Կրծքով կերակրելու սենյակ

Հնարավո՞ր է կերակրել կեսարյանից հետո


Այո, իհարկե հնարավոր է կերակրել կեսարյանից հետո: Նույնիսկ եթե կեսարյան չեք պլանավորել, մի փոքր նախապատրաստվեք չպլանավորված կեսարյանի: Նախապատրաստված լինելը կօգնի հանգիստ և առանց խնդիրների ծննդաբերել, որը իր հերթին կնպաստի հեշտ կրծքով կերակրելուն:

Երբեմն օգտակար է “ծննդաբերության ծրագիր” կազմելը: Ծրագրում նկարագրեք, թե ինչպես եք պատկերացնում ծննդաբերությունը կամ դրան հաջորդող ծննդատանը անցկացրած մի քանի օրը: Ծննդատան աշխատողները, ձեր բուժքույրը կամ կրծքով կերակրելու մասնագետը կարող են ձեզ օգնել իրականացնել այդ ծրագիրը: Եթե կազմել եք “ծննդաբերության ծրագիր”, ցույց տվեք այն ձեր բժիշկին և տարեք ձեզ հետ ծննդատուն:

Ծննդաբերելուն պատրաստվելիս հարցրեք ձեր բժիշկին, թե ինչպիսի ցավազրկող դեղեր կան և որ դեպքերում են դրանք նշանակվում: Եթե գիտեք, որ կեսարյան եք ունենալու, ընդհանուր ցավազրկման փոխարեն ընտրեք էպիդուրալ ցավազրկումը: Այն ձեզ մասամբ արթուն կպահի, և դուք ի վիճակի կլինեք կերակրել ծննդաբերելուց անմիջապես հետո՝ հենց ծննդարանում:

Կարող է այնպես ստացվել, որ ձեր ամուսնու, դուլայի կամ բուժքրոջ օգնության կարիքն ունենաք: Կեսարյանից հետո ներերակայինը, կտրվածքի տեղը կամ բժշկական սարքավորումները կարող են սահմանափակել ձեր շարժվելու հնարավորությունը, և ստիպված լինեք մեջքի վրա պառկած կերակրել: Ինչ որ մեկը ձեզ պետք է օգնի և բարձեր դնի ձեր մեջքին ինչպես նաև օգնի երեխային կրծքի մոտ հարմարեցնել, կամ նույնիսկ օգնի պահել երեխային կերակրելու դիրքում:

Երեխայի ծնվելուց մի քանի ժամ հետո դուք հավելյալ օգնության կարիք կունենաք հատկապես եթե կեսարյանով եք ունեցել: Ճշտեք արդյոք երեխայի հայրը կամ մեկ ուրիշը կարող է մնալ ձեր և երեխայի հետ նույն սենյակում և օգնել բարձրացնել երեխային, փոխել կերակրելու դիրքը, փոխել տակդիրները և այլն: Ինքներդ կզարմանաք, թե որքան արագ ոտքի կկանգնեք կեսարյանից հետո, սակայն որոշ ժամանակ դժվարությամբ կշարժվեք: Մի նեղվեք ինչ որ մեկից օգնություն խնդրելուց, քանի որ ճիշտ կերակրել սկսելը կհեշտացնի կերակրելը հետագայում և կօգնի խուսափել կրծքերի կոշտությունից:

Սովորաբար այն դեղերը, որոնք խմելու եք կեսարյանից հետո (հակաբիոտիկներ և ցավազրկողներ), համատեղելի են կրծքով կերակրելու հետ: Երբ ձեր կաթը սկսի գալ, դուք արդեն ցավազրկողների կարիք չեք ունենա: Կարող եք հրաժարվել ցավազրկողներից, եթե զգում եք, որ կդիմանաք ցավին: Հարցրեք ձեր բժիշկին, թե արդյոք կարող եք այնպիսի ցավազրկողներ օգտագործել, որոնք հասարակ գլխացավի դեպքում կընդունեիք: Խմեք այնքան ցավազրկող, որքան անհրաժեշտ է լավ զգալու համար: Դա կարևոր է երեխայի հետ հանգիստ ժամանակ անցկացնելու և հաճախ և արդյունավետ կերակրելու համար:

Կերակրելու ճիշտ դիրք ընտրելը ևս կարող է խնդիր լինել: Շատ բարձեր ունենալը և դրանք տարբեր ձևով հարմարեցնելը կարող են օգնել թե ձեր, թե երեխայի դիրքը ֆիքսելու համար: Գլանաձև փաթաթված սրբիչները ևս հարմար են: Համբերատար տարբեր դիրքեր փորձեք և գտեք ամենահարմարը:

Աղբյուրը՝ La Leche League International

Թարգմանված է՝ https://www.llli.org/faq/cesarean.html

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը