կամ բակտերիաներով վարակվելըԳրեթե բացառվում է ՄԻԱՎ-ով, E. coli-ով և  S. Aureusո-վ վարակվելու ռիսկը: Այլ պաթոգեն գործոններ չեն ուսումնասիրվել:Կաթը կարող է պարունակել պաթոգեն օրգանիզմներ, եթե դոնոր մայրը չի հետազոտվել: Ցիտոմեգալովիրուսը մահանում է սառնարանում յոթ օր պահելու դեպքումԿաթը կարող է պարունակել պաթոգեն օրգանիզմներ, եթե դոնոր մայրը չի հետազոտվել:
Ցիտոմեգալովիրուսը մահանում է սառցախցիկում երեք օր պահելու դեպքում:
ԱզդեցությունԱննշան նվազում են կաթի բակտերիցիդ հատկանիշները. քայքայվում է լիպազը, IgA նվազում է 70 տոկոսով,
լակտոֆերինի քանակը՝ 40 տոկոսով:
Հետագա ջերմամշակումը շատացնում է թիամինի, ռիբոֆլավինի, վիտամին B6-ի, ֆոլատների և վիտամին B12-ի քանակը: *
Աննշան նվազում են կաթի բակտերիցիդ հատկանիշները. Զգալիորեն նվազում է լիպազի քանակը, IgA-ն գրեթե ամբողջությամբ պահպանվում է, լակտոֆերինի ակտիվությունը նվազում է, սակայն պահպանվում է:
Հետագա ջերմամշակումը շատացնում է թիամինի, ռիբոֆլավինի, վիտամին B6-ի, ֆոլատների և վիտամին B12-ի քանակը: *
Կաթի բակտերիցիդ հատկանիշները չեն նվազում: Լիպազը քայքայում է կաթնային ճարպերը: Պահպանվում են հակաինֆեկցիոն հատկանիշները:Երեք ամիս հետո կաթի բակտերիցիդ հատկանիշները պահպանվում են 66 տոկոսով: Լիպազը քայքայում է կաթնային ճարպերը: Պահպանվում են հակաինֆեկցիոն հատկանիշները:
Սպորների բազմացումՀնարավոր էՀնարավոր էՈչՈչ

 

Այսպիսով, եթե դոնորի հետազոտությունը հնարավոր չէ կազմակերպել կամ եթե նրա առողջական վիճակը միանշանակ չէ, ապա ՄԻԱՎ-ի և այլ պաթոգեն գործոնների փոխանցման ռիսկը նվազեցնելու համար կրծքի կաթը կարելի է պաստերիզացնել տնային պայմաններում: Տնային պայմաններում պաստերիզացման ամենատարածված մեթոդներն են երկար տևողությամբ ցածր ջերմամշակմամբ պաստերիզացումը (Հոլդերի մեթոդ, LTLT) և կարճ տևողությամբ բարձր ջերմամշակմամբ պաստերիզացիան (HTST):

.

Երկար տևողությամբ ցածր ջերմամշակմամբ պաստերիզացում (Հոլդերի մեթոդ, LTLT)

Հոլդերի մեթոդով պաստերիզացումը 30 րոպե 62.5˚С ջերմաստիճանով պաստերիզացումն է, որը հնարավոր է դարձնում կրծքի կաթում այնպիսի վիրուսների և բակտերիաների ոչնչացումը, ինչպիսին են ՄԻԱՎ-ը, T-բջջային լեյկոզը, ցիտոմեգալովիրուսը, տուբերկուլյոզի հարուցիչը և այլն:

Մեթոդի նկարագրությունը.

 

  • Կաթը լցրեք կաթի համար նախատեսված ապակյա տարաների կամ շշերի մեջ: Կաթի ծավալը չպետք է գերազանցի ապակյա շշի ծավալի 4/5-ը:
  • Շշերը դրեք մեկ այլ ավելի մեծ ծավալով ամանի մեջ: Ամանը լցրեք տաք ջրով այնպես, որ ջրի մակարդակը մի փոքր ավելի բարձր լինի քան շշերում պարունակվող կաթի մակարդակը:
  • Սկսեք տաքացնել: Կաթը խառնեք հատուկ գդալով: Ջերմաստիճանին հետևեք հատուկ երկաթե առանցքով ճշգրիտ ջերմաչափի օգնությամբ: Երբ ջերմաստիճանը դառնա 60˚C, դադարեցրեք խառնելը և ոչ ամուր փակեք բոլոր շշերը բացի մեկից: Այդ շիշը ծածկեք ալյումինի ֆոլգայով, մեջտեղում անցք բացեք և անցքում տեղադրեք ջերմաչափը:
  • Շարունակեք տաքացնել այնքան, մինչև ջերմաստիճանը դառնա5˚С կամ մի փոքր ավելի բարձր: Այնպես կարգավորեք տաքացնելու պրոցեսը, որ ջերմաստիճանը 30 րոպե մնա 62.5˚С: Եթե ջերմաստիճանը իջնի 62.5 ˚С-ից, նորից դարձրեք 62.5˚С և այդպես պահեք 30 րոպե:
  • Երեսուն րոպե անց անջատեք կրակը և կամաց-կամաց տաք ջուրը փոխարինեք սառը ջրով՝ կաթը սառեցնելու համար: Ջերմաստիճանը կտրուկ իջեցնելու դեպքում ապակե շշերը կարող են պայթել:
  • Շարունակեք դանդաղ սառեցնել կաթը մինչև 26-27˚С: Այս ջերմաստիճանից հետո կաթը սառեցնելու համար կարելի է օգտագործել սառցե ջուր: Սառեցրեք կաթը մինչև 4˚С կամ դրանից ցածր, պինդ փակեք կափարիչները և պահեք սառնարանում 4˚С կամ դրանից ցածր ջերմաստիճանի պայմաններում:

.

Կարճ տևողությամբ բարձր ջերմամշակմամբ պաստերիզացիա (ակնթարթային տաքացման մեթոդ, HTST)

Ակնթարթային տաքացումը կաթի պաստերիզացման պարզ մեթոդ է, որը մշակվել է այն ՄԻԱՎ վարակակիր մայրերի համար, որոնք իրենց երեխաներին կերակրելու այլընտրանք չունեն: Ակնթարթային պաստերիզացման դեպքում կաթը 15 վայրկյան տաքացվում է մինչև 72ºC (161.5ºF) ջերմաստիճան: Ապացուցվել է, որ ակնթարթային պաստերիզացումը ոչնչացնում է բակտերիաները և որոշ վտանգավոր վիրուսներ՝ ՄԻԱՎ, Ցիտոմեգալովիրուս, T-բջջային լեյկոզ, Հեպատիտ B և C:

Պաստերիզացման այս մեթոդը շատ տարածված է և կիրառվում է արդյունաբերության մեջ: Սակայն հարցը կայանում է նրանում, որ տնային պայմաններում այն դժվար է իրականացնել: Դժվար է կառավարել ջերմաստիճանը, ժամանակը և ջրի քանակը: Ջուրը եռում է 100ºC (212ºF) ծովի մակարդակում, սակայն ծովի մակարդակից այլ բարձրության դեպքում այն եռման այլ ջերմաստիճան ունի: Այսպիսով կաթի ջերմաստիճանը ևս կարող է տատանվել ըստ ծովի մակերևույթից բարձրության և մթոնոլորտային ճնշման: Բացի դրանից, ապացուցվել է, որ ՄԻԱՎԸ ոչնչանում է 57ºC/134.5ºF ջերմաստիճանում, սակայն այլ վիրուսների վրա կոնկրետ այս ջերմաստիճանի ազդեցությունը դեռևս ուսումնասիրված չէ:

Մեթոդի նկարագրությունը. 

  • Լցրեք կթած կաթը ջերմադիմացկուն բաժակի մեջ: Կաթի քանակը պետք է լինի 50-150 մլ: Եթե ձեզ անհրաժեշտ է ավելի շատ կաթ պաստերիզացնել, այն լցրեք մի քանի բաժակների մեջ:
  • Կաթով բաժակները դրեք ջրով լի փոքր ամանի մեջ: Համոզվեք, որ ջրի մակարդակը երկու մատ ավելի բարձր է, քան կաթի մակարդակը:
  • Ջուրը տաքացրեք շատ բարձր կրակի վրա, քանի դեռ կաթում չեն հայտնվել կաթի պղպճակներ (ջուրը պետք է ամբողջովին եռա):
  • Գազօջախից շատ հեռու մի գնացեք պաստերիզացման ողջ ընթացքում. այն ընդամնեը մի քանի րոպե է տևում: Չափից շատ տաքանալուց կաթի մեջ քայքայվում են կարևոր բաղադրիչներ:
  • Ջուրը եռալուց անմիջապես հետո կաթի բաժակները հանեք ջրի մեջից:
  • Բաժակները միանգամից դրեք սառը ջրի մեջ և թողեք, որ սառեն մինչև սենյակային ջերմաստիճանը: Սառելու ընթացքում բաժակները ծածկեք մաքուր ափսեով կամ կափարիչով:
  • Այս կաթը կարելի է օգտագործել պաստերիզացնելուց հետո վեց ժամի ընթացքում:

.

Ջերմամշակում անցած կրծքի կաթի սառեցումը 

Ջերմամշակում անցած սննդամթերքները ունեն այսպես կոչված «վտանգավոր տարածություն», որը 60-4ºC (140-39ºF) ջերմաստիճանն է: Այս ջերմաստիճանի դեպքում սննդամթերքում առավել ակտիվ են բազմանում բակտերիաները: Այս պատճառով շատ կարևոր է արագ սառացնել տաքացրած կաթը: Կաթը կարող եք սառեցնել սառցե ջրով լի ամանում. սա սառեցման ամենաարագ մեթոդն է: Կաթի քանակից կախված՝ խորհուրդ չի տրվում այն սառեցնել սառնարանում, քանի որ այն կսառի ոչ համաչափ և որոշ մասեր կարող են երկար տաք մնալ: Հիշեք՝ ոչ բոլոր ապակե ամաններն են ջերմա և սառցե դիմակայուն:

.

Ինչպես հալեցնել սառեցրած դոնորական կաթը

  • Եթե դուք երեխային դոնորական կրծքի կաթով եք կերակրում, ավելի հարմար է այն պահել 50-100 գրամանոց չափաբաժիններով, որպեսզի կաթի անիմաստ կորուստներ չլինեն:
  • Թարմ կրծքի կաթը կարող է բաժանվել սերուցքի և կաթի, այնպես որ այն անհրաժեշտ է զգուշորեն խառնել (ոչ թափահարելով) երեխային տալուց առաջ:
  • Սառեցրած կրծքի կաթը հալեցնելու ամենալավ մեթոդը այն սառնարան տեղափոխելն է: Սառնարանում կաթը հալում է մոտավորապես 12 ժամում: Եթե պետք է ավելի արագ հալեցնել, ապա կարող եք կաթի տոպրակը կամ շիշը պահել տաք (բայց ոչ շատ տաք) ջրի տակ կամ դնել ջրով ամանի մեջ՝ աստիճանաբար բարձրացնելով ջրի ջերմաստիճանը:
  • Անկախ նրանից, թե ինչպես եք տաքացրել կաթը, շշի պարունակությունը խառնեք կաթի ջերմաստիճանը ստուգելուց առաջ:
  • Երբեք մի՛ տաքացրեք կրծքի կաթը միկրոալիքային վառարանում կամ ուղիղ գազօջախի վրա, քանի որ դրանից կարող է փոխվել կաթի բաղադրությունը, իսկ կաթի որոշ մասեր կարող են չափից շատ տաքանալ և այրել երեխայի բերանը:
  • Կաթը հալեցնելուց հետո չի կարելի այն նորից սառեցնել կամ երկրորդ անգամ տաքացնել:

.

Ինչպե՞ս հաշվարկել, թե երեխային որքան դոնորական կրծքի կաթ է անհրաժեշտ

Առաջին հերթին կերակրող մայրը պետք է համոզվի, որ իր կաթը չի հերիքում և որ երեխային անհրաժեշտ է լրացուցիչ կաթ: Շատ հաճախ մայրերին թվում է, թե իրենց երեխան սոված է մնում, երբ իրականում երեխան ստանում է այնքան կաթ, որքան իրեն անհրաժեշտ է: Երեխայի վարքը, ուտելու հաճախականությունը, տրամադրությունը, կրծքերի լիքը լինելու կամ չլինելու զգացողությունը և շատ այլ նշաններ ստիպում են մայրերին եզրակացնել, որ իրենց երեխան սոված է մնում: Սակայն երեխայի կշտանալու կամ չկշտանալու միակ օբյեկտիվ ցուցանիշը երեխայի հավաքած քաշն է: Մի մտածեք երեխային լրացուցիչ կրծքի կաթ կամ արհեստական կաթնախառնուրդ տալու մասին, եթե երեխան նորմալ քաշ է հավաքում: Լրացուցիչ կաթ տալուց առաջ շատ ցանկալի է, որ իրավիճակը գնահատվի կրծքով կերակրելու խորհրդատուի կողմից, որը և կերակրող մորը կբացատրի, թե որքան լրացուցիչ կաթ է անհրաժեշտ երեխային և թե ինչպես ճիշտ կազմակերպել լրացուցիչ կաթ տալը, որպեսզի այն չազդի մոր կաթնարտադրության վրա և հետագայում հեշտ լինի ազատվել դրանից:

Փորձեք ինքներդ ևս սթափ գնահատել իրավիճակը. արդյո՞ք դուք կաթի խնդիր ուենք: Ձեզ դրանում կօգնեն մեր հետևյալ հոդվածները՝

  • Բավականեցնու՞մ է արդյոք կաթը իմ երեխային
  • Օգնեք: Երեկոյան երեխաս անհանգիստ է ու կաթս չի հերիքում
  • Դանդաղ արտահոսք
  • Կրծքերս դատարկ են թվում. արդյո՞ք կաթս քչացել է
  • Ւնչպե՞ս ավելացնել կաթը
  • Երեխաս սկսել է անդադար կուրծք պահանջել
  • Արդյո՞ք ես ունեմ բավարար քանակությամբ կաթ
  • Կրծքով կերակրելը և կտրուկ աճի օրերը

Եթե մոր կաթը օբյեկտիվորեն քիչ է և երեխայի հավաքած քաշը նորմայից ցածր է, ապա երեխային անհրաժեշտ է տալ լրացուցիչ կաթ: Առաջին հերթին պետք է հասկանալ, թե արդյոք հնարավոր է երեխային որպես լրացուցիչ կաթ տալ մոր կթած կաթը: Սա լրացուցիչ կաթի ամենալավ և ամենանավտանգ տարբերակն է, որը կօգնի նաև խթանել մոր կաթնարտադրությունը: Եթե մոր կթած կաթը չի հերիքում, ապա երկրորդ ցանկալի տարբերակը դոնորական կաթն է: Արհեստական կաթնախառնուրդը թող դիտարկվի որպես ամենավերջին տարբերակ:

