Կրծքով կերակրելու սենյակ

Երբ ռիթմին տեղեկացված լինելը կարող է հաղթահարել խոչընդոտներ…


Կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում կրծքով էքսկլուզիվ կերակրման առավելությունները ճանաչված են բոլորի կողմից և Համաշխարհային Առողջության Կազմակերպության խորհուրդներից են: Սակայն, որոշ դեպքերում, որոնց առջև մայրերը  և բուժաշխատողները իրենց անզոր են զգում, դրդում են մայրերին երեխաներին արհեստական կաթ առաջարկել: Այդ դեպքերից են` հաճախակի լացող երեխան, որը անբավարարված է թվում, հաճախակի կերակրումները, քիչ կաթ ունենալու զգացողությունը, քիչ քաշ հավաքելը, երեխայի լացը, մայրիկի հոգնածությունը անհանգստությունը և այլն…

Կրծքով սնվող երեխայի ֆիզիոլոգիական ռիթմի մասին մայրերին տեղեկացնելը կարող է նրանց օգնել պահպանել բացառիկ կրծքով կերակրումը երեխայի աճի տարբեր փուլերում: Չնայած բոլոր երեխաները տարբեր են, սակայն որոշակի ռիթմ կարելի է նկատել կրծքով սնվող երեխաների մոտ:

.

Առաջին երեք օրերը

Ծնվելուց անմիջապես հետո երեխան մոտ 2 ժամ արթուն է մնում: Այս ընթացքում նրա կարողությունները շատ բարձր են, բայց դրան հետևող 24 ժամվա ընթացքում երեխան լինում է քնկոտ: Բացառությամբ հիպոթերմիայի իրավիճակի՝ առաջին 48 ժամվա ընթացքում չկա հիպոգլիսեմիայի ռիսկ, եթե երեխան ծնվել է ժամանակին և առողջ է:

2րդ օրվա ընթացքում գալիս է մի պահ, երբ երեխան անդադար կուրծք է պահանջում: Այս պահվածքը կարող է տևել օրվա մեջ մի քանի ժամ և  հաճախ կաթի գալուց առաջ է լինում: Մայրերի երկու գլխավոր անհանգստությունները այս պահին կաթի քչությունն է և վախ այսպիսի ռիթմին երկար ժամանակ հետևել չկարողանալուց: Սակայն այն մայրերը, որոնց զգուշացրել էին այս իրավիճակի մասին ավելի հանգիստ են պատասխանում երեխայի այս պահանջին իմանալով, որ այն նորմալ է և ժամանակավոր:

:

Երեխայի ռիթմը հետո…

Տարիներ շարունակ ընդունված էր, որ նորածինը պետք է ուտի 3 ժամը մեկ: Արդեն մի քանի տարի է ինչ մայրերին խորհուրդ է տրվում կերակրել երեխային ըստ պահանջի: Սակայն, որոշ մայրեր դժգոհում են, որ երեխան անընդհատ ուտում է կամ որ նա շփոթում է գիշերը ցերեկվա հետ: Երբ հարցնում ենք մայրերին, շատ հաճախ նրանք նկարագրում են հետևյալ դեպքը` երեխան քնում է առավոտյան և ուտում է բավականին երկար ընդմիջումներով, բայց շատ է լացում երեկոյան և անընդհատ ուտել է ցանկանում  և այս պահին մայրը մտածում է, որ կաթը չի հերիքում: Այս իրավիճակը շատ հաճախ վերջանում է երեկոյան երեխային կաթնախառնուրդ առաջարկելով:

Սակայն, այն, ինչ նկարագրում են այս մայրերը, հանդիսանում է կերակրելու ֆիզիոլոգիկան ռիթմը,  որը օրվա ընթացքում կանոնավոր հեռավորությունների  բաժանված չէ: Առաջին հերթին, կերակրումները կարող են երկու անգամ ավելի  հաճախ լինել ցերեկվա ժամը 2ից մինչև գիշերվա 2ը հատկապես կյանքի առաջին 6 շաբաթների ընթացքում: Սա իրականություն է, որին նորաթուխ ծնողները պատրաստ չեն:  Սակայն, սա բնական ֆենոմեն է, այլ ոչ թե երեխայի շփոթվելը: Գիշերային կերակրումները հատկապես կարևոր են առաջին շաբաթների ընթացքում, քանի որ դրանցով է պայմանավորված հետագայում շատ կաթ ունենալու հավանականությունը:

Առավոտյան կաթը լինում է շատ առատ (120-150 մլ), և երեխան, համեմատած այլ ժամերի հետ, հազվադեպ կարող է ուտել (2-5 ժամը մեկ): Օրվա առաջ գնալու հետ, կերակրումների միջև ինտերվալները կրճատվում են և միառժամանակ երեխան ավելի առույգ է դառնում: Ամենից հաճախ ժամը 14ից գիշերվա 2ը,  երեխայի մոտ լինում է “խմբակային ուտելու” դրվագը: Այն բնութագրվում է 2-3 ժամվա ընթացքում հաճախակի ուտելով և ամեն անգամ երեխան ուտում է փոքր ծավալով կաթ (մեկ կումից մինչև 40 մլ), սակայն պետք է հաշվի առնել, որ դա ավելի յուղոտ կաթն է: Մայրերը նկատում են, որ օրվա վերջում կրծքերը այլևս լցված չեն:

Խմբակային կերակրումները բնորոշ են կրծքով սնվող երեխաներին և դրանք կարելի է համարել ֆիզիոլոգիական: Սակայն, հաճախ 2 կուրծքը տալուց հետո մայրը մտածում է, որ կաթի պակաս ունի, եթե երեխան շարունակում է նորից կուրծք պահանջել: Այս պահերին մայրը կարող է կաթնախառնուրդ տալ կամ օրորել երեխային հանգստացնելու համար, փոխանակ տա երեխային այն, ինչի կարիքը նա ունի` մայրիկի կաթն իր բաղադրությամբ և օրվա այդ ժամին հատուկ քանակով:

Երբ մայրը հասկանում է, որ սա ուղղակի օրվա ռիթմ է, որ նորմալ երևույթ է, այլ ոչ թե կերակրելու խնդիր և որ նրա կաթի արտադրությունը անհանգստության պատճառ չէ, նա սովորաբար նորից վստահություն է ձեռք բերում իր կերակրելու ունակության մեջ:

Մայրիկին բացատրելը, որ կաթը արտադրվում է շարունակ, որ ինչքան հաճախ է ուտում երեխան, այնքան ավելի արագ է լինում կաթի արտադրությունը, և նրան առաջարկել կրծքերը փոխաբերաբար առաջարկել այս դրվագի ժամանակ և ուշադրությունը ուղղել օրվա մյուս պահերին երեխայի հանգիստ լինելու վրա, հաճախ հերիքում է պահպանել կրծքով կերակրոմը մայրերի մոտ, որոնց երեխաները բավարար քաշ են հավաքում:

Մեկ այլ կարևոր մասնիկ է կտրուկ աճի օրերը, որոնք տեևում են մի քանի օր և նկատվում են սովորաբար 3, 6 շաբաթականում, 3 ամսականում, բայց նաև երեխայի զարգացման որևէ փուլից առաջ կամ ընթացքում` ատամ հանել, քայել, հիվանդ լինել: Նույնպես, կտրուկ աճի օրեր կարող են նկատվել ինչ որ ընտանեկան իրադարձություն ժամանակ` արձակուրդ, տեղափոխվել մեկ այլ տուն և այլն: Դրանք բնութագրվում են կերակրելու ռիթմի կտրուկ փոփոխմամբ: Կերակրումները դառնում են հաճախակի, անկանոն և տարածվում են 24 ժամվա ընթացքում: Փորձը ցույց է տալիս, որ այս պահվածքին պատասխանելու ամենալավ տարբերակը դա կրծքով կերակրելն է ըստ երեխայի պահանջի` փոխելով կրծքերը սովորականից ավելի հաճախ: Այստեղ նույնպես, նախօրոք իմանալը որ կտրուկ աճի օրերը նորմալ են և ժամանակավոր, օգնում է մայրերին համբերատար սպասելմ որ այս օրերը անցնեն  և չանհանգստանալմ որ հանկարծակի նրանց կաթը խիստ պակասեց:

.

Ե՞րբ պետք է զգոն լինել

Որոշ սիտուացիաներ, սակայն, ֆիզիոլոգիական նորմա չեն և պետք է դրանց մասին խոսել մանկաբույժի կամ կրծքով կերակրման խորհրդատուի հետ:

Երեխան, որը շատ է քնում և չի պահանջում ուտել: Սա հատկապես վերաբերում է ժամանակից շուտ, քիչ քաշով, կեսարյանով կամ էպիդյուրալ անզգայացումով ծնված երեխաներին: Երբ երախան սովածանում է, նա իր ուտելու ցանկությունը ցույց է տալիս տարբեր տեսակի ազդակներով: Առաջին փուլում երեխան սկսում  է երեսը թեքել աջ ու ձախ, բերանը բացելով՝ իբրև կուրծք ման գա: Սովորեցնել կանանց ճանաչել ուտելու ցանկության առաջին ազդակները շատ կարևոր է: Խնդիրը նրանում է, որ շատ մամաներ սպասում են, որ երեխան լացի կերակրելու համար: Սակայն երեխայի լացը սովածություն արտահայտելու վերջին փուլն է: Որոշ նորածիններ չափազանց քնկոտ են և չեն հասնում այս վերջին փուլին, հատկապես առաջին օրերին, ինչի հետևանքավ կարող են քիչ ուտել, քիչ քաշ հավաքել և սխալ խորհուրդների հետևանքով անցնել կաթնախառնուրդի համարելով, որ մաման կաթ չունի: Ահա թե ինչու է կարևոր, որ մայրերը ճանաչեն երեխաների սոված լինելու նշանները և կերակրեն առաջին իսկ նշանները տեսնելուց հետո:

Երեխան որը լացում է, բայց անմիջապես քնում է կրծքի մոտ: Սա կարող է լինել երեխա, որը զգայուն է, կամ վաղաժամ է ծնվել, որը արձագանքում է ուժեղ գրգռմանը` բարձր ձայներ, ֆիզիկական շփում և այլն: Սա նույնպես կարող է լինել, եթե կուրծք առաջարկելը ուշ է լինում: Երբ երեխան լացում է, նա այլևս ունակ չէ կուրծքը ճիշտ բռնելու, նա շատ անկզմակերպ է իր պահվածքի մեջ և կուրծք ուտելու փոխարեն, քնում է: Այս երեխաների դպքում պետք է քչացնել գրգռիչները և ավելի հաճախ կերակրել:

Երեխան որը անըդհատ ուզում է ուտել 24 ժամվա ընթացքում, առանց ժամանակ առ ժամանակ հանդարտ քնելու կամ երեխան, որը ունի խմբակային ուտելու պահանջ երեկոյան ինչպես նաև առավոտյան: Առաջին 3 օրերից և կտրուկ աճի օրերից դուրս, որոնց ընթացքում անընդհատ ուտելը  նորմալ է, շատ անգամ սա քիչ կաթ ստանալու հետևանքն է, որը հաստատվում է երեխայի քիչ քաշ հավաքելով, հազվադեպ միզելով և կղանք անելով: Քանի որ հաճախականությունը այստեղ պատճառ հանդիսանալ չի կարող, ուրեմն խնդիրը կաթի անցնելն է մորից երեխային: Այս դեպքում կարող է օգնել կրծքով կերակրելու մասնագետը, որը կուսումնասիրի երեխայի կուրծք բռնելը, կառաջարկի մորը անընդհատ կաթը կթել, որպեսզի կաթի քանակը բարձր մնա և երեխային կթած կաթ տալ (ոչ շշով), մինչ երեխայի կուրծք բռնելը կարգավորվի:

Մեկ այլ կլասիկ դրվագը օրվա ընթացքում կուրծք ուտելու անդադար ցանկություն ունենալու լինում է, երբ երեխան ստանում է միայն առաջնային կաթը: Կաթի ուժեղ արտահոսքը, չափազանց շատ կաթը, սխալ կերակրելը (ամեն կրծքի մոտ տևողության սահմանափակելը 10 րոպեի…) կարող են ունենալ որպես հետևանք միայն առաջնային կաթի խմելը երեխայի կողմից: Երեխան այսպիսով երբեք կշտացած լինելու զգացողություն չունի, որը առաջանում է հետին յուղոտ կաթը խմելուց հետո: Առաջնային և հետին կաթի անհավասարակշռությունը կարող է երեխայի մոտ փորացավ առաջացնել՝ լակտոզի չափազանց շատ քանակի պատճառով: Կանաչ և փրփրոտ կղանքը, որը ասես պայթյունով դուրս գա, հաստատում է, որ խնդիրը չափազանց շատ առաջնային կաթն է: Որոշ դեպքերում, երբ ուժեղ արտահոսքի, կամ շատ կաթի խնդիր չկա, մոր կողմից կաթնամթերք չուտելը կարող է օգնել երեխային:

Եվս մեկ ուրիշ դեպք, երբ երեխան արթնանում է հենց իրեն պառկացնում են իր անկողնու մեջ և նորից է ցանկանում կուրծք ուտել քնելու համար:  Այս երեխայի հաճախ կաթ ուտելու ցանկությունը ոչ թե քիչ կաթ ունենալու խնդիր է, այլ արտացոլում է երեխայի պահանջը ֆիզիկական հպման կամ գրկվելու, հատկապես քնելու համար, կամ պարզապես նրա ռեակցիան է կուրծքը ուտելուց հետո չափազանց շուտ անկողին պառկացնելու կամ պառկած դիրքի անհարմար լինելու հանդեպ: Այս դեպքում մայրը կարող է սպասել քնեցնելուց հետո 20 րոպե, երբ երեխան մտնի խորը քնի մեջ, երեխային պառկացնելու համար կամ կրի երեխային սլինգում օրվա մեջ մի քանի ժամ, ինչը նրան թույլ կտա համատեղել քնած երեխան ուրիշ գործողության հետ:

Հակառակը, երեխան որը կուրծք է ուտում 24 ժամվա մեջ 4-5 անգամ առանց որևէ խմբակային ուտելու դրվագի, պետք է անհանգստացնի և՛ մորը, և՛ մանկաբույժին: Որոշ երեխաներ նորմալ քաշ են հավաքում քիչ  հաճախանությամբ ուտելով, սակայն սա հազվադեպ է լինում:

Եթե քաշը բավարար չէ, կամ քաշի կորի մեջ անկում կա, պետք է ստուգել արդյոք երեխան ծծում է իր բութ մատը կամ ծծակը օրվա մեջ մի քանի ժամ: Երբ ծծելու կարիքը բավարարվում է բութ մատով կամ ծծակով, մայրը հաճախակի սկսում է կուրծքը առաջարկել ավելի հազվադեպ, սպասելով, որ երեխան լացի կուրծք առաջարկելու համար և չհասկանալով, որ շարունակ ծծելու ցանկությունը պետք է կուրծքը բավարարի: Այս դեպքում երեխան այլևս չի ստանում նրան անհրաժեշտ կաթի քանակը: Սա հատկապես պատահում է, երբ մայրերին սխալ խորհուրդ են տալիս անցնել օրվա ընթացքում  4-5 կերակուրի, ինչը չի համապատասխանում կրծքով սնվելու ֆիզիոլոգիային: Իրականում երեխաները պահպանում են կրծքից ուտելի հաճախականությունը նույնիսկ երբ մեծանում են, ուղղակի կրծքից ուտելու տևողությունը կարող է կրճատվել, քանի որ երեխան ավելի լավ է ծծում: Բոլոր կրծքից ոտելու առիթները, լինի դա սովի համար, թե քնելու, կամ ուղղակի անհանգիստ երեխային հանգստացնելու նպատակով, մնում են շատ սննդարար երեխայի համար: Եթե նրանք անհետանան, և փոխարինվեն բութ մատով կամ ծծակով, երեխայի աճը կարող է զգալիորեն դանդաղել:

Վերջին կետը` երեխաների 2/3ը 1-6 ամսականում գիշերը ուտում են 1-3 անգամ: Այն, որ այդ տարիքի երեխան պետք է գիշերը արդեն քնի, չի համապատասխանում իրականությանը:

.

Վերջաբան

Կարելի է ասել, որ մի քանի գործոն է պետք ուսումնասիրել, երբ մայրը անհանգստանում է կրծքով կերակրելու համար: Ռիթմը, երեխայի պահվածքը, երեխայի աճը հաշվի առնելը չափազանց կարևոր են կրծքով կերակրման հաջողության համար, որը մեծ առավելություն է թե՛ երեխաների, թե՛ նրանց ծնողների համար:

Թարգմանեց Լիանա Ղազարյանը, խմբագրեց Արուսիկ Դադիյանը

Աղբյուրը` http://www.lllfrance.org/1624-da-80-quand-la-connaissance-des-rythmes-peut-lever-des-obstacles

Image by <a href=”https://www.freepik.com/free-photo/interior-kids-room-decoration-with-toys_18269815.htm#query=clock%20nursery&position=2&from_view=search&track=ais”>Freepik</a>