Կրծքով կերակրելու սենյակ

Ինչպե՞ս ասել “ՈՉ” և մնալ դրական


«Ոչը» ուժ պարունակող բառ է` արագ, հեշտ արտասանվող: Ձեր երեխան այդ բառը կլսի հաճախ, և դուք նույնպես կլսեք այն ձեր երեխայից: Ծնողի համար անհրաժեշտ է «ոչ» ասել, որպեսզի հետագայում երեխան «ոչ» ասի ինքն իրեն: Բոլոր երեխաները, ինչպես նաև որոշ մեծեր բարդություն ունեն հաճույքի հետաձգման հետ: «Ես դա ուզում եմ հենց հիմա»-ն ուղղորդող ցանկություն է, հատկապես մանկահասակ երեխաների մոտ: Մեկ այլ մարդուց «ոչ»-ն ընդունել սովորելն ինքն իրեն «ոչ» ասելու առաջին քայլն է: Երեխաների (նաև մեծերի) համար խնդիրներ առաջացնողը իմպուլսիվ ռեակցիան է ցանկությանը, անհապաղ «այո»-ն՝ առանց ներքին զգայարաններով անց կացնելու համար ժամանակ տալու և մտածված անհրաժեշտ «ոչ»-ն ասելու: Սովորեք ինչպես դրական հաղորդագրություններով ասել ոչ՝ կիրառելով հետևյալ 18 ռազմավարությունները:

1.   Պահպանեք հավասարակշռություն

Չափից շատ «ոչ»-երն ու «այո»-ները վնասում են երեխայի ինքնակարգապահությանը: Կարեւոր է երեխայի շրջապատում հասնել «այո»-ի և «ոչ»-ի ճիշտ համադրության: Եթե դուք հազվադեպ եք ձեր երեխային ասում «ոչ», այն սակավ անգամներն էլ, երբ դուք ասում եք` նա կբողոքի, քանի որ սովոր չէ հիասթափվել: Եթե նրա ամբողջ օրը լի է «ոչ»-երով, երեխան հավատում է, որ աշխարհը բացասական տեղ է, և, մեծանալով, կվերածվի բացասական անձի: Իրական աշխարհը միշտ լի կլինի «այո»-ներով և «ոչ»-երով: Շատ տներում երեխաները արագ սովորում են թե ծնողներից ով այո և ով  ոչ կասի ավելի հավանականորեն: Նույնիսկ Տասը Պատվիրանները անել և չանել-ներ ունեն:

2.   Ոչ ասելն աճում է  երեխայի հետ

Ոչ ասելու արվեստը զարգանում է ձեր երեխայի հետ միասին: Առաջին տարվա ընթացքում երեխայի կարիքներն ու ցանկությունները նույնն են, այնպես որ դուք հիմնականում «այո» ծնող եք: Երկրորդ տարվա ընթացքում երեխայի պահանջմունքները միշտ չէ, որ անվտանգ են կամ առողջ, այնպես որ դուք դառնում եք «այո» եւ «ոչ» ծնող: Իննից տասնչորսերորդ ամիսների ընթացքում ոչ ասելը դեռևս հեշտ է: Մենք անվանում ենք դրանց «ցածր էներգիայի ոչ-եր»: Տասնչորսից մինչև տասնութերորդ ամիսների ընթացքում, երբ երեխաները գերակտիվ են դառնում, նրանք հեշտությամբ հիասթափվում են, և, ամենայն հավանականությամբ, կբողոքեն իրենց ցանկությանը հակառակվելու դեմ: Այստեղ է, երբ դուք կարիք ունեք բարձր էներգիայի ոչի և բազում ստեղծագործական այլընտրանքների: Տասնութ ամսեկանում ոչ ասելու ձևը կարող է ավելի չոր դառնալ: Ծնողները կարող են սկսել փոխանցել «կյանքն այդպիսին է, և ես համոզված եմ, որ դու կարող ես հաղթահարել դա» վերաբերմունքը: Երկու տարեկանում երեխաները փորձագետներ են ոչ ասելու գործում:

3.    Կիրառեք ստեղծագործական այլընտրանքներ՝ ոչը դրականորեն ասելու համար

Մի առավոտ մեր դուստր Լորենը, ով տասնութ ամսեկան էր և անցնում էր իմպուլսիվ փուլով, վազվզում էր տան շուրջը՝ մագլցելով և մտնելով ամեն ինչի մեջ: Նա վտանգում էր իրեն և աղտոտում էր տունը: Քսաներորդ «ոչ»-ից հետո երկուսս էլ հոգնել էինք լսել այդ բառը: Մեր երեխաներից մեկի սենյակի պատին ես նկատեցի մի պաստառ, որում մի կատվիկ էր պատկերված՝ ծառի կատարին վերջույթներով խրված: Վերնագիրն ասում էր. «Տեր, պաշտպանիր ինձ ինքս ինձնից»: Ես հասկացա, որ Լորենը կարիք ուներ փրկվելու իր իմպուլսիվությունից: Նա կարիք ուներ միջավայրի փոփոխության: Մենք անց կացրեցինք օրվա մնացած մասը դրսում: Զբոսայգիներն ու խաղահրապարակները մեզ տրամադրեցին տարածք և «այո» միջավայր՝ թափառելու և մագլցելու համար: Եթե գտնում եք ձեզ մեկուսացված հետաքրքրասեր փոքրիկի հետ, ով թռչկոտում է մի բանից մյուսը, իսկ դուք հետապնդում եք նրան ամբողջ տնով՝ ասելով «ոչ», փոփոխություն մտցրեք՝ ինչ-որ ավելի զվարճալի բան գտնելով: Գիրք վերցրեք, գնացեք դուրս, տեղավորվեք ապահով վայրում և թույլ տվեք նրան վազել:

Ինչքան քիչ են «ոչ»-երը, այնքան ձեր օրն ավելի լավ է անցնում:

4.   Սովորեցրեք ԿԱՆԳ ԱՌ նշանները

Նույնիսկ առաջին ամիսներին սովորեցրեք երեխային ճանաչել մարմնի լեզուն, որն արտահայտում է «Կանգ առ»: Ձեր երեխան պետք է ենթարկվի «Կանգ առ» մարմնի լեզվին «ոչ» բառը լսելուց շատ առաջ: Առաջին անգամ ձեր կուրծքը կծելիս ձեր դեմքին կպատկերվի «ախ» նշան; երբ ձեր երեխան ինչ-որ վտանգավոր բան անի, ձեր դեմքին տագնապ կգրանցվի: Ամենայն հավանականությամբ, դուք կստանաք լավ արդյունքներ ձեր կանգ առ-ի նշաններից, եթե ձեր երեխան արդեն ծանոթ է դրական մարմնի լեզվին, այնպես, որ ցանկացած փոփոխությունը ստիպում է նրան նստել եւ ուշադրություն դարձնել: Ձեր «ոչ»-երը կլինեն ավելի իմաստալից, երբ երեխան մի քիչ մեծանա: Ընդ որում ձեր երեխան տեսնում է բավականին շատ «այո» արտահայտող մարմնի լեզու՝ հպարտության և հավանության հայացքներ, հրճվանքի և հաճույքի ժեստեր, աչք-աչքի շփում, գրկախառնություններ, խուտուտ տալը և բռնկվող դեմք, որ ասում է «Ես քեզ սիրում եմ, դու հիասքանչ ես»:

Մենք նկատել ենք, որ ծնողների հետ կապվածություն ունեցող երեխաները հեշտությամբ են սովորում կարդալ ծնողների դեմքերն ու մարմնի լեզուն, քանի որ օրվա ընթացքում բազում ժամեր են ծախսում ձեռքերի վրա և դեմք-դեմքի շփումով: Բազմաթիվ դեմքը-դեմքին հպումները վաղ ամիսներին այն դարձնում են ավելի հեշտ՝ ամիսներ և տարիներ անց: Որոշ երեխաներ այնպես են ընկալում մարմնի լեզուն, որ դուք կարող եք հայտնել ձեր միտքը՝ առանց նույնիսկ մի բառ ասելու: Երկամյա մոր հետ կապված փոքրիկի արտահայտիչ շարժումներ կիրառող մայրը պատմում է. «Սովորաբար բավական է նայեմ նրան մի փոքր կնճռելով դեմքս, և նա դադարում է չարություն անել»:

5.   Սովորեցրեք “Կանգ առ” հնչյունները

Հաճախ ձեր տրամադրության կամ մարմնի լեզվի փոփոխությունը բավարար չէ իմպուլսիվ գործողություններն այլ ուղղությամբ ուղղորդելու համար: Բառերն անհրաժեշտ է ասել ոչ դրական ձևով: Երեխաները արագ սովորում են, թե որ կարգապահական բառերն են ավելի շատ ուժ պարունակում և ավելի արագ արձագանք պահանջում: Նաև երեխաներն արագ սովորում են, թե ձայնի որ տոնն է գործողություն նշանակում և որն է որոշ ազատություն տալիս: Զինեք ինքներդ ձեզ մի շարք «դադարացրու-այն-ինչ-անում-ես» հնչյուններով այնպես, որ կարողանաք ընտրել դրանցից մեկը՝ առիթին համապատասխան: Հարմարեցրեք ձայնի ինտենսիվությունը վարքի ծանրությանը: Պահեք իսկապես մեծ հնչյունները իսկական վտանգի համար:

6.   Աշխատեք «հայացքի» վրա

Դուք կարող եք սովորել, թե ինչպես պետք է ասել ոչ առանց բառերի:  Ես նկատել եմ, որ վարպետ կարգապահները կիրառում են չհավանելու հայացքը, որը դադարացնում է տվյալ վարքը, բայց պահպանում է երեխայի ինքնագնահատականը: Մարթան, ութ երեխաներին կարգապահություն սովորացնելուց հետո յուրացրել է այդ «հայացքը»: Գլուխը մի փոքր թեքված, հայացքը խորաթափանց, դեմքի ճիշտ արտահայտություն և ձայնի տոն, որ երեխային հաղորդում է «Ինձ դուր չի գալիս այն, ինչ դու անում ես, բայց ես դեռևս կապ եմ զգում քեզ հետ: Ես գիտեմ, որ դու ավելի լավ գիտես:» Հիշեք, որ ձեր աչքերը կհայտնեն, թե ինչ եք դուք իրականում մտածում և զգում: Եթե դուք զայրույթ կամ արհամարհանք եք զգում ձեր երեխայի հանդեպ, նա դա կկարդա ձեր աչքերում: Եթե ձեզնից մեկը կամ երկուսդ էլ զգում եք, որ դա տեղի է ունենում, ապա դուք պետք է ներողություն խնդրեք ձեր «հայացքի» պատճառով նրա անձի նկատմամբ կոշտ զգացմունքների համար: Համոզված եղեք, որ Կանգ առ նշանները և Կանգ առ հնչյունները դադարացնում են արարքը, այլ ոչ թե երեխայի ինքնագնահատականի աճը: Ձեր երեխան պետք է հասկանա, որ դուք հավանություն չեք տալիս ոչ թե իրեն, այլ  իր արարքին: Որպեսզի վստահ լինեք, որ դուք ճիշտ կերպ եք վարվում չհավանելու կարգապահական միջոցով, «տեսքը» հաջորդեք գրկախառնությամբ, ժպիտով կամ անկեղծ բացատրությամբ՝ «Ինձ դուր չի գալիս այն, ինչ դու անում ես, բայց ես սիրում եմ քեզ»:

7.   Ստեղծեք այլընտրանքային Ոչ-բառ

Անընդհատ «ոչ» ասելը բերում է այդ բառի ուժի կորցնելուն: Քանի որ Կանգ առ հնչյունները հիմնականում կիրառվում են պաշտպանելու համար, փորձեք կիրառել ավելի կոնկրետ բառեր, որոնք համապատասխանում են իրավիճակին: Քննարկենք այս օրինակը. Երբ երեխան փորձում է հասնել կատվի կեղտի տուփին, ձեր առաջին արձագանքն է ասել «ոչ», բայց  հաջորդեք դրան բացատրություն. «Կեղտոտ է, քեզ կհիվանդացնի»: Հաջորդ անգամ, երբ երեխան կմոտենա տուփին, (իսկ նա դա նորից կանի), «ոչ» ասելու փոխարեն ասեք «Կեղտոտ է, քեզ կհիվանդացնի»: Դա և ձեր դեմքի զզվանքի արտահայտությունը կօգնեն երեխային հասկանալ լավ արարքի ինչուն և ինչը, և կեղտի տուփը կկորցնի գրավչությունը: (Մենք ենթադրում ենք, որ աղբի տուփը պահվում է մի վայրում, որը հեռու է երեխայի ամենօրյա ակտիվության վայրերից: Աղբը, ավազի նման, անհաղթահարելի գրավիչ է երեխաների համար): Երեխաները սկսում են հասնել «ոչ-ոչ-ոչ» ասելուն մոտ վեց ամսվա ընթացքում:

Պատահմամբ մի օր երկամյա Լորենը թռչկոտալով եկավ մեր ուսումնասիրությանը՝ բռնած բերելով մի տոպրակ գետնանուշ: Նրանից գետնանուշը վերցնելու և «ոչ» ասելու փոխարեն (դրանք երեքից ցածր երեխաների համար մեր արգելված սննդի ցանկում են), Մարթան նայեց ուղիղ Լորենի աչքերի մեջ և հանգիստ ասաց. «Լորենի համար չէ»: Նրա ձայնի տոնը և մտահոգ հայացքը կանգնացրեցին Լորենի հնարքները: Մարթան բարձրացրեց Լորենին (ով դեռ բռնած էր գետնանուշը) և ուղեկցեց ճաշարան, որտեղ նրանք գտան անվտանգ խորտիկ: Կիրառելով մեր ստանդարտ «Լորենի համար չէ» արտահայտությունը, եւ տալով նրան անվտանգ այլընտրանք` նա ժամանակ չի ունենա հիստերիկայի մեջ ընկնելու համար, ինչին անշուշտ կբերեր «ոչը»: Ցանկացած ընտանիքում կլինեն  նյութեր, որոնք «փոքրիկի համար չեն»: Երբ դուք օգտագործում եք այս արտահայտությունը հանգիստ եւ հետեւողականորեն վաղ հասակից, դուք սովորում եք ինչպես ասել ոչ այնպես, որ երեխան հասկանա, որ դուք պաշտպանում եք նրան:

Ոչ ասելը երբեմն պահանջում է այլ բառեր բացի պարզապես ոչը: «Ոչն» այնքան հեշտ է ասել: Այն միտք չի պահանջում, ասելն ավտոմատ է, միևնույն ժամանակ նյարդացնող, ճնշող:  Ասելով «չի կարելի» դուք ավելի շատ եք հաղորդակցվում և կիրառում այն` մտածելով (այսինքն իրավիճակներում, երբ երեխան իսկապես չի կարող շարունակել): Դուք հարգում եք նրա միտքը մինչ դուք պաշտպանում եք նրա մարմինը: Մեր փորձից՝ երեխաներն արձագանքում են «դադարեցրու»-ին ավելի լավ, քան «ոչ»-ին: Այն գրավում է երեխայի ուշադրությունը և դադարեցնում է տվյալ վարքը այնքան երկար, որ դուք նոր գործողություններ պլանավորեք: «Դադարեցրու»-ն ավելի շատ պաշտպանիչ է, այլ ոչ թե պատժիչ: «Ոչ»-ը կամքի բախման է բերում, բայց նույնիսկ ուժեղ կամքով երեխաները սովորաբար կանգ կառնեն գնահատելու «դադարեցրու» պահանջը, ինչպես նրանք կանեին առջևում վտանգ զգալիս: Խելացի երեխաները հաճախ անտեսում են «ոչ»-ը, եթե նրանք դա լսել են հազար անգամ: Նույնիսկ «դադարեցրու»-ն կորցնում է իր պահանջի արժեքը, եթե չարաշահվում է:

8.   Ոչ ասելը պահանջում է «Ձայնի» կիրառում

Բացի «տեսքի» յուրացումը, պատրաստեք ձայնի հատուկ տոն՝ ձեր ասածը կատարված տեսնելու հատուկ դեպքերի համար: Կարգապահության փորձառուն մեզ հետ կիսվեց իր գաղտնիքով. «Ես հանգիստ մայրիկ եմ, բայց իմ երեխաները պարզապես իմ ձայնի տոնից հասկանում են, երբ անցնում են սահմանը: Մի օր մեր երկու տարեկանը չարություն էր անում և մեր չորս տարեկանն ասաց. «Անկարգություն մի արա, երբ նա այդպես է խոսում․․․»

9.   Տվեք դրական փոխարինողներ

Ոչ ասելը երբեմն պահանջում է ձեր բացասականը ներկայացնել դրականորեն: «Դու չես կարող վերցնել դանակը, բայց կարող ես վերցնել գնդակը»: Օգտագործեք համոզիչ արտահայտություն, որով կմատուցեք «կարող ես անել»-ը՝ մեղմելու «չես կարող անել»-ը: «Դու չես կարող քայլել փողոցով»-ը դուք ասում եք ձայնի «դա-փաստ-է» տոնով, հետո հանգիստ ավելացնում եք. «Դու կարող ես օգնել մայրիկին անցնել մայթով»: Յուրաքանչյուր մայրիկ ունի բազմաթիվ ստեղծագործական մոտեցումներ:

10. Խուսափեք տրամադրվածությունից

Եթե դուք երեխային ձեզ հետ տանում եք խաղալիքների խանութ նրա ընկերոջ համար ծննդյան օրվա նվեր գնելու` պիտի գիտակցեք, որ ձեզ համար բախման առիթ եք ստեղծում: Ամենայն հավանականությամբ, ձեր երեխան կցանկանա գնել խանութում եղած ամեն ինչ: Որպեսզի խուսափեք անխուսափելի «Ոչ, դու չես կարող ունենալ այդ խաղալիքը» արտահայտությունից, մինչև այդ խանութ գնալն ասեք նրան, որ գնում եք միայն ծննդյան նվեր գնելու համար, այլ ոչ թե իր համար խաղալիք գնելու, որպեսզի նա տրամադրվի խաղալիք չսպասելուն:

11.   «Ոչը» նաև երեխայի բառ է

Պատրաստվեք վերջում «ոչ» ստանալուն: Ձեր երկամյա փոքրիկը վազում է դուրս: Դուք խնդրում եք նրան վերադառնալ: Նա բացականչում է «ո՜չ»: Ձեր առաջին արձագանքը հավանաբար կլինի. «Այս փոքրիկ ճստիկը այդպես չպետք է խոսի իմ հետ: Ես ցույց կտամ նրան, թե ով է շեֆը…» (Մեր ընտանիքում անհարգալից լինելը իրական «ոչ-ոչ» է): Երկամյայի և այդ երկու տառանոց բառի հետևում եղածը հասկանալը կօգնի ձեզ ընդունել երեխայի այս նորմալ վարքագիծը: Մի ընդունեք «ոչը» անձնապես: «Ոչ» ասելը կարևոր է երեխայի զարգացման համար, ինչպես նաև նրա՝ որպես անհատի ինքնությունը հաստատելու համար: Սա անհնազանդություն կամ ձեր հեղինակության մերժում չի:  Որոշ ծնողներ զգում են, որ չեն կարող հանդուրժել որևէ «ոչ» իրենց երեխաներից, մտածելով, որ դա թույլ տալը կթուլացնի իրենց հեղինակությունը: Նրանք ընդհատում են ինքնակառավարման առաջացման կարևոր գործընթացը: Երեխաները պետք է փորձարկումներ անեն որտեղ մայրն է թողնում և իրենք են սկսում: Ծնողները կարող են սովորել հարգել անհատական ցանկությունները և միևնույն ժամանակ մնալ պատասխանատու և պահպանել սահմանները: Երբ ձեր երեխան մեծանում է, հասակակիցների հետ որոշակի իրավիճակներում (գողություն, խաբել, թմրանյութեր եւ այլն) լեզու գտնելու կարողությունը կախված կլինի նրա՝ ինչպես ոչ ասել սովորելու կարողությունից:   

Տասնութ ամսեկանում Լորենը կռահեց, որ «ոչը» նշանակում է, որ մենք ուզում ենք, որ նա դադարացնի այն, ինչ անում է: Մի օր նա ուրախությամբ խաղում էր խոհանոցի լվացարանի ջրի հետ: Տեսնելով, որ ես մոտենում եմ, և սպասելով, որ ես պիտի թույլ չտամ նրան խաղալ, բացականչեց «Ոչ, հայրիկ»: Լորենը նշել էր իր տարածությունը և նա եզրակացրել էր, որ ինքն իրավունք ունի դա անել: Նրա «ոչը» նշանակում էր, որ նա պաշտպանում էր իր տարածքը:

12.   Ինչպես ասել ոչ և մնալ զվարճալի

Մի երեկո ես (Մարթան) մտա հյուրասենյակ և տեսա, որ Մեթյուն և նրա ընկերը մի տեսանյութ են նայում, որն ավագ երեխաները վարձակալել և դիտել էին նախորդ օրը: (Ավելի ուշ ես իմացա, որ Մեթյուն դիտել էր այն նաև այդ ժամանակ): Ես մի պահ նայեցի տեսանյութը և հասկացա, որ պետք է խնդրեմ նրան անջատել: Բացի այդ, կեսօր էր և տղաները պիտի դրսում խաղալիս լինեին: Մի քանի րոպե կանգնած դիտելով ֆիլմը և պլանավորելով իմ գործողությունների ընթացքը` ես զգացի ֆիլմի հերոսի բնույթը և ոգեշնչման պոռթկումով որոշեցի կիրառել հումորը՝ ոչ ասելու համար: Անջատելով հեռուստացույցը՝ ես պտտվեցի կրունկներիս շուրջ և սկսեցի մի մոնոլոգ՝ կիրառելով հերոսի դեմքի արտահայտությունները, առոգանությունը և ձեռքերի շարժումները: Պետք է որ ես լավ նմանակելիս լինեի դերասանին, քանի որ երկու տղաներն էլ նստած ինձ էին նայում լայն բացված աչքերով, քանի որ չէին հավատում, որ իրենց մայրը կարող է հանպատրաստի խելահեղություն անի: Նրանք երկուսն էլ վեր թռան և վազեցին դեպի դուռը, քանի որ այդ հերոսի ձայնը նրանց ասաց ավելի լավ զբաղմունք գտնել: Նրանք շարունակում էին ծիծաղել:

13.   Անձնավորեք «Ոչը»

Մենք համոզված ենք, որ Լորենը կոչված է հասարակայնության հետ կապերով զբաղվելու համար: Նրա «Ոչ, հայրիկ»-ը նրա դիվանագիտական ուղին էր, թե ինչպես ոչ ասեր: Ավելացնելով «հայրիկ»՝ նա անձնավորում էր իր ուղերձը: Բռնապետական «ոչ» ասելու փոխարեն մենք ավելացնում ենք երեխայի անունը: Եթե դուք հակված եք գոռալու, անձնավորված հասցեավորումը թեթևացնում է ձայնը և հարգում է ունկնդրին: Որոշ ծնողներ շփոթում են երեխային հարգելը նրան հավասար իշխանություն տալու հետ, բայց սա իշխանության հարց չէ: Իշխանություն ունեցող անձը պետք է հարգի խնամքի տակ գտնվողին: Այս քննարկումը վերաբերում է ծնող լինելուն. այն ճիշտ է նաև այլ հարաբերություններում:

14.   Ունեցեք «Այո» օր

Ջիլը, հնգամյա Էնդրյուի մայրը, վստահեց ինձ. «Ինձ դուր չի գալիս այն, ինչ կատարվում է ինձ հետ: Ես ուզում եմ վայելել մայր լինելը, բայց մեր ամբողջ օրը ծախսվում է միմյանց հետ հակամարտության վրա: Էնդրյուն չի անում նույնիսկ իմ խնդրած պարզագույն բաները: Ես դառնում եմ նյարդայնացած մարդ, բայց ես ուզում եմ երջանիկ մայր լինել»: Ես նրան խորհուրդ տվեցի. «Էնդրյուին ճշգրիտ ասա, թե ինչ ես դու ուզում: Ասա, ‘ես ուզում եմ երջանիկ մայրիկ լինել, այլ ոչ թե նյարդայնացած’ (կամ հարցրու Էնդրյուին, ‘դու կուզեիր երջանիկ մայրիկ, թե՝ նյարդայնացած?’): Որպեսզի օգնենք ինձ լինել երջանիկ մայրիկ, մենք կունենանք «Այո» օրեր: Ամեն անգամ երբ ես խնդրում եմ ինչ-որ բան անել, դու ասում ես «Այո, մայրիկ», ես աղյուսակում այո կնշեմ: Օրվա վերջում, եթե այո-ները ոչ-երից շատ լինեն, դա այո օր կլինի, և մենք միասին ինչ-որ յուրահատուկ բան կանենք: (Կամ թող Էնդրյուն նշի այո-ներն իր աղյուսակում)»: Շուտով Էնդրյուն կգիտակցի, որ երջանիկ մայրիկն ավելի զվարճալի է, քան նյարդայնացած մայրիկը, ինչը նրան կմղի ունենալ ավելի շատ այո օրեր:

15.   Ինչպես ոչ ասել և լինել տակտով

Երբ դուք պետք է դադարացնեք արարքը, կարիք չկա կոպիտ լինել: Օրինակ, ձեր երեխան բացահայտում է, որ ժապավենի ցրիչ սարքը բաց է մնացել: Դա հրաշալի խաղալիք է: Նրա վրա հարձակվելու և ձեռքից խլելու փոխարեն, ստիպելով նրան խղճալի լացել, մինչ դուք վերցնում եք նրանից, դուք կարող եք մի քանի րոպե ծախսել այն երեխայի հետ ուսումնասիրելու վրա: Հետո դուք ժապավենին ասում եք «ցը-ցը» և տալիս եք նրան հետաքրքրաշարժ նյութի բավարար երկարությամբ մի կտոր, որպեսզի փոխհատուցեք այն, որ նա ամբողջը չի ստանում, մինչ դուք կառաջնորդենք նրան թերևս պակաս հետաքրքիր, բայց տարիքին համապատասխան զբաղմունքի:  

16.   Երբ դուք ասում եք ինչ-որ բան, նկատի ունեցեք դա

Հետևեք ձեր հրահանգներին: Ամիսներ շարունակ մենք ասում էինք Լորենին, որ քնելուց առաջ պատմություն լսելու համար նա պետք է ատամները մաքրի: Եվ մի քանի ամիս դա աշխատեց, երբեմն հեշտությամբ, երբեմն սիրաշահելով և ասելով. «լավ, ոչ մի պատմություն…», մի գիշեր նա որոշեց փորձել ինձ  (Մարթա): Ես նրա ծնոտների ձևից և ամուր փակված շուրթերից կարող եմ ասել, որ նա վերջնականապես «գուշակել է իմ բլեֆը»: Այնպես որ, առանց սիրաշահելու կամ հումորի հանգիստ ասացի. «լավ, ոչ մի պատմություն…»: Ես անջատեցի լույսը և տարա նրան անկողին: Նա հուզվեց մի փոքր, մինչ ես պառկեցի նրա կողքին, քանի որ նա հասկացավ, որ ես բլեֆ էի անում և այժմ լույսն անջատված էր – անշրջելի նշան, որ հաջորդ քայլը քնելու գնալն է: Դրանից հետո ատամների մաքրումը անպայման էր և պատմությունները վերականգնվեցին:

17.   Արդյոք դուք մայր եք, ով չի կարող ոչ ասել

Երեխաներին ամեն անհրաժեշտ  բան տալու մղումով որոշ ծնողներ ռիսկ են անում երեխաներին տալ այն ամենն, ինչ նրանք ուզում են: Այն մայրերը, ովքեր կիրառում են կապվածությամբ դաստիարակությունը, ռիսկ են անում դառնալ ամբողջությամբ «այո» մայրեր՝ ոչ ասելը իրենց դաստիարակության ոճին օտար ունենալով:   

Մայրերի համար կարևոր է հարմարավետ զգալ իր փոքրիկին «ոչ» ասել հենց ամենասկզբից: Իրականում, դա սկսվում է, երբ նա սովորեցնում է իր նորածնին ճիշտ բռնել կուրծքը: Դա մոր առաջին կարգապահական իրավիճակն է՝ ցույց տալ երեխային ինչպես ճիշտ բռնել կուրծքը, որպեսզի հա սնվի բավականաչափ և ինքն էլ խուսափի ցավոտ պտուկներից: Որոշ մարրեր չեն կարող դա անել: Նրանք վախենում են հատտատակամ լինել՝ վախենալով, որ երեխան կարող է լաց լինել: Նրանք ավելի շուտ թուլլ կտան երեխային դա սխալ անել և կհաշտվեն ցավի հետ: Նա վաղ կասի «ոչ»՝ երբ երեխան քաշում է մազերը կամ կծում է կուրծքը կերակրման ընթացքում: Ասելով կանգ առ քանի որ ցավում է, մայրը սկսում է սովորեցնել սահմանների: Լրջորեն ոչ ասել սովորելը գալիս է երեխայի քայլել սկսելու հետ: Բացի տառացի «ոչ» բառը, կան շփվելու բազմաթիվ եղանակներ, երբ ինչ-որ բան անվտանգ կամ տեղին չէ: Անկախ նրանից, նա կասի «դադարացրու դա», «ցած դիր դա», թե «անվտանգ չէ» կամ ֆիզիկապես վերահղում է երեխայի գործնեությունը, մայրը հետևողական և նուրբ է՝ վարքը վերահղելում և սահմաններ սովորացնելում: Ինչպիսին էլ լինի տերմինաբանությունը, «ոչը» բացասական երեւույթ չէ: Դա տալու ճանապարհ է և շատ ջանք է պահանջում: Մայրերը, ովքեր չեն կարող սովորել ինչպես ոչ ասել, մեծ խնդիր կունենան հետագայում: Նրանք դառնում են մայրեր, ովքեր, ինչպես մենք տեսնում ենք, իրենց մանկապարտեզի երեխաների կողմից քաշքշվում են տիկնիկների նման:   

Երբ մայրերը սկսում են ասել «ոչ» համապատասխան պահերին՝ վստահորեն, հաստատուն և սիրով, դա չի վախեցնում երեխային: Այն կարող է կնճռոտել նրան մի քանի րոպե, որովհետև նա չի սիրում լսել «կանգ առ» կամ «սպասիր» կամ որևէ այլ բառ, որը դուք կընտրեք:

18.   Երբ ձեր երեխան չի ընդունում ոչը

Երեխաները, հատկապես ուժեղ կամք ունեցողները, փորձում են ծնողներին կոտրել: Նրանք համոզված են, որ նրանք պետք է ունենան դա կամ նրանց աշխարհը կանգ կառնի: Նրանք ձանձրացնում և հոգին հանում են այնքան ժամանակ, մինչև դուք ասեք «այո»՝ ուղղակի դադարացնելու ձեր նյարդերի քայքայումը: Սա սխալ կարգապահություն է: Եթե, այնուամենայնիվ, ձեր երեխայի պահանջը ողջամիտ է թվում ուշադիր լսելուց հետո, պատրաստ եղեք բանակցել: Երբեմն դուք խելամիտ կգտնեք  փոխել ձեր կարծիքը «ոչ» ասելուց հետո: Մինչ դուք ցանկանում եք, որ ձեր երեխան հավատա, որ ձեր «ոչը» նշանակում է ոչ, դուք նաև ցանկանում եք, որ ձեր երեխան զգա, որ դուք ճկուն և մատչելի եք: Դա օգնում է պահել ձեր «ոչը»՝ քանի դեռ դուք չեք լսել ձեր երեխային: Եթե զգում եք, որ ձեր երեխան իրեն ոչ բնորոշ կերպով ճնշված կամ զայրացած է ձեր «ոչից», լսեք նրան: Միգուցե նա ինչ-որ կետ ունի, որը դուք հաշվի չեք առել, կամ նրա պահանջը իր համար ավելի մեծ նշանակություն ունի, քան դուք պատկերացնում եք: Բաց եղեք՝ վերանայելու ձեր որոշումը, եթե երաշխավորվում եք: Համոզվեք այնուամենայնիվ, որ նա գիտակցում է, որ դա իր «ցածրացնելու» մարտավարությունը չէ, որ բերեց ձեր որոշման փոխվելուն:

Մեր դուստր Էրինին կարծես վիճակված է դառնալ դատական իրավաբան. նա պաշտպանում է իր գործը տրամաբանությամբ և զգացմունքներով: Ի վերջո, մենք սովորեցինք, թե ինչպես ասենք ոչ առանց Էրինի ստեղծագործական համառությունը հուսահատեցնելու: Երբ Էրինը ձի ուզեց, մենք ասացինք «ոչ» (մենք արդեն իսկ չափազանց շատ խնամառուներ ունեինք): Էրինը համառեց: Փորձերով և սխալներով մենք սովորել ենք, որ երեխայի որևէ մեծ ցանկություն, անկախ նրանից, թե ինչքան ծիծաղելի է, արժանի է երեխայի տեսակետը լսելուն: Մենք ուշադիր և կարեկցանքով լսեցինք, երբ Էրինը ներկայացնում էր ձիու մասին իր ցանկությունը: Մենք հակադարձեցինք. «Էրին, մենք հասկանում ենք, թե ինչու ես դու ձի ուզում: Դու կարող ես զվարճանալ ձիավարելով և ձիուն խնամելով, և քո ընկերներից ոմանք ձի ունեն»: (Մենք ուզում էինք, որ Էրինը զգա, որ մենք հասկանում ենք իր տեսակետը): «Բայց մենք պետք է ասենք, որ մենք չենք փոխի մեր որոշումը: Հիմա եկեք նստենք և հանգիստ քննարկենք սա»: (Երեխային թույլ տալով իմանալ, որ նրա պահանջը բանակցման ենթակա չէ, ցրվում է նրա եռանդը և փրկում է ձեզ ցածրանալուց): «Դու դեռ պատրաստ չես ձի խնամել»: (Մենք թվարկեցինք այն պարտականությունները, որոնք գալիս են ձի ունենալուն զուգահեռ): «Երբ դու կավարտես դասերի ևս վեց ամիսները և ցույց կտաս մեզ, որ կարող ես պատասխանատու լինել ձիու համար, մենք կխոսենք այդ մասին»: Ինն ամիս անց Թուֆֆին ավելացավ մեր խնամառուների ցանկին: Էրինը ստացավ իր ձին և սովորեց կյանքում արժեքավոր որոշ դասեր. ինչպես հետաձգել իր հաճույքները, և որ արտոնությունների հետ պատասխանատվություններ ևս գալիս են:

Աղբյուրը` http://www.askdrsears.com/topics/parenting/discipline-behavior/how-to-say-no

Թարգմանեց Տաթև Քոչարյանը

Image by <a href=”https://www.freepik.com/free-photo/medium-shot-mother-girl-indoors_12552942.htm#query=positive%20parenting&position=25&from_view=search&track=ais”>Freepik</a>