Լրացուցիչ կաթի քանակը պետք է հաշվարկվի այնպես, որ դա լինի մոր կաթնարտադրության համար անվտանգ, իսկ երեխայի համար ՝ բավարար: Մանկաբույժները անհրաժեշտ լրացուցիչ կաթի քանակի հաշվարկի մի քանի մեթոդ ունեն, որոնցից հիմնականները կալորիականության և ծավալի վրա հիմնված մեթոդներն են: Այստեղ մենք կքննարկենք երեխայի օրական դիուրեզի վրա հիմնված լրացուցիչ կաթի քանակի հաշվարկման մեթոդը: Այս մեթոդը հարմար է հինգ օրականից մինչև վեց ամսական երեխաների (մինչև հավելյալ սնունդ սկսելը) լրացուցիչ կաթի քանակի հաշվարկի համար:

Տաս օրականից մինչև երկու ամսական դառնալը երեխայի մեզի ծավալը կազմում է 250-ից 450մլ, որը միջինում 300 մլ է: Երեխայի օրական մեզի ծավալը կազմում է իր խմած կրծքի կաթի 42-62 տոկոսը, այսինքն՝ միջինում 50 տոկոս: Այսիպիսով, որպեսզի երեխայի մեզի ծավալը լինի նվազագույնը 300մլ, նա պետք է ստանա 600 մլ կրծքի կաթ:

Միզապարկի ֆիզիոլոգիական ծավալը մինչև մեկ տարեկան կազմում է 20 – 40 մլ: Այսինքն, այդքան հավաքվելուց հետո, երեխան միզում է: Ստացվում է, որ 300 գրամ միզելու համար, երեխան միջինում պետք է միզի 10 անգամ: Հասկանալու համար, թե արդյոք երեխան այդքան միզում է, երեխային հագցնում են հասարակ տակաշորեր և ամեն միզելուց հետո փոխում են: Եթե երեխան 24 ժամում միզում է 10-12 անգամից քիչ, ապա անհրաժեշտ է ավելացնել կաթի քանակը՝ հաշվարկելով միջինում 50 մլ կաթ մեկ միզելու համար: Այսինքն, եթե երեխան միզում է ութ անգամ, ապա անհրաժեշտ է կաթի քանակը ավելացնել ամենաքիչը 100 մլ-ով:

Թաց/կեղտոտ և չոր տակդիրների տարբերության մեթոդն օգտագործելիս պետք է հաշվի առնել, որ մեզի քաշը հավասար չէ մեզի ծավալին, և պետք է թաց/կեղտոտ և չոր տակդիրների տարբերությունը բաժանել մեզի խտության վրա՝ 1,015-1,025:

Չափազանց կարևոր է հետևել երեխայի քաշի աճին և համոզվել, որ երեխան իր կյանքի առաջին չորս ամիսների ընթացքում շաբաթական հավաքում է նվազագույնը 125 գրամ: Հավաքած քաշը որպես ցուցանիշ շատ ավելի վստահելի ու կարևոր է, քան դիուրեզը, քանի որ կախված օրգանիզմից տարբեր երեխաների մոտ դիուրեզը կարող է տարբեր լինել:

Խնդրում ենք հիշել, որը երեխայի համար անհրաժեշտ կաթի քանակի մասին այս տեղեկատվությունը ուղղակի մեթոդի և խնդրի հետ ծանոթության համար է և չի կարող փոխարինել կրծքով կերակրման խորհրդատուի կամ այլ համապատասխան մասնագետի կարծիքին: Խորհուրդ ենք տալիս դոնորական կաթի քանակը որոշել միայն կրծքով կերակրելու խորհրդատուի հետ քննարկելով:

.

Ինչպե՞ս երեխային ճիշտ տալ դոնորական կաթը

 

donor-1Փոքրիկ բաժակով

Երեխային նստեցրեք ձեր ծնկներին՝ ուղղահայաց կամ կիսապառկած վիճակում: Մի ձեռքով պահեք երեխայի մեջքը և վիզը: Փոքրիկ բաժակը մոտեցրեք երեխայի շրթունքներին: Բաժակը թեքեք այնպես, որ կաթը գրեթե հասնի շրթունքներին: Փոքր քաշ ունեցող երեխան կսկսի կաթը ուտել լեզվով: Տարիքով և քաշով ավելի մեծ երեխան կսկսի ծծել կամ կումերով խմել՝ որոշակի քանակի կաթ թափելով: Մի լցրեք կաթը երեխայի բերանի մեջ: Ուղղակի մոտեցրեք բաժակը և երեխային հնարավորություն տվեք, որ նա ինքնուրույն խմի դրանից: Երբ երեխաները կշտանում են, նրանք փակում են բերանը և հրաժարվում են կաթից: Այն նորածինը, որը չի կշտացել, ավելի շատ կուտի հաջորդ կերակրման ժամանակ կամ ավելի հաճախ կուտի: Մի ստիպեք երեխային խմել որոշակի քանակության կաթ, թող ինքը որոշի, թե որքան է իրեն անհրաժեշտ:

Դիտե՛ք բաժակով կերակրելու մասին մեր տեսանյութն այստեղ՝ https://youtu.be/xU-a5wlUmXA

.

Գդալով

donor-2Երեխային նստեցրեք ձեր ծնկներին՝ ուղղահայաց կամ կիսապառկած վիճակում (300): Գդալի ¼-ը լցրեք կաթով: Գդալի ներքի հատվածով դիպչեք երեխայի ներքևի շրթունքին: Սպասեք, որ երեխան բացի բերանը, ապա գդալը մտցրեք լայն բացած բերանի մեջ: Գդալը դրեք բավական խորը՝ լեզվի վրա: Լցրեք կաթը, հանեք գդալը և սպասեք, որ երեխան կաթը կուլ տա: Երեխան ինքը լեզվով հետ կբրդի գդալը: Հանեք գդալը և նորից կաթ տվեք: Որոշ ժամանակ անց երեխան կսկսի ավելի վարժ ուտել գդալից:

 

.

donor-3Կերակրելու օժանդակ համակարգով (SNS)

Շատ կրծքով կերակրելու խորհրդատուներ խորհուրդ են տալիս հենց այս մեթոդով երեխաներին տալ դոնորական կաթը, քանի որ այն ապահովում է կրծքի հավելյալ ստիմուլյացիա, որով և խթանում է կաթնարտադրությունը կերակրել ցանկացող մոր մոտ: Այս մեթոդով կերակրելու մանրամասների մասին դիտեք մեր տեսանյութում (ներքևում): Կաթի հոսքը դանդաղեցնելու համար շշիկը իջեցրեք կրծքի մակարդակից ցածր. որքան ավելի ցածր է շշիկը, այնքան ավելի շատ ջանք պետք է գործադրի երեխան կաթ ստանալու համար: Կաթի հոսքը ուժեղացնելու համար բացեք ոչ աշխատանքային խողովակը՝ նախապես դրա ծայրը վերև բարձրացնելով: Արտահոսքի իմիտացիա անելու համար երբեմն փակեք աշխատանքային խողովակը:

Դիտե՛ք կերակրելու օժանդակ համակարգի մասին մեր տեսանյութն այստեղ՝ https://youtu.be/IozO4bz0QAQ

 

 

Աղբյուրները՝ 

http://milkmama.info/info/192/kak-razmorajivat-donorskoe-moloko.html

http://www.milkmama.info/info/93/donorskoe-grudnoe-moloko–chto-eto.html

http://www.milkmama.info/info/41/4-osnovnyh-principa-bezopasnogo-obmena-donorskim-grudnym-molokom.html

http://www.milkmama.info/info/74/pasterizaciya-grudnogo-moloka.html

http://milkmama.info/info/119/povtornoe-ispolzovanie-scejennogo-grudnogo-moloka.html

http://milkmama.info/info/45/kak-dokarmlivat-mladenca-donorskim-molokom-iz-lojki.html

http://milkmama.info/info/24/kak-dokarmlivat-donorskim-grudnym-molokom-iz-chashki.html

 

Կազմեց և թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը


1 thought on “Ամեն ինչ դոնորական կրծքի կաթի մասին”

Comments are closed.