Ես կերակրելիս հաճույք չեմ ստանում


Որոշ մայրիկներ կրծքով կերակրելիս կարող են ունենալ տհաճության, հակակրանքի և անհանգստության զգացողություն։ Նման բացասական զգացողություն ունենալը հաճախ կարող է զուգորդվել կպչուն մտքերով: Այս զգացողությունը անսպասելի է սկսվում և գրեթե միշտ անցանկալի է, քանի որ շատ մայրեր ցանկանում են շարունակել կրծքով կերակրելը: Նրանք կարող են զգալ.

  • Զայրույթ
  • Անհանգստության
  • Զզվանք / ինքնազզվանք
  • Դյուրագրգռություն
  • Բարկություն
  • Մաշկի քոր
  • Ամոթ և մեղավորություն (սովորաբար բացասական զգացողություններին հաջորդող)

Հայտնի է, որ նորաթուխ մայրիկների մոտ լինում են կպչուն մտքեր։ Կրծքով կերակրելիս հաճույք չստացող մայրիկների դեպքում այդ կպչուն մտքերը հաճախ առնչվում են հենց կրծքով կերակրման գործընթացի հետ.

  • «Ուզում եմ մի տեղ փախչել, որպեսզի չկերակրեմ փոքրիկին»։
  • «Ճնշող ցանկություն ունեմ կրծքով կերակրումը դադարեցնելու»։
  • «Ինձ թակարդում եմ զգում»։
  • «Կարծես բանտարկյալ լինեմ»։
  • «Ուզում եմ կսմթել երեխային, որ դադարի կուրծքը ծծել»։
  • «Չեմ ցանկանում, որ ինձ դիպչեն»։

Այս զգացողություններն անհետանում են, երբ մայրը նորածնին հեռացնում է կրծքից և դադարեցնում կերակրելը:

Կրծքով կերակրելիս հաճույք չստանալը կարող է լինել տարբեր աստիճանների և տարբեր տևողությամբ, յուրաքանչյուր մոր համար անհատական, քանի որ զգացողության առաջացումը և ուժգնությունն անկանխատեսելի են: Այնուամենայնիվ, հակակրանքի արտահայտումը կամ դրսևորումը հաճախ նման է լինում տարբեր մայրերի մոտ, և իրենք օգտագործում են նույն արտահայտություններն իրենց զգացմունքներն ու մտքերն արտահայտելու համար:

 

Մեղքի և ամոթի զգացում

Մայրերն ամոթի և մեղքի մեծ զգացում են ունենում այս բացասական զգացմունքների և կպչուն մտքերի պատճառով: Շատերը ոչ ոքի չեն ասում և պայքարում են ներքին բախման հետ` կրծքով կերակրելու ցանկություն և տհաճություն բուն գործընթացի ժամանակ։ Որոշ մայրեր ստիպված են լինում երեխային կրծքից կտրել, եթե տհաճության զգացողությունը երկարատև է, շատ ուժեղ, կամ էլ եթե չգիտեն, թե դա ինչ է: Սա նաև կարող է մեղքի զգացում առաջացնել մոր մոտ, քանի որ թե՛ մայրը, թե՛ նորածինը պատրաստ չէին կրծքով կերակրումը դադարեցնել:

 

Սա նո՞ւյնն է ինչ կաթի արտահոսքի տհաճության ռեֆլեքսը

Կրծքով կերակրելիս բացասական զգացմունքներ ունենալու առումով՝ այո: Սակայն կերակրելիս տհաճության զգացողություն ունեցող մայրերն ունենում են երեխային անհապաղ կրծքից հեռացնելու ճնշող ցանկություն, քանի որ այդ տհաճության զգացողությունը չի հանդարտվում, քանի դեռ չի դադարել կրծքով կերակրումը: Ի տարբերություն սրան, կաթի արտահոսքի տհաճության ռեֆլեքսը տեղի է ունենում միայն կերակրման սկզբում և կարճ ժամանակ անց անհետանում է։ Զգացողությունները նույնպես ընդհանուր առմամբ տարբեր են. զայրույթն ու անհանգստությունը նույնը չեն, ինչ վախը, հուսահատությունը կամ տխրությունը․ չնայած այս զգացողությունները որոշ մայրերի մոտ կարող են հատվել: Նրանք կարող են միաժամանակ զգալ ինչպես կաթի արտահոսքի տհաճության ռեֆլեքսը, այնպես էլ՝ հաճույք չստանալ կրծքով կերակրման ամբողջ ընթացքից, բայց դրանք տարբեր երևույթներ են: Կաթի արտահոսքի տհաճության ռեֆլեքսի մասին կարդացեք այստեղ։

 

Ո՞րն է կրծքով կերակրելիս հաճույք չստանալու պատճառը

Ակնհայտորեն այս թեմայի վերաբերյալ հետազոտությունները շատ քիչ են. չկան հետազոտական աշխատանքներ, որոնք ուսումնասիրում են, թե ինչն է առաջացնում այդպիսի տհաճություն կրծքով կերակրելիս: Գոյություն ունեն մի քանի գիտական աշխատանքներ և գրքեր, որոնք պարզապես նշում են, որ նման երևույթ գոյություն ունի: 2016 թվականին կանանց մի խումբ մասնակցել է հարցման, որի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կրծքով կերակրումը կարող է առաջացնել բացասական հույզեր, այդ թվում նաև տհաճություն, որոնք արտացոլվում են նորածնի վրա։ Հիլարի Ֆլաուերի «Տանդեմային կերակրման արկածները» աշխատությունում հեղինակն անդրադառնում է հիմնականում այն կանանց, ովքեր հղի են կամ միաժամանակ կերակրում են երկու և ավել երեխայի և անհանգստության զգացողություն ունեն երեխաներին կերակրելիս: Մեկ այլ հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հարցմանը մասնակցած 694 կանայք, որոնց մեջ եղել են հղիներ, միայն մեկ կամ մի քանի երեխա կերակրող մայրեր, նույն կերպ են նկարագրել կերակրելիս տհաճության զգացողությունը: Ստորև ներկայացված են կերակրելիս տհաճություն զգալու հնարավոր պատճառները՝ հիմք ընդունելով ծնողավարության և կրծքով կերակրմանն առնչվող հրատարակված մի շարք աշխատություններ․

Հորմոններ

Որոշ մայրեր կապում են տհաճությամբ կերակրելու փորձառությունը դաշտանային ցիկլի և օվուլյացիայի հետ և կարողանում են հաղթահարել այդ զգացողությունները ամսվա մեջ մի քանի օր՝ հասկանալով կրկնվելու օրինաչափությունը և իմանալով, որ այդ զգացողություններն անցողիկ են: Սա ցույց է տալիս, որ որոշ կանանց համար պատճառը կարող է հորմոնալ լինել․ մի բան, որը թերևս նման է նախադաշտանային կամ հետդաշտանային սթրեսի: Հավանաբար, դա հորմոնալ պատճառներ ունի նաև այն կանանց մոտ, ովքեր հղիության ընթացքում են ունենում կրծքի դյուրագրգռության շրջան, քանի որ մարմինը փոխվում է, կրծքի և պտուկի զգայունությունը մեծանում է, և կնոջ մարմինը պատրաստվում է դիմակայել և՛ հղիությանը, և՛ կրծքով կերակրմանը: Որոշ կանանց մոտ հնարավոր է, որ կերակրելիս տհաճություն զգալը իրենց օրգանիզմի կողմից հուշում լինի դադարեցնելու կրծքով կերակրումը:

Կրծքով կերակրման դինամիկան

Շատ կանայք գրում են, որ սկսում են տհաճությամբ կերակրել, երբ իրենց նորածինը մեծանում է, սակայն ըստ պահանջի կերակրումները դեռ շարունակվում են: Դա կարող է ունենալ մի շարք պատճառներ, այդ թվում` իրենց երեխային մերժել չկարողանալը կամ որոշակի սահմաններ գծելու դժվարությունը, կամ այն ​​փաստը, որ երեխայի գոյատևման համար ավելի քիչ է անհրաժեշտ կրծքի կաթը, բայց նա դեռ շատ հաճախ է կրծքով կերակրվում, հատկապես գիշերը: Մոր և երեխայի միջև կրծքով կերակրման հարաբերությունները կարևոր դեր ունեն կերակրման փորձառության մեջ, քանի որ եթե մայրերը անիրատեսական ակնկալիքներ ունեն մանկական քնի վերաբերյալ սոցիալական կամ մշակութային ճնշումների ազդեցություն ներքո կամ նորածնի կաթի միակ աղբյուրն են, ապա կարող են ճնշման և սթրեսի ենթարկվել: Հավանական է, որ այդ սթրեսը կարող է դրսևորվել կրծքով կերակրելիս և ազդել մայր-երեխա փախհարաբերությունների վրա՝ հատկապես հաշվի առնելով կորտիզոլ հորմոնը։

Քնի պակասը և ինքն իր մասին հոգ տանելը

Քնի պակասը կարող է ազդել բոլորիս վրա շատ առումներով, ինչպես օրինակ՝ առաջացնելով քրոնիկ հիվանդություններ և նույնիսկ դեպրեսիա: Սա լավ փաստագրված է: Ուսումնասիրությանը մասնակցած մայրերը հաճախ նշում են իրենց պատասխաններում, որ ունեն քնի պակաս և պատմում՝ որքան դժվար է եղել իրենց համար այդ վիճակում շարունակել կրծքով կերակրելը ըստ պահանջի, հատկապես գիշերը: Սա այն կարևոր գործոնն է, որի դեպքում շատ մայրեր ունեցել են կերակրման ժամանակ տհաճության զգացողություն, և որը հաճախ զուգորդվել է ոչ պատշաճ կերպով սնվելու և ոչ բավարար քանակությամբ հեղուկ օգտագործելու հետ:

Խթաններ

Քնի պակասը կամ սեփական անձի մասին հոգ տանելու համար ժամանակ չունենալը, ինչպես նաև կերակրվելիս նորածնի այս ու այն կողմ թափահարող ձեռքերը, մոր պտուկի հետ խաղալը, քաշելը, պտտելը, հաճախ խթանում են կրծքով կերակրելիս տհաճության զգացողությունը։ Շատ մայրեր նշում են, որ տհաճություն զգալու նախապայմաններից են անցանկալի հպումները: Սա տեղի է ունենում, երբ մայրը ստիպված է լինում անդադար ֆիզիկական շփման մեջ լինել նորածնի հետ՝ չկարողանալով առանձին ժամանակ հատկացնել ինքն իրեն: Սա հատուկ է այն մայրերին, ովքեր միաժամանակ կերակրում են երկու կամ ավել երեխայի կամ շատ պահանջկոտ երեխաների:

 

Կրծքով կերակրելիս տհաճության զգացողություն ունենալու վերաբերյալ չկան բավարար հետազոտություններ, որպեսզի պարզ դառնա, թե քանի կրծքով կերակրող կին է դա զգում, ինչու է այն ազդում որոշ կանանց վրա, իսկ մյուսների վրա՝ ոչ, և ինչ կարող են անել կանայք այդ բացասական հույզերից ազատվելու համար: Կա վարկած, ըստ որի գիտակցության շեղումը, որոշակի հավելումների ընդունումը, և այլ մայրերի աջակցությունը կարող է օգնել նվազեցնել նման չտհաճ զգացողությունները կամ որոշ չափով կառավարել դրանք մինչև դրանք կթուլանան:

 

Հեղինակ՝ Zainab Yate (MSc)

Աղբյուրը՝ https://kellymom.com/bf/concerns/mother/breastfeeding-nursing-aversion-agitation-baa/ 

Թարգմանիչ՝ Տաթև Գյուրջյան