Կրծքով կերակրելու սենյակ

Կրծքի կաթնախտը կրծքով կերակրելու ժամանակ


 

Պտուկների շարունակական ցավը կրծքով կերակրելու առաջին շաբաթներին, կամ ցավը, որն առաջանում է անցավ կերակրելուց շաբաթներ կամ ամիսներ անց, կարող է պայմանավորված լինել կաթնախտով, որը պտուկների սնկային հիվանդությունն է։

Կաթնախտը ամենատարածված հիվանդություններից մեկն է: Ամենահայտնին հեշտոցի կանդիդոզն է (молочница), սակայն լինում են կաթնախտի այլ տեսակներ ևս: Կերակրող մայրերի մոտ պտուկների սնկային ինֆեկցիան շատ տարածված երևույթ է: Սակայն, ցավոք, ոչ բոլոր գինեկոլոգները, մանկաբույժներն ու վիրաբուժներն են կարողանում այն ճիշտ ախտորոշել:

Ուշադրությու՛ն. այս հոդվածը միայն տեղեկացված լինելու համար և իրենից բուժման ուղեցույց չի ներկայացնում: Եթե դուք կաթնախտ եք կասկածում, դիմեք նման հիվանդույթուն բուժելու փորձ ունեցող բժշկի:

Կաթնախտը առաջանում է Candida տեսակի սնկով ախտահարումից: Այս սնկերը ապրում են լորձաթաղանթի և մաշկի վրա: Հաճախ պտուկների սնկային հիվանդությունը ախտորոշում են տեսողականորեն և հիմնվելով կերակրող մոր նկարագրության վրա: Կարելի է ախտորոշել նաև քսուկի անալիզի օգնությամբ, սակայն այն միշտ չէ, որ տալիս է վստահելի արդյունքներ, հիմնականում՝ սխալ բացասական:

Ինչպես ախտորոշել կաթնախտ կերակրող մոր մոտ

  • Պտուկները կարող են լինել ուռած, թեփոտված, խոնավ և պատված փոքր բշտիկներով: Պտուկները սովորաբար լինում են վառ վարդագույն և ուժեղ քոր են գալիս:
  • Ուժեղ այրող ցավ պտուկների արտաքին մասում կամ կրծքի խորքում: Ցավը հիմնականում լինում է անմիջապես կերակրելուց հետո, սակայն կարող է լինել կերակրելու ընթացքում կամ երկու կերակրելու արանքում: Ի տարբերություն կաթնախտի՝ սխալ բռնելու դեպքում կրծքի ցավն անցնում է կերակրելն ավարտելուց հետո: Երբեմն սուր, “կրակող” ցավը սկսվում է պտուկից, անցնում է կրծքին և զգացվում է մեջքում կամ ձեռքում: Պտուկները չափազանց զգայուն են և հարվում են հագուստի հետ շփումից: Կարող է ցավոտ լինել ցնցուղ ընդունելը կամ ընդհանրապես կրծքերին դիպչելը: Մայրերը նման ցավը նկարագրում են որպես տաք ասեղների ծակոցներ:
  • Պտուկները կարող են նաև արտաքինից լռիվ նորմալ տեսք ունենալ, սակայն շատ ուժեղ ցավել: Նմանապես, երեխայի բերանը կարող է վարակված լինել, սակայն կաթնախտի արտաքին նշաններ չունենալ:
  • Մոր մոտ կարող է լինել հեշտոցային սնկային ինֆեկցիայի սրացում, եղունգների կամ բերանի անկյունների սնկային ինֆեկցիա:

Ինչպես ախտորոշել կաթնախտ երեխայի մոտ

  • Կաթնային սպիտակ հետքեր բերանի լորձաթաղանթի վրա՝ լնդերին, այտերին կամ լեզվին: Հետքերը կարող են լինել մարգարիտի գույնի և ունենալ կարմրավուն եզրեր: Ի տարբերություն կաթի մնացորդի հետքերի, եթե փորձեք մաքրել կաթնախտի սպիտակ հետքը, ապա տակի մասը կլինի կարմրավուն: Երեխան կարող է լինել անհանգիստ, կուրծք ծծելը՝ ցավոտ, որի պատճառով երեխան կարող է ուտելու ընթացքում հաճախ թողնել կուրծքը կամ ընդհանրապես հրաժարվել կրծքից: Սովորաբար, երեխայի բերանի կաթնախտը նրա համար նույնքան ցավոտ է, որքան մոր համար պտուկների կաթնախտը:
  • Հնարավոր է, որ երեխայի կաթնախտը ոչ մի տեսանելի նշաններ չունենա:
  • Կանդիդոզը կարող է նաև լինել երեխայի տակդիրի հատվածում՝ ցանի նման: Ցանը կարմիր է կամ վառ վարդագույն, երբեմն թեփոտում է: Կարող է նաև լինել փոքր կարմիր բշտիկների տեսքով: Ցանը կարող է կենտրոնացած լինել մարմնի մի որևէ մասում կամ տարածվել: Ընդունված մեթոդների՝ քսուկների, մանկական ցանափոշու կամ դեսիտինի կիրառումը այդ հատվածում օգուտ չի տա, այլ միայն ավելի կվատթարացնի վիճակը, քանի որ սնկերը էլ ավելի արագ են աճում վազելին կամ օսլա պարունակող միջավայրում:

Մոր և երեխայի մոտ կաթնախտի հնարավոր պատճառները

  1. Մայրն ընդունել է հակաբիոտիկներ: Հակաբիոտիկների օգտագործումը արագացնում է սնկերի բազմացումը: Փորձը ցույց է տալիս, որ կաթնախտը ավելի հաճախ է պատահում կեսարյան հատմամբ ծննդաբերած մայրերի մոտ:
  2. Հղիության ընթացքում մոր մոտ եղել է հեշտոցային սնկային ինֆեկցիա: Հղիների մոտ նման ինֆեկցիաները բավականին տարածված են, քանի որ էստրոգեն հորմոնի բարձր մակարդակը սովորաբար հանգեցնում է շաքարի մակարդակի բարձրացմանը, որով և սնվում են սնկերը:
  3. Մոր պտուկների ճաքերը երկար ժամանակ չեն բուժվում:
  4. Մայրն ընդունում է ստերոիդներ կամ հորմոնալ հակաբեղմնավորիչներ, նրա մոտ կա խրոնիկ շաքարախտ կամ անեմիա՝ սակավարյունություն:

Ինչպես է ազդում կաթնախտը կրծքով կերակրելու վրա

Կաթնարտադրություն նվազում է: Հիմնական պատճառը ցավի զգացումն է, որը նվազեցնում է կաթի արտահոսքը մոր մոտ: Կաթնախտ ունեցող երեխաները սովորաբար ավելի վատ են դատարկում մոր կրծքերը բերանի բորբոքման պատճառով: Կաթնախտի պատճառով մոր մոտ կարող են լինել նաև կաթնային ուղիների խցանումներ: Քանի որ սնկերը բազմանում են տաք և խոնավ միջավայրում, ապա ինֆեկցիան հեշտությամբ կարող է մորից անցնել երեխային և ընդհակառակը: Այս պատճառով հետազոտել և բուժել պետք է միաժամանակ և՛ մորը, և՛ երեխային, նույնիսկ այն դեպքերում, երբ նրանցից մեկի մոտ բացակայում են կաթնախտի նշանները: Եթե բուժվում է միայն մայրը կամ միայն երեխան, ապա հնարավոր է, որ նա բուժվելուց հետ նորից վարակվի կաթնախտով:

Սկսում ենք պայքարը. մոր 12 քայլերը

Կարևո՛ր է. նախքան կաթնախտը բուժել  սկսելը անհրաժեշտ է բացառել պտուկի ցավի մնացած բոլոր հնարավոր պատճառները: Պետք է ստուգել, թե արդյոք երեխան ճիշտ է բռնում կուրծքը, չկա մաստիտ, էկզեմա, հերպես, պսորիազ կամ քարաքոս (лишай): Նման դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել բժիշկի հետ: Որոշ դեպքերում բուժումը պետք է շարունակվի ախտանիշների անհետացումից հետո 2 շաբաթ ևս: Կաթնախտի բուժումն սկսելուց հետո հնարավոր է, որ մի քանի օր տպավորություն լինի, թե ախտանիախտանշաններն ավելի են սրվել, մինչև որ կզգաք բուժման արդյունքը:

  1. Կերակրեք ավելի հաճախ քան առաջ, բայց ավելի կարճ: Սկսեք կերակրել այն կրծքով, որը ավելի քիչ է բորբորքված: Եթե կերակրելը շատ ցավոտ է, ապա մինչև ցավի թուլանալը կարող եք ժամանակավոր կթել կրծքերը և երեխային կաթը տալ բաժակով կամ առանց ասեղի ներարկիչով:
  2. Կերակրելուց առաջ և հետո, զուգարան գնալուց հետո և երեխայի տակդիրը փոխելուց առաջ լվացեք ձեր ձեռքերը տաք ջրով և օճառով: Շատ հաճախ սնկերը ներթափանցում են բալիկի մեզի և կեղտի մեջ: Եթե օգտագործում եք կտորից տակաշորեր կամ կրծքի բազմանգամյա օգտագործման միջադիրներ, դրանք կարող են փոխանցել սնկերը ընդհանուր լվացվող իրերին:
  3. Օրական 3 կամ 4 անգամ կանաչ թեյ խմեք: Այն կօգնի ձեզ ազատել օրգանիզմը սնկերի ավելցուկից: Որոշ կանայք իրենց սննդակարգի մեջ ներառում են նաև ացիդոֆիլուսի հավելումներ (40 միլիոն տարր օրեկան):
  4. Ձեր սննդակարգից հանեք այնպիսի սննդամթերքներ, որոնք պարունակում են շաքար կամ խմորիչ՝ գարեջուր, գինի, գազավորված քաղցր ըմպելիքներ, հաց, քաղցրեղեն, խտացրած կաթ և այլն: Կարող եք օգտագործել լակտոբակտերիաներ և բիֆիդոբակտերիաներ պարունակող սնունդ, որը կօգնի բուժմանը: Հասարակ յոգուրտը բավարար չէ ինֆեկցիայի դեմ պայքարելու համար:
  5. Պտուկների բուժումը կարող եք սկսել սոդայաջրից. մեկ թեյի գդալ սոդան խառնեք մեկ բաժակ ջրի հետ և դրանով լվացեք պտուկները կերակրելուց հետո և որքան հնարավոր է հաճախ: Մեկ այլ միջոց է ամեն կերակրումից հետո պտուկները քացախի ջրային լուծույթով ցայելը (1 բաժակ ջրին մեկ ճաշի գդալ քացախ): Օգտագործեք նոր բամբակ ամեն հպվելուց և թարմացրեք լուծույթներն ամեն օր: Լվանալուց հետո կրծքերը բաց թողեք, որպեսզի օդը չորացնի մաշկը: Նման բուժումը կարող է բավարար չլինել:
  6. Օգտագործեք հակասնկային քսուկներ՝ նիստատինի քսուկ, կանդիդ կրեմ կամ Մոնիստատ, որը պարունակում է միկոնազոլ: Ձեր բժիշկը կարող է նշանակել նաև Նիզորալի նման հակասնկային քսուկ, որը պարունակում է կետոնազոլ: Չնայած երկար տարիներ Նիստատինը եղել է ամենատարածված հակասնկային միջոցը, մենք չենք կարող այն համարել կայուն ինֆեկցիայի բուժման լավագույն միջոցը:
  7. Եթե ցավը շատ ուժեղ է, մի քիչ քսուկ քսեք պտուկներին ամեն կերակրելուց հետո (24 ժամում 6-8 անգամ): Հետո նվազեցրեք մինչև օրական 3-4 անգամը: Կրեմը արագ է ներծծվում և կարիք չկա այն լվալ կերակրելուց առաջ: Եթե մի քիչ կրեմ է մնացել պտուկի վրա, ապա կարող եք կերակրելուց առաջ կուրծքը սրբել մաքուր խոնավ շորով:
  8. Եթե բորբորքումը շատ ուժեղ է, բացի հակասնկային քսուկից, օրական 2-3 անգամ պտուկներին կարող եք քսել սինտոմիցինի քսուկ՝ էմուլսիա, որը պարտադիր պետք է լվալ կերակրելուց առաջ:
  9. Խուսափեք կրծքի համար նախատեսված ներդիրներից: Եթե հնարավոր չէ խուսափել, փոխեք դրանք ամեն կերակրելուց: Տաք ջրով լվացեք բոլոր կրծկալները, կրծքի միջադիրներն ու գիշերանոցները (այն ամենը, ինչ հպման մեջ է պտուկների հետ), այնուհետև տաք չորացման ենթարկեք մեքենայի մեջ կամ արևին տվեք:Պտուկները պահեք չոր միջավայրում:
  10. Հրաժարվեք սինտետիկ ներքնազգեստից և զուգագուլպաներից, օգտագործեք բամբակյա ներքնազգեստ: Մի կրեք նեղ հագուստ, գուլպաներ կամ լողազգեստ:
  11. Եթե ունեք նաև հեշտոցային սնկային հիվանդություն (молочница), պարտադիր խորհրդակցեք ձեր գինեկոլոգի հետ: Հնարավոր է, որ նա նշանակի ոչ միայն տեղային, այլ նաև համակարգային/ընդհանուր բուժում (ֆյլուկոնազոլ – ֆլյուկոստատ, դիֆլյուկան և այլն):
  12. Եթե կթում եք, ապա պետք է կաթը միանգամից տալ երեխային, այլ ոչ թե պահել կամ սառացնել, քանի որ սառացնելը չի սպանում բոլոր սնկերը: Հակասնկային միջոցներ օգտագործել սկսելուց 24 – 48 ժամ հետո պետք է զգաք որոշակի թեթևություն: Երբեմն թեթևություն զգացվում է հենց առաջին օգտագործումից հետո: Շարունակեք բուժումը 48 ժամ: Եթե դրանից հետո թեթևություն չեք զգում, ապա փորձեք այլ հակասնկային միջոցներ: Երբեմն պտուկների սնկային ինֆեկցիան տեղային բուժման չի ենթարկվում: Եթե ձեր բուժումը արդյունավետ չէ, ապա պետք է դիմել բժշկի համակարգային/ընդհանուր բուժում ստանալու համար: Հակասնկային միջոցներից ամենահեշտը Դիֆլյուկանով բուժումն է, որի դեպքում անցակալի կողմնակի ազդեցություններ շատ հազվադեպ են լինում: Դիֆլյուկանը բավական թանկ միջոց է:

Ինչպես օգնել երեխային

  1. Երեխայի բերանի կաթնախտի բուժման համար օգտագործվում են նիստատինի կաթիլներ կամ կանդիդ լուծույթ: Կարևոր է ամեն կերակրելուց հետո մաքրել կաթի մնացորդը երեխայի բերանից, քանի որ կաթը լավ միջավայր է սնկերի բազմացման համար: Երեխայի բերանը մաքրեք նրան բաժակից մի կում ջուր խմեցնելով կամ բերանը սրբելով խոնավ մաքուր կտորով: Օրական 2-3 անգամ 8-10 կաթիլ կանդիդ լուծույթ կաթեցրեք մառլյայի վրա, փաթաթեք այն ձեր մատին և սրբեք երեխայի բերանի լորձաթաղանթը: Երեխան նման բուժում պետք է ստանա առնվազն 10 օր: Եթե զգում եք, որ նիստատինի կաթիլները կամ կանդիդ լուծույթը չեն բուժում երեխայի բերանի փառը, ապա քննարկեք ձեր բժիշկի հետ երեխային մանկական չափաբաժնով Դիֆլյուկան կամ անալոգ տալու նպատակահարմարությունը: 1995 թվականի նոյեմբերին վեց ամսական և ավելի մեծ երեխաների դեպքում Դիֆլյուկանի մանկաբուժական նպատակներով օգտագործումը հավանության է արժանացել: Այն նաև ունի մեկ օրական նորածինների համար անվտանգ չափաբաժին: Ուշադրություն. Նատրիումի տետրոբորատը (тетраборат натрия – бура в глицерине) արգելված է Եվրոպայում թունավոր ազդեցության պատճառով:
  2. Ամեն օր 20 րոպե եռացրեք ցանկացած իր, որը կարող է հայտվել երեխայի բերանում՝ ծծակ և դրանց կափարիչները, կրկնապտուկ, խաղալիքներ և այլն: Եռացող ջրի մեջ ավելացրեք մի քիչ քացախ կամ սոդա:
  3. Եթե երեխայի մոտ կաթնախտ է առաջացել տակդիրի հատվածում, դիմեք մանկաբույժի: Շատ հաճախ այն քսուկը, որը մայրն օգտագործում է պտուկները բուժելու համար, կարելի է քսել նաև երեխային:
  4. Մաշկի լուրջ խնդիրների դեպքում ցանկալի է դիմել մաշկաբանի:
  5. Երեխայի մարմինը, հատկապես տակդիրի հատվածը, թողեք օդին որքան հնարավոր է հաճախ և երկար: Ամեն անգամ տակդիրը փոխելիս այդ հատվածը լվացեք տաք ջրով: Լավ չորացրեք մաշկը:
  6. Բուժման ընթացքում մի՛ օգտագործեք մանկական թաց անձեռոցիկներ, քանի որ դրանք խոնավություն են թողնում երեխայի մաշկի վրա և կարող են նաև գրգռել մաշկը:

Երբեք մի՛ հանձնվեք

Սնկային ինֆեկցիան կարող է շատ համառ լինել, և երբեմն երկար ժամանակ է պահանջվում այն լռիվ բուժելու համար: Հնարավոր է, որ որոշ կանայք ավելի հակված լինեն նման ինֆեկցիաներ ունենալուն, քան մյուսները: Շատ կարևոր է ուշադիր լինել նաև բուժվելուց հետո, ինֆեկցիայի կրկնումից խուսափելու համար: Մեր ամենալավ մաղթանքը մայրերին հետևյալն է. եղե՛ք համառ: Կրծքով կերակրելու ժամանակ կաթնախտը կարող է ուժեղ ցավի պատճառ դառնալ, և դուք նույնիսկ կարող եք սկսել մտածել կերակրելը դադարեցնելու մասին: Հիշե՛ք, որ նույնիսկ եթե դուք դադարեցնեք կերակրելը, միևնույն է պետք է բուժեք կրծքերը և երեխային: Կերակրելը դադարեցնելը ձեզ այս խնդրից չի ազատելու: Իսկ եթե շարունակեք կրծքով կերակրումը, ապա բուժվելուց հետո ձեր երեխային կկարողանաք տալ լավագույնը:

Նյութը պատրաստված է www.akev.ru և www.llli.org կայքերի ներքոհիշյալ հոդվածների հիման վրա

Աղբյուրները՝ http://www.akev.ru/content/view/423/151/; http://www.breastfeeding-basics.com/html/candida.html ; https://www.llli.org/faq/thrush.html

Թարգմանեցին՝ Քրիստինե Բարսեղյանը և Ինեսսա Մուրադյանը

 

<a href=”https://www.freepik.com/free-photo/closeup-newborn-baby-girl-falls-asleep-her-mothers-arms_21995515.htm#query=oral%20thrush%20baby&position=19&from_view=search&track=ais”>Image by pvproductions</a> on Freepik