Կրծքով կերակրելու սենյակ

Ի՞նչ ակնկալել առաջին շաբաթներին



ԱՌԱՋԻՆ ՇԱԲԱԹԸ

 Որքա՞ն հաճախ կերակրել

 Հաճախ կերակրելը խթանում է կաթի արտադրությունը և նվազեցնում է կրծքերի քարացումը (engorgement): Նպատակ դրեք օրվա ընթացքում (24 ժամ) կերակրել ամենաքիչը 10-12 անգամ: Հիշե՛ք՝ չափից հաճախ կերակրել չի լինում, լինում է չափից քիչ կերակրել:

 Կերակրեք սոված լինելու առաջին իսկ նշանների դեպքում: Մի սպասեք, որ երեխան սկսի լաց լինել: Թողեք երեխան ուտի այնքան երկար, քանի դեռ ակտիվ ծծում է, հետո առաջարկեք մյուս կուրծքը: Որոշ նորածիններ առաջին օրերին շատ քնկոտ են. արթնացրեք, եթե երեխան առանց ուտելու ցերեկը քնել է երկու ժամից, իսկ գիշերը՝ չորս ժամից երկար:

Արդյո՞ք երեխան բավարար չափով կաթ է ուտում

Քաշի ավելացում: Ծնվելուց հետո առաջին օրերին նորածինները միջինում կորցնում են իրենց քաշի 7%-ը: Երբ սկսում է «գալ» կաթը, նորածինների քաշը միջինում շաբաթական ավելանում է 170 գրամով: Նորածնին կշռեք առաջին շաբաթվա վերջում կամ երկրորդ շաբաթվա սկզբում: Եթե նա բավարար քաշ չի հավաքել, խորհրդակցեք երեխայի մանկաբույժի հետ:

Կեղտոտ տակդիրներ: Առաջին օրերին երեխաների կեղտոտ տակդիրների թիվը օրական մեկով ավելանում է (առաջին օրը մեկ տակդիր, երկրորդ օրը՝ երկու, երրորդ օրը՝ երեք): Չորրորդ օրվանից հետո երեխայի կալը դառնում է դեղին, իսկ երեխան սկսում է կեղտոտել օրական 3-4 անգամ: Շատ երեխաներ կեղտոտում են ամեն ուտելուց հետո կամ ավելի հաճախ: Դա նորմալ է: Կրծքով կերակրվող երեխայի կալը պետք է լինի թույլ (փափուկից մինչև ջրիկ) և կարող է սերմերի նման սպիտակ մասնիկներ պարունակել:

Թաց տակդիրներ: Առաջին օրերին թաց տակդիրների թիվը օրական ավելանում է մեկով: Կաթը գալուց հետո, օրական թաց տակդիրների թիվը պետք է լինի 5-6 և ավելի: Հասկանալու համար, թե որն է բավականաչափ թաց տակդիրը, 45մլ ջուր լցրեք մաքուր տակդիրի մեջ: Տակդիրի մեջ դրված անձեռոցիկի փոքր կտորը կօգնի հասկանալ տակդիրը թաց է, թե՝ ոչ:

 Կրծքով կերակրելը

Կաթը սկսում է «գալ» (խեժը դառնում է կաթ) ծննդաբերությունից 2-5-րդ օրը: Կրծքերի ծանրությունը (engorgement) մեղմելու համար կերակրեք հաճախ, բաց մի թողեք ոչ մի կերակրում (նույնիսկ գիշերը), համոզվեք, որ երեխան կուրծքը ճիշտ է բռնում և թողեք, որ երեխան վերջացնի մի կուրծքը մյուս կուրծքը առաջարկելուց առաջ: Կարող եք կերակրելուց հետո կրծքերին դնել սառը կոմպրես կամ կաղամբի տերևներ: Եթե կրծքերի ծանրության պատճառով երեխան կուրծք դժվարությամբ է բռնում, կուրծքը մերսեք՝ ձեռքը նուրբ շարժումներով պտուկից դեպի վերև ուղղությամբ տանելով, կամ մի քիչ կթեք, որ պտուկը փափկի: Փորձեք նորից կուրծք տալ:

Կապվեք ձեր բժշկի, բուժքրոջ կամ կերակրելու մասնագետի հետ, եթե՝

Չկան թաց կամ կեղտոտ տակդիրներ,

  • Ծնվելուց 3-րդ օրվանից հետո երեխայի մեզը մուգ գույնի է (պետք է լինի բաց դեղին կամ անգույն),

  • Ծնվելուց 4-րդ օրվանից հետո ունի մուգ գույնի կալ (պետք է լինի մանանեխի դեղնության, առանց մեկոնիումի),

  • Թաց և կեղտոտ տակդիրների թիվը ավելի քիչ է, քան վերևում նշել ենք, կամ երեխան  հազվադեպ է է կուրծք ուտում,

  • Ունեք մաստիտի նախանշաններ (չոր կուրծք և տաքություն, մրսածության նման կրծքի ցավ):

ԵՐԿՐՈՐԴԻՑ ՎԵՑԵՐՈՐԴ ՇԱԲԱԹՆԵՐԸ

Որքա՞ն հաճախ կերակրել

Առաջին շաբաթների ընթացքում հաճախ կրծքով կերակելը կարևոր է հետգայում շատ կաթ ունենալու համար: Նորածինների մեծ մասը օրական 8-12 անգամ ուտելու կարիք ունի: Նորից հիշեցնենք՝ չափից  հաճախ կերակրել չի լինում, վտանգավոր է չափից քիչ կերակրելը:

Շարունակեք կերակրել սոված լինելու առաջին իսկ նշանները նկատելիս: Թողեք երեխան կուրծք ուտի այնքան երկար, քանի դեռ ակտիվ ծծում է, հետո առաջարկեք մյուս կուրծքը: Երբ երեխան սկսում է լավ քաշ հավաքել, կարող եք այլևս չարթնացնել կերակրելու համար:

 Նորմալ է՝

  • Հաճախ և/կամ երկար կերակրելը,

  • Օրվա տարբեր ժամերին տարբեր ձևով ուտելը՝ կարճ, երկար, արագ, դանդաղ և այլն,

  • Կլաստեր կերակրումները՝ կարճ ընդմիջումներով կերակրումներից մինչև անընդհատ կերակրելը: Կլաստեր կերակրումը կարող է տևել մի քանի ժամ և սկսել երեկոյան ժամերին: Այն նաև կարող է համընկնել երեխայի «անհանգիստ ժամերի» հետ, որոնք նրանց մեծ մասը ունենում է կյանքի առաջին ամիսներին:

  • Կտրուկ աճի օրերը այն օրերն են, երբ  երեխաները մի քանի օր ուտում են ավելի հաճախ քան սովորաբար: Առաջին աճի թռիչքները լինում են ծնվելուց 7 – 10-րդ օրը, 2 – 3-րդ շաբաթում և  4 – 6 շաբաթում:

 Արդյո՞ք երեխան բավարար չափով կաթ է ուտում

Քաշի ավելացում: Երեխայի քաշի միջին շաբաթական աճը 170 գրամ է: Խորհրդակցեք մանկաբույժի և կերակրման մասնագետի հետ, եթե երեխան դրանից քիչ է հավաքում:

Կեղտոտ տակդիրներ: 4 – 6-րդ շաբաթից հետո միայ կուրծք ուտող երեխաները ավելի հազվադեպ են կեղտոտում, և կարող են կեղտոտել նույնիսկ 7-10 օրը մեկ: Եթե երեխան նորմալ քաշ է հավաքում, ապա անհանգստանալու կարիք չկա:

Թաց տակդիրներ: 6-րդ շաբաթից հետո, երեխան օրական կարող է ունենալ 4-5  թրջած տակդիր, սակայն մեզի քանակը պետք է ավելանա մինչև 60-90 մլ:

Կրծքով կերակրելը

Այս շրջանում որոշ մայրեր սկսում են անհագստանալ իրենց կաթի քանակի համար: Քանի դեռ երեխան նորմալ քաշ է հավաքում միայն մայրական կաթ ուտելով, կաթի քանակը լավն է: Քաշից բացի բավարար չափով կաթ ստանալու ցուցանիշն է կեղտոտ և թաց տակդիրների թիվը: Կարդացե՛ք  «Արդյո՞ք ես ունեմ բավարար քանակով կաթ» հոդվածը:

 Հեղինակ՝ Քելլի Բոնյատա

Աղբյուրը՝ http://kellymom.com/bf/normal/newborn-nursing/

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

Copyright © 04/12/2014 kellymom.com. Reprinted with permission from kellymom.com, which does not endorse any particular uses of this translated document. kellymom.com is not responsible for the completeness or the accuracy of the translation